Նոյեմբերի 22, 2024

Կաղարծիի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է

By Վիկտորյա Սարգսյան Հունիսի 05, 2022

Նոր ուսումնական տարում Կաղարծի համայնքի միջնակարգ դպրոցն  իր աշակերտներին կընդունի նոր ու հարմարավետ պայմաններում։ Պատերազմի ընթացքում վնասված դպրոցն այսօր մեզ դիմավորել է ավելի գեղեցիկ տեսքով։ «Հայ կրթական հիմնարկության» ջանքերով վերանորոգվել է վնասված մեկ դասասենյակը, ամբողջովին փոխվել են դռներն ու պատուհանները, կառուցվել է նոր սանհանգույց։ Դպրոցի տնօրեն Լյուդմիլա Հայրապետյանի խոսքով՝ շինարարական աշխատանքները շարունակվել են ամբողջ ուսումնական տարվա ընթացքում։  

«Արկը ընկել է դպրոցի մի դասարանի վրա, դասարանը լրիվությամբ վնասվել է՝ գույքի հետ միասին։ Կապվել ենք «Հայ կրթական հիմնարկության հետ» և իրենք ստանձնել են այդ մասի վերնորոգման պատրաստակամությունը։ Մեկ տարվա ընթացքում հասցրել են նորոգել՝ սանհանգույցի հետ միասին»։

 Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրենը նշեց, որ վերջերս բարելավվել է նաև դպրոցի տեխնիկական հագեցվածությունը, իսկ վնասված դասասենյակը դեռ գույք չունի։  

«Վերջերս համակարգիչներ ենք ստացել, բայց լավ կլինի, որ մի քանիսն էլ լինեն։ Կարմիր խաչի կողմից պրոեկտոր ենք ստացել, աշակերնտների միջոցառումները ավելի հագեցված են լինում։ Հիմնական պրոբլեմն այն է, որ աշակերտների քանակն է քիչ»։ 

Կաղարծիի միջնակարգ դպրոց հաճախում է 41 աշակերտ: Նրանցից 11-ը տեղահանված ընտանիքներից են՝ Շուշիից, Հադրութի շրջանից և Ջիվանիից։ Այս տարի դպրոցը 3 շրջանավարտ ունի: Նոր ուսումնական տարում առաջին դասարան կհաճախի 5 աշակերտ։ Դպրոցում դասավանդում  է  16 ուսուցիչ: Այստեղ  ֆիզիկիայի, քիմիայի և կենսաբանության մասնագետների կարիք  կա։ Համագործակցում են «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ: Աննա Արսենյանը Կաղարծիի միջնակարգ դպրոցում անգլերեն  է  դասավանդում: Ծննդով Կապանից է: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի շրջանակներում մինչ պատերազմը դասավանդում էր Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղում։  Հարցին՝ ինչպե՞ս են իրեն ընդունել Կաղարծիում՝ ժպտում է ու  մի փոքր ակեղծանում։ 

«Անկեղծ կլինեմ։ Սկզբից հյուրին միշտ լավ են ընդունում, հետո փորձում են ճանաչել։ Հույս ունեմ գնալով ավելի կընդունեն։ Ընթացքում միշտ էլ խոչնդոտներ լինում են, բայց դա էլ նորմալ է»։

Արցախ գալ  Աննան վաղուց էր  ցանկանում: Ծանոթանալով «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի հետ՝ ցանկալին ու օգտակարը համատեղեց։ Ուզում եմ, որ Արցախում միշտ խաղաղություն լինի և աշակերտները կարողանան խաղաղ երկնքի տակ որակյալ գիտելիքներ ստանալ՝ ասում է։ Աննան աշակերտների հետ արդեն ընկերացել է։ Հույս ունի,որ այդ ընկերությունը իր լավ պտուղները կտա։

Artsakh Public Radio
Last modified on Կիրակի, 05 Հունիսի 2022 07:48
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ