Նոյեմբերի 22, 2024

Ղարաբաղ տելեկոմը նոր քաղաքականություն է որդեգրել

By Սրբուհի Վանյան Հունիսի 06, 2022

Արցախյան  44-օրյա պատերազմից հետո հանրապետությունում կապի ոլորտը նոր մարտահրավերների առաջ կանգնեց։ «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունը, որ բջջային ու ինտերնետ կապի միակ օպերատորն էր Արցախում, պատերազմի ընթացքում դադարեցրեց սպասարկումը։ Կապի բնագավառը որոշ ժամանակով հանձնվեց պետության կառավարմանը։ Հետո հայտարարվեց այլ օպերատորի մուտքի մասին։ Ի՞նչ է փոխվել դրանից հետո, ո՞վ է նոր օպերատորը։ Ընկերության տնօրեն Մխիթար Միրզոյանն է պարզաբանում․ 

«Ղարաբաղ տելեկոմը ոչ թե դուրս է եկել, այլ ղեկավարումը պատերազմի ժամանակ վերապահվել է Կառավարությանը։ Պատերազմի ավարտից հետո հին սեփականատերը ցանկացավ իր բաժինը վաճառել։ Նոր սեփականատերը  «Արցախթել» երևանյան կազմակերպությունն է, որի ղեկավարը Արսեն Խաչատրյանն է»։

Արցախյան երկրորդ պատերազմից առաջ էլ կապի ոլորտում խնդիրներ կային. «Ղարաբաղ տելեկոմի» երկարատև մենաշնորհային դիրքի, կապի ցածր որակի ու բարձր սակագնի հետ կապված: Ընկերության ղեկավարությունը պարբերաբար հանդես էր գալիս բարեփոխումների, ներդրումային ծրագրերի վերաբերյալ հայտարարություններով ու իրազեկումներով: Դեռևս  2020 թվականին «Ղարաբաղ տելեկոմը» հայտարարեց մեծ ներդրումային ծրագրի մեկնարկի մասին, ինչն արմատական փոփոխություն պիտի մտցներ կապի բնագավառում։ Պատերազմն այլ իրավիճակ թելադրեց։ 

«Բաժանորդների դժգոհության հիմնական պատճառը կապված էր համացանցի ոչ բավարար արագության հետ։ Հիմնականում մարդիկ ստանում էին 512Կբտ, 1 ՄԲ, որը շատ թույլ է այնպիսի ծրագրերի համար, որոնք օգտագործվում են։ Ներկա պահին մեր քաղաքականությունը լիովին փոխել ենք։ Մեր սակագներն էլ հաստատված են՝ սկսած 10 ՄԲ-ի համար։ Նորմալ ծառայություն 1 ՄԲ -ի համար հնարավոր չէ ստանալ։ Ժամանակ է գալու, որ նույնիսկ 10 ՄԲ-ը չի հերիքելու և մենք հաշվարկում ենք հետագայում համապատասխանել դրան»։ 

Պատերազմի ժամանակ կապի ոլորտի կրած վնասները հսկայական էին․ հանրապետությունում կայուն կապը վերականգնելու համար շատ բան անհրաժեշտ էր սկսել սկզբից։ 

« Գիտեք, մեր բջջային ու հեռահաղորդակցության կայանների մեծ մասը կորցրել ենք։ Եղել են բնակավայրեր, որտեղ նոր աշտարակներ ենք տեղադրել։ Միայն պատերազմից հետո 12 նոր կայան ենք տեղադրել։ Առաջիկայում աշխատանքերը կշարունակվեն։» 

Բաժանորդները հիմա էլ գոհ չեն ընկերության գործունեությունից։ Չնայած հասկանում են՝ խնդիրների մի մասն օբյեկտիվ է․ մեր հարևանները դիմում են ցանկացած միջոցի՝ կապը խափանելու և բնակչությանը հոգեբանական տեռորի ենթարկելու համար։ Այսօր ի՞նչ է առաջարկում «Ղարաբաղ Տելեկոմը» բաժանորդներին, ի վերջո միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ ու մատչելի ինտերնետ ու բջջային կապը ե՞րբ կլինի հասանելի  արցախցիների համար։ 

«Ուսումնասիրեցինք շուկան մինչև սակագների հաստատումը։ Հիմնական բողոքն այն է, որ սակագները բարձր են և տարբերվում են ՀՀ օպերատորների առաջարկած սակագներից։ ՀՀ-ում 10 ՄԲ -ի ամենացածր գինը 6500 դրամն է։ Մենք սահմանեցինք 5500 դրամ․ սա լավագույնն է, որ կարողացանք առաջարկել»։ 

Մխիթար Միրզոյանը պատմել է ոլորտում նոր քաղաքականության որդեգրման, բաժանորդների համար շահավետ փաթեթներով ինտերնետ և բջջային կապի ծառայություններ մատուցելու մասին։ Օպտիկամանրաթելային կապը մայրաքաղաքի և մյուս բնակավայրերի համար մնում է օրակարգում։ Այդ ուղղությամբ աշխատանքների մի մասն ավարտված է։ Մխիթար Միրզոյանը խոսել է նաև ռոումինգ ծառայության փոփոխությունից։ 

«Հիմա Արցախում հասանելի է 4-րդ սերնդի համացանցը։ Ֆիքսված համացանցի բարեփոխումները ավելի ժամանակատար են։ Դրա թողունակությունը լինելու է 2,5 ԳԲ։ Խնդիրն այն է նաև, որ մեր բաժանորդները պատրաստ չեն հաճախ վճարել դրա համար։ Ի դեպ, ռոումինգ ծառայության ոլորտում էլ աննախադեպ բարեփոխում ենք արել։ ՀՀ տարածքում ռոումինգ չի լինելու, եթե բաժանորդն օգտվում է 1900-ից բարձր սակագնային փաթեթից»։ 

Ընկերության տնօրենի խոսքով, վերջին շրջանում բողոքների թիվը կտրուկ նվազել է։ «Չնայած մարտահրավերները մինչև վերջ հաղթահարված չեն, այնուամենայնիվ, այսպես ասած՝ միջազգային որակի բջջային ու ինտերնետ կապն այլևս երազանք չէ»,- ասում է Մխիթար Միրզոյանը։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ