Նոյեմբերի 22, 2024

Հայրենիքի «դռները» միայն ներսից ու ամուր փակե՛նք:

By Անի Աբաղյան Հունիսի 09, 2022

Մարտունու շրջանի Աշան համայնք մտնելուն պես հանդիպեցինք երկու երեխայի՝ մեկը մյուսից չարաճճի: Մինչև կողմնորոշվեցինք, թե որ ուղղությամբ շարժվենք՝ մեզ ուղեկցողների թիվը հասել էր հինգի: Վազգենաշենից տեղահանված այս փոքրիկներն ամիսների ընթացքում հասցրել են գյուղն ամբողջությամբ ճանաչել՝ վստահեցնում են մեզ և ուղեկցում Գայանե Հովհաննիսյանի տուն: Գայանեն նոր էր վերադարձել այգուց. թութ էին հավաքում:

 «Գյուղական կյանք, գյուղի աշխատանքներ, տան փոքրիկ հոգսեր։ Հիմա մեծ այգի չունենք, ինչ ունեինք մնացել է թշնամու հսկողության տակ»։

 Գայանեն առավոտյան արթնանում ու նորից նույն ճանապարհն է բռնում՝ դեպի փոքրիկների լուսավոր աշխարհ, որտեղ փորձում է մոռանալ ամեն օր իրեն հետապնդող մտքերը։ Աշանի «Սոսե» մանկապարտեզի տնօրենն է զրուցակիցս։ Մինչև պատերազմը գյուղում հաճախ էր հնչում փոքրիկների ուրախ երգ ու ասմունքի ձայնը: Հիմա էլ է հնչում, բայց այլ երանգով՝ ասում է։ 

«Մինչև պատերազմն ամեն ինչ ավելի աշխույժ էր․ երեխաների ու նրանց ծնողների հետ զանազան միջոցառումներ էինք կազմակերպում, բայց հիմա․․․: Շարունակում ենք նոր միջոցառումներ կազմակերպել, բայց դրանցում միշտ տխրության երանգ է լինում»։ 

Փոքրիկների հետ աշխատելը հաճելի է: Նրանցից յուրաքանչյուրի հետ յուրովի ենք շփվում: Երբ խոշոր աչուկներով նայում ու սկսում են իրենց հետաքրքող հարցերը, կենտրոնանում ենք պատասխանների որոնման վրա, բայց երբ սկսում են իրենց արդեն ավանդական դարձած կռիվ-կռիվ խաղը, նորից ամեն ինչ իրար է խառնվում՝ ասում է զրուցակիցս։ Գայանեի սաներից  Էդիկը, Արտակը, Արմենն ու Արենը զոհվել են 44-օրյա պատերազմում։ Չնայած արդեն բարձրահասակ ու հասուն տղաներ էին, միևնույնն է, նա միշտ իրենց խոշոր աչքերն ու տարբերվող հարցերն է հիշում։

 «Չեմ մոռանում այդ երեխաների հանդեսները՝ ինչ էին արտասանում, ինչ էին խոստանում։ Հիշում եմ մեր նահատակներից Արմեն Հարությունյանի արտասանությունը։ Ասում էր․  «Երբ ես մեծանամ, քեզ՝ ի՛մ հայրենիք, մշակ կդառնամ,  Անգիր կսերտեմ սուրբ հողիդ լեզուն,  Որ քարդ անգամ բերքառատ դառնա»։  Եվ Արմենը իր արյամբ ոռոգեց մեր հողը էլ ավելի»։

 Գայանեի ձեռքերն օրվա տարբեր ժամերին տարբեր գործերով են զբաղված՝ գրիչ բռնելուց մինչև այգի մշակել: Բայց ինչպես ինքն է ասում ՝ հակասող մտքերը հանգիստ չեն տալիս: Զրուցակցիս անհանգստացնող խնդիրներից մեկը երեխաների՝ իրենց հողում ապրելու անորոշությունն է: 

«Ես հանցագործություն եմ համարում այս հողից հեռանալը: Արմատներից կտրվելով՝ ինչքան էլ լավ տեղ ապրենք, միևնույն է, մենք չենք լինելու ուժեղ, այլ օտար օտար հողի վրա։ Մենք այստեղ ենք ու փորձում ենք էլ ավելի ամուր լինել։ Իրավունք չունենք թուլանալու»։

 Գայանեն ամուր թելերով կապված է իր հողին, կապված է անգամ տան դռան փականի, բանալու հետ։ Մանկապարտեզի տնօրենը դաստիարակների հետ ամենօրյա իրենց աշխատանքով փորձում են երեխաներին սովորեցնել այն փականի լեզուն, որը միայն ներսից է փակվում։ Աշանից վերադառնալիս Մարատի, Մերիի, Սվետլանայի  և մյուս երեխաների հետ մեզ ուղեկցում էր ապագան, իսկ նրանց ժպիտները լուսավոր վաղվա խոստում էին:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ