Նոյեմբերի 22, 2024

Լավ թե վատ Կաղարծիում ենք՝ ես, հին տանս կտուրն ու հարևաններս

By Անի Աբաղյան Հունիսի 18, 2022

Կաղարծիի քարքարոտ փողոցները մոխրագույն չեն։ Մոլախոտերը քարերի տակից կանաչին են տալիս ու փոխում ճանապարհի երանգը։ Փողոցները տխուր են․ ամեն քայլափոխի ժանգոտած փակ կողպեքներ են ու ավերված տներ, որոնք, թվում է, բոլոր նախադրյալներն ունեն շեն օջախ լինելու։ Կաղարծիի երկինքն ամպերի հետ համերաշխ է։ Դպրոցից ներքև գտնվող փայտե նստարանին մի մարդ է նստած, քիչ վերև՝ խանութի դիմաց, երկու կին են զրուցում, բայց նրանց զրույցը գյուղի լռությունը չի խախտում։ Ճանապարհը բաժանվում է՝ մեկն ուղիղ իջնում է դեպի գյուղի խորքը, մյուսը՝ թեքվում․ ես, բնականաբար, կարճն եմ ընտրում, թեքվում ու հետևում վարդերի բույրին։ Դիմացից եկող մի կին արագ-արագ քայլում է բարձունքն ի վեր։ Պարզվում է՝ գյուղի բուժքույրն է՝ Ալվինա Ավանեսյանը։ Քայլվածքի արագությունը մասնագիտական առանձնահատկություն է ՝ ասում է։ Բայց հիմա հիվանդի մոտ չի շտապում։ Բջջային ու ինտերնետային կապը չի աշխատում, գնում է հարևանի տուն՝ պայմանավորվելու մայրաքաղաք գնալու ժամը։ Ճանապարհը շարունակում ենք միասին, հասնում ակումբավարի՝ Մարիայի տուն։ Րոպեներ անց արդեն ծառի շվաքի տակ բացվում է սուրճի սեղանն ու սկիզբ առնում զրույցը գյուղի առօրյա կյանքի ու հոգսերի մասին։

 «Ամառը առավոտ 05։30 արթնանում եմ, ամուսինս՝ 05։00-ին ։ Ինքը անասուններին տանում է արոտավայր, ես էլ հավեր, ճուտիկներ ունեմ, կերակրում եմ նրանց։ Ժամը 07։00-ին նախաճաշ եմ պատրաստում, ուտում ենք, ես գնում եմ աշխատանքի, մյուսները մնում են տանը, հետո ճաշ, տնային գործեր ու վերջ։ Սա է գյուղի կյանքը»։

 Սումգայիթից են գաղթել, Մարտունիում դպրոց է գնացել, Կաղարծիում էլ հարս եկել, բայց երկար տարիներ Պառավաթումբ գյուղում են ապրել։ 1988թվականից բնակարան ստանալու իրենց հերթին են սպասում։ Իրենց տունը գյուղի վերջում է՝ խանութներից, դպրոցից հեռու․ տուն հյուր գալուն պես եթե սուրճ չունեցան, տան փոքր աղջիկը արագաքայլության պլանը գերակատարում է․ կես ժամվա ճանապարհը մի քանի րոպեում է կտրում․ հյուրին երկար սպասեցնել չի կարելի։ Բայց սա չէ ամենամեծ խնդիրը։ Անձրևոտ օրերին տանն իսկական իրարանցում է սկսում ։ Անձրևը տեղափոխվում է տուն՝ երկրորդ հարկից՝ առաջին։ Տան վերանորոգման խնդրանքով պետությանը գրած անպատասխան նամակների թիվը մոռացել է արդեն։ 

«Երկրորդ հարկիս առաստաղից կաթում է, հասնում առաջին հարկ, որն էլ արդեն փլվում է։ Վախենում եմ առաստաղս լվանամ․ եթե դիպչեմ, կարող ա թափվի գլխիս ։ Ես մի տուն եմ ուզում, ինձ համար չէ՝ տղայիս, որ ամուսնանա, չամաչի։ Պատուհանները փտած վիճակում են, անգամ վարագույր կախելու հնարավորություն չունեմ»։

 Տան հոգսերից բացի զրուցակիցս Կաղարծիի պասիվ կյանքից է դժգոհում․ ոչ երեխաների ծիծաղ կա, ոչ խաղի ու կռվի աղմուկ։ Չնայած պատերազմից հետո կառուցված շենքում հաստատված տեղահանվածներն իրենց հետ մի քիչ մակական աղմուկ են բերել, բայց այն դեռ քիչ է։ «Վեր մին տան խուխու սաս չի կյա, տոնը հինչու նման կինի, թա շենը հինչու նման ինի»՝ ասում է։ 

«Առաջ երիտասարդները գյուղում շատ էին, կյանքը ավելի հետաքրքիր էր, բայց երբ զինվորականներին Մարտունիում տուն տվեցին, իրենք՝ գյուղի երիտասարդները, գնացին։ Հիմա որ դուրս գաք, գյուղի փողոցներում մի քանի տատիկ կտեսնեք։ Մյուսների գնալու պատճառն էլ գյուղի ճանապարհներն են։ Մեր ճակատը պենդ ա, մունք կարում ընք տեմ կենանք»։

 Աշխատանքից, առօրյա հոգսերից փախչելու տարբերակներ Ալվինան գտել է․ թաղի կանանց հավաքում ու դպրոցում վոլեյբոլ կամ այլ ակտիվ խաղեր են խաղում, երեխաներին երգել, պարել ստիպում՝ աշխուժացնում իրենց օրը։ Մարիայի աղջիկները, միանում են մեր զրույցին ու Ալվինային հուշում գյուղի դրական կողմերը։

 «Մեր գյուղը շատ գեղեցիկ բնություն ունի, սրբավայրեր։ Հիմա ինքնաեռի սեզոնը բացվել է, երեկոները միասին նստում ենք, սուրճ, թեյ խմում, զրուցում»։ 

Զրուցակցիս բոլոր մտքերին, գանգատներին ու գովեստներին, տխրությանն ու ուրախությանը ծանոթ է տան դիմացի փոքրիկ հողամասը, որի հետ հաճախ է զրուցում։ Հողամասը, համեստ տունն ու աղքատիկ թաղամասը բուժքրոջը լավ գիտեն․ միշտ արագ է քայլում, շտապում է հիվանդի կամ հարևանի տուն։ Գյուղի տարածքում ուր ասես շտապում է, բայց գյուղից դուրս գալ՝ ոչ՝ ասում է։ «Կըռվեն վախտը 2 շաբաթավ տուսըմ եկալ, հինչու նման ըմ իլալ․ ես էրուշ տըղ կարել չմ, սկի օզում էլ չմ ապրիմ։ Լավ թե վատ Կաղարծիում ենք՝ ես, իմ հին տան կտուրն ու հին հարևաններս»։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ