Փորձուսուցումը՝ տեղում։ 2021-22 ուսումնական տարվա ընթացքում «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի» աշկերտները հիմնականում ներգրավված էին իրենց իսկ կրթօջախի շենքային պայմանների բարելավման աշխատանքներում։ Սկզբնական շրջանում, գործնական պարապմունքներ իրականացնելու համար ուսումնարանում արհեստանոցային մինիմալ պայմաններ կային։ Այժմ ստեղծված են բավարար հնարավորություններ՝ վարպետների և աշկերտների համատեղ աշխատանքի համար՝ ասում է «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի գործադիր տնօրեն Նարինե Իշխանյանը։
«Սեղմ ժամկետներում առաջին կուրսի աշկերտները վերանորոգեցին և կահավորեցին խոհարարների արհեստանոցը։ Ներկայումս շարունակում են որոշ արհեստանոցների ընդլայնման և բարեկարգման աշխատանքները։ Կարճ ժամանակահատվածում վերանորոգվել և բարեկարգվել է ուսումնարանի վարչական շենքը։ Միաժամանակ լուրջ աշխատանքներ են տարվել գործիքների և սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ»։
Ուսումնարանի շենքի բարեկարգումն և վերանորոգումն իրականացրել են հենց աշկերտները։ Տարբեր փուլերում՝ կախված աշխատանքների տեսակներից, ընգրկվել են գրեթե բոլոր մասնագիտության աշկերտները։ Կատարվածի մասին ավելի մանրամասն պատմում է ուսումնարանի փոխտնօրեն Էրիկ Վերդյանը։
«Շինմոնտաժի և վերանորոգման» աշկերտները նախնական փուլում իրականացրել են հարթեցվող շերտի, պատերի և սվաղի աշխատանքներ։ Վերանորոգման փուլում հարդարման աշխատանքների աշկերտները կատարել են պատերի ծեփապատման և հարթեցման աշխատանքներ»։
Եվ այսպես շարունակ՝ մինչև որ ուսումնարանը վերջնական տեսքի բերվեց։ Ոսումնական տարվա ավարտին «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանը» թողարկելու է 49 շրջանավարտ՝ էլեկտրատեխնիկա, ջերմատեխնիկա, սանտեխնիկա, մետաղամշակում, փայտամշակում և խոհարարական գործ մասանգիտությունների գծով։ Այս պահին ընթանում են պետական ավարտական քննություններն ու ամփոփիչ թեստավորումները։ Թե՛ անցած տարվա ընթացքում և թե՛ հիմա 3-րդ կուրսի աշկերտների մի մասը ներգրավված է հանրապետությունում իրականացվող շինաշխատանքներում։ Ուսումնարանի տնօրենն է մանրամասնում։
«Նրանք ներգրավված են պատերազմի հետևանքով վնասված տների և բնակարանների վերանորոգման, ինչպես նաև Աստղաշենում կառուցվող բնակելի տների կառուցման աշխատանքներում։ Քննարկման փուլում է գտնվում մեր ուսումնարանի աշկերտների մասնակցությամբ Արցախի տարբեր վայրերում արևային ֆոտովոլտային համակարգերի և ջրատաքացուցիչների մոնտաժման ու տեղադրման ծրագիրը»։
Աշկերտների աշխատասիրությունը, եռադն ու սերը իրենց մասնագիտության հանդեպ արտացոլված է ուսումնարանի գրեթե ամբողջ տարածքում։ Որտեղ էլ որ նայես՝ իրենց ձեռքի գործերն են։ Օրինակ՝ փայտագործ-աշկերտները կահավորել են ուսումնարանի ժողովասենյակը, իսկ «Էլեկտրատեխնիկա» մասնագիտության 3-րդ կուրսի աշկերտներն ուսումնարանի շենքին կից շինության տանիքում տեղադրել են արևային ֆոտովոլտային կայան: Ուսումնարանի ամենասիրված անկյունը կառուցվող փոքրիկ տունն է, որի աշխատանքներին ներգրավված են բոլոր մասնագիտությունների աշկերտները։ Արդեն կանգնեցվել են փոքրիկ տան պատերը։
«Առաջինը աշխատեցին պատշարները, հետո էլեկտրատեխնիկան։ Հետո կսկսեն սանտեխնիկան և ջրատեխնիկան, այնուհետև հարդարման աշխատանքները։ Եվ ամենավերջում փայտագործները կկահավորեն այն։ Սա կլինի փոքրիկ գովազդ՝ թե ինչպիսի աշխատանքներ են կատարում մեր աշկերտները»։
Ընդունելությունը կսկսվի հուլիսի 1-ից։ Նոր ուսումնական տարում իրականացվելիք ծրագրերից առանձանցնում են նաև «արևային վահանակների մոնտաժման և տեղադրման» աշխատանքների ուղղությամբ կարճաժամկետ վերապատրաստման դասընթացները՝ մեծահասակ և տեղահանված բնակիչների համար։ Նարինե Իշխանյանը ընդգծում է՝ ուսումնարանը հետևողականորեն իրականացնելու է իր կրթական ծրագրերն՝ ուղղված արհեստավարժ մասնագետների պատրաստմանը։ Լիահույս են, որ կրթօջախի թողարկած մասնագետները իրենց ավանդն են ներդնելու երկրի զարգացման գործում։