Հունիսի 20-24-ը Ստեփանկերտի ծննդատանը մոսկվաբնակ մանկաբարձ-գինեկոլոգ Կոնստանտին Տոնիյանն իրականացնում է խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում նաև գինեկոլոգիական վիրահատություններ:
«Արդեն երևի 5–րդ, թե 6-րդ տարին է ես գալիս եմ հայրենիք։ Կոլեգաներիս հետ այստեղ աշխատում ենք, իրականացնում ենք վիրահատական միջամտություններ, որոնք տվյալ պահին անհրաժետ են լինում Արցախի կանանց համար»։
Արցախցի բժիշկների մասնագիտական որակները տարեցտարի լավանում են՝ նկատում է Կոնստանտին Տոնիյանը․ Կան վիրահատություններ, որոնք նախկինում տեղում չէին կատարվում, բայց այժմ հաջողությամբ իրականացվում են։ Բժիշկներն երկուշաբթի օրվանից իրականացրել են 7 վիրահատութուն։
«Վիրահատական միջամտությունների կարիք հիմնականում երիտասարդ բուժառուներն են ունենում: Կատարել ենք արգանդի միոմայի, կիստոզային ձևավորումների հեռացման վիրահատություններ»։
Բուժառուների մեջ կան ինչպես երիտասարդ, այնպես էլ տարիքով կանայք՝ ասում է բժիշկը։ Նրանք նույնպես ունենում են վիրահատական միջամտությունների կարիք, բայց արդեն այլ կարգի։ Ամենահաճախ հանդիպող խնդիրը հղիանալու հետ է կապված։
«Մեծ քանակությամբ բուժառուներ ունենք, որոնք խնդիրներ ունեն հղիանալու հետ կապված։ Ցավոք, այդպիսի բուժառուների թիվը չի կրճատվում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Արցախում։ Այս խնդիրը կոլեգաներիս հետ քննարկումների գլխավոր թեման է»։
Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ամենասուր խնդիրը Կոնստանտին Տոնիյանը սարքավորումների պակասն է համարում։ Առկա սարքավորումները բավականին հին են, անհրաժեշտ է պարբերաբար թարմացնել այն, եթե ոչ միանգամից, ապա գոնե մաս առ մաս՝ ասում է բժիշկը։