Աչքի հետազոտության շարժական կայանը կանգնած է Ստեփանակերտի պոլիկլինիկայի բակում արևի տակ։ Չնայած տոթեղանակին, բուժառուները համբերատար հերթ են կանգնել։ Ակնաբույժների ևս երկու խումբ աշխատում է Մարտունիում և Մարտակերտում։ Ակնաբույժ Սուրեն Գասպարյանն ասում է, որ Արցախում ամենահաճախ հանդիպող աչքի հիվանդությունները 2-ն են՝ կատարակտն ու գլաուկոման։ Այս հիվանդությունները տարածված են ամբողջ աշխարհում։
«Կատարակտան ավելի շատ հանդիպվում է միջինից բարձր տարիք ունեցող մարդկանց մոտ, կարելի է ասել այն տարեց հիվանդություն է։ Կատարակտայով հիվանդների հիմնական գանգատը վատացող տեսողությունն է։ Գլաուկոման նույնպես հանդիպում ենք մեծահասակների մոտ, բայց հայտնաբերվում են նաև երիտասարդ տարիքի մարդկանց մոտ»։
Հիվանդության տարածվածությունը ոչ թե բուն հիվանդությունից է գալիս, մարդկանց՝ դանակը ոսկորին հասցնելու սովորությունից։ Անտեղյակության խնդիրն էլ է սուր՝ ասում է։
«Բուժառուների մոտ անտեղյակության խնդիր կա, նրանք դիմում են բժշկի միյն այն ժամանակ, երբ որ խնդիրը բարդացած վիճակում է»։
Աչքի հիվանդությունների պատճառ կարող է լինել և՛ ժառանգականության գործոնը, և՛ տարիքը, և՛ օրգանիզմում նյութափոխանակության խանգարումը՝ ասում է Սուրեն Գասպարյանը։ Այս օրերի ընթացքում բժշկական խորհրդատվության են եկել տարբեր տարիքի մարդիկ։
«Ամենափոքր բուժառուին այսօր ենք ընդունել՝ 3-4 տարեկան։ Ամենամեժը 70 տարեկան էր»։
Ակնաբուժական շարժական կլինիկաները հագեցած են բոլոր անհրաժեշտ սարքավորումներով։ Ստեփանակերտի հիվանդանոցում էլ սարքավորումների պակաս չկա ՝ ասում է բժիշկը։
«Մեքենան համալրված է վերջին սերնդի սարքավորումներով, տեխնոլոգիապես հարուստ է։ Այն թույլ է տալիս շատ արագ և ճիշտ ախտորոշում իրականացնել։ 4 օրվա ընթացքում ընդունել ենք 200-ից ավելի բուժառուների։ Անկեղծ ասած չեմ տեսել, բայց գիտեմ, որ Արցախում կան բոլոր անհրաժեշտ սարքավորումները»։
Աչքի հիվանդություններից խուսափելու համար ակնաբույժ Սուրեն Գասպարյանը խորհուրդ է տալիս տարին մեկ անգամ դիմել բժշկի, անգամ, եթե գանգատներ չունեք։ Իսկ համակարգչի հետ աշխատող մարդիկ, որ աչքերի հիվանդության, այսպես ասած, ռիսկային խմբում են, պետք է 20 րոպեն մեկ գոնե 20 վայրկյանով հանգստացնեն աչքերը։