Նոյեմբերի 25, 2024

Ինչ անե՞լ, եթե խայթել է օձը

By Մարգարիտա Ղուշունց Հուլիսի 01, 2022
Ամառային շրջանում՝ եղանակի տաքացմանը զուգահեռ ակտիվանում է թունավոր սողունների շարժը։ Ակտիվություն է նկատվում հատկապես օձերի շրջանում։ Օձերի հայտնաբերման հետ կապված կանչերը   հաճախակիացել են  Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ճգնաժամային կենտրոնում։ ՆԳՆ  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանի խոսքով՝ դեպքերը գրանցվում են և մայրաքաղաքում, և շրջաններում․ 
 
«Երկու դեպք գրանցվել է Ստեփանակերտում, երկուսը՝ Մարտունու շրջանում, մեկական դեպք Ասկերանում և Մարտակերտում։ Սողունները հիմնականում բնակելի տարածքներում են լինում, կարող են հայտնվել բնակարաններում, տան նկուղային հարկերում»։ 
 
Կարևոր և երբեմն ճակատագրական է, թե առաջինը օ՞ձն է մարդուն հանդիպում, թե՞ մարդը օձին։ Երկրորդ դեպքում   անվնաս մնալու հավանականությունն ավելի մեծ է, առաջինի դեպքում ՝ որոշիչ կարող են լինել տարբեր գործոններ։ Այս տարի օձի խայթոցի քիչ դեպք է արաձանագրվել՝ ասում է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչ, վիրաբույժ Գրիգորի Առստամյանը, միաժամանակ համեմատում անցած տարվա այս ժամանակաշրջանն ու հիշեցնում՝ տաք եղանակներն առջևում են: 
 
«Այս տարի բարեբախտաբար օձի խայթոցի դեռ քիչ՝ երկու դեպք է գրանցվել, ինչու եմ ասում դեռ, որովհետև տաք եղանակները դեռ առջևում են, և հնարավոր է, որ դեպքերն ավելանան։ Համամետական կարգով ասած՝ անցած տարի ունեցել ենք չորս դեպք»:
 
 Արձանագրված երկու դեպքում  հիվանդները ստացել են համապատասխան բուժօգնությունն ու լիարժեք ապաքինվելուց հետո դուրս գրվել հիվանդանոցից: Տուժածների արագ ապաքինումն ու հետագա բարդություններից խուսափելը պայմանավորված է խայթոցի ծանրության աստիճանից: Արցախի տարածքում եղած թունավոր օձերի խայթոցներից   մահացության հավանականությունը մեծ չէ, ասում է վիրաբույժ Գրիգորի Առստամյանը : 
 
«Օձի թույները լինում են մի քանի տեսակի և մի քանի ազդեցության: Նեյրոտոքսիկ ազդեցություն ունեցող օձի թույները կայծակնային մահ են առաջացնում, և առաջին բուժօգնությունը հիվանդի կյանքը չի փրկում: Արցախում հեմոլիտիկ տեսակի թույներով օժտված օձեր կան, ինչը հնարավորություն է ընձեռնում առաջին բուժօգնություն ցույց տալ, հետագայում նաև լավ ելքեր ունենալ: Խայթոցի լավ ելքը պայմանավորված է նաև օձի տեսակից, տարիքից, ինչ վիճակում է գտնվում, օրվա որ ժամին է խայթոցը տեղի ունենում: Եթե օձը գտնվում է ավելի ակտիվ վիճակում, այսինքն վախի ազդեցությամբ է խայթել (խայթոցը պաշտպանական ռեակցիա է , ոչ թե հարձակողական), այս պարագայում, բնականաբար, թույնը ավելի շատ է արտադրվում, և ավելի մեծ վնաս է հասցնում»: 
 
Խայթոցի լավ ելքը պայմանավորված է նաև՝  խայթվողի տարիքից, սեռից, ալկոհոլային  ազդեցության կամ գերհոգնածության վիճակից: Սրանք մեծ ազդեցություն են ունենում հետագա բուժման և հիվանդի վիճակի վրա։  Կա՞, արդյոք,  բավարար քանակությամբ հակաթույն Արցախի բուժհաստատություններում՝ անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար, բժիշկ-վիրաբույժն է պատասխանում․ 
 
«Կար մի ժամանակ, երբ նույնիսկ Հայաստանում  հակաթույն չկար, բայց կարճ ժամանակում ձեռք է բերվել: Այս պահի դրությամբ ունենք բուժօգնության համապատասխան պարագաներ: Եթե ունենանք տուժածներ, պատրաստ ենք սպասարկել նրանց»: 
 
Ավելի հաճախ օձի խայթոցի դեպքեր տեղի են ունենում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս,երբ մարդիկ հանգամանքների բերումով չեն նկատում սողունին: Բժիշկը հորդորում է օձի խայթոցից տուժածին առաջին հերթին հնարավորինս անշարժ  թողնել։ Ֆիզիկական ակտիվությունը հանգեցնում է արյան շրջանառության ակտիվության, և այդ դեպքում թույնի տարածումն ավելի արագ է տեղի ունենում: Միշտ չէ, որ առաջին օգնությունը ճիշտ է ցուցաբերվում, որն իր բացասական հետևանքներն է ունենում հետագա բուժման վրա՝ ասում է Գրիգորի Առստամյանը։ Կան կանոններ, որոնք պետք է պարտադիր իմանան բոլորը։ 
 
«Խայթոցի տեղում չի կարելի կտրվածք անել, որովհետև կտրվածքը նույնպես օրգանիզմի պաշտպանական ռեակցիայի  համապատասխան ակտիվացնում է արյան փոխանակությունը տվյալ տեղամասում և արագացնում թույնի տարածումը: Չի կարելի կծելով արտահանել թույնը, որովհետև եթե առկա լինեն լորձաթաղանթի վերքեր, ապա այդ դեպքում վտանգավոր կլինի բուժօգնություն ցուցաբերողի համար: Չի կարելի զարկերակային լարաններ տեղադրել, ապա արյան մատակարարումը տվյալ տեղամաս վատթարանում է, և անատոմիական շրջանի սնուցման խանգարման հետևանքով էլ ավելի է վնաս հասցվում հիվանդին»: 
 
Բժիշկը հորդորում է տեղադրել թույլ ճնշող վիրակապեր խայթոցից վերև, որպեսզի երակային հոսքը դանդաղեցվի։ Անհրաժեշտ է վերքը մշակել ասեպտիկ որևէ նյութով, հով պայմաններ ապահովել և մեծ քանակությամբ հեղուկ օգտագործել։ Իսկ հասկանալու համար՝ խայթոցը օձի էր թե այլ սողունի կամ միջատի՝ պետք է ուշադրություն դարձնել վնասված տեղամասի վրա առաջացած կետային վերքերին․ եթե երկուսն են և տեղամասը այտուցված է, նկատվում է կարմրություն, ջերմաստիճանի բարձրացում՝ ամենայն հավանականությամբ  տեղի է ունեցել օձի խայթոց և  անհրաժեշտ է շտապ դիմել մոտակա բուժհաստատություն։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ