Նոյեմբերի 25, 2024

Պատերազմը՝ պատերազմ, իսկ ապրել պետք է

By Սրբուհի Վանյան Հուլիսի 02, 2022
  Երբ զինվորական ծառայությանը հրաժեշտ տված ու թոշակի անցած Վիտալի Գրիգորյանն ու իր կինը հայրենի Ասկերան քաղաքում որոշեցին հիմնադրել իրենց փոքրիկ ընտանեկան բիզնեսը, աշխարհում համավարակ էր։ Քովիդի մասին միջազգային լրահոսից էին լսում, և Ասկերանում ապրող ամուսինները չէին պատկերացնում անգամ, որ այն կարող է որևէ առնչություն ունենալ իրենց փոքրիկ քաղաքի հետ և կամ խոչընդոտել իրենց ծրագրերին։ Ամուսինները հիմնադրեցին «Լիլիա-Ալբերտ» ընկերությունը և սկսեցին զբաղվել սառը սուրճի արտադրությամբ։ Կարճ ժամանակ անց, տեսականին շատացավ։ Կարծես թե բարեհաջող էր սկիզբը, չնայած որ Քովիդի պատճառով ստիպված էին լինում իրացման այլընտրանքային ճանապարհներ փնտրել։ Բայց այս անգամ էլ վրա հասավ պատերազմը։ Վիտալին նորից ծառայության էր։ 
 
«Նոյեմբերի 10-ից հետո ընտանիքս անմիջապես Հայաստանից տեղափոխեցի տուն, նոյեմբերի 15-ին տվեցինք առաջին արտադրանքը»։ 
 
Պատերազմի ժամանակ կորցրել է գրեթե ամբողջը, ինչ հասցրել էին արտադրել․ մի մասը խանութներում է մնացել, մի մասը արտադրամասում։ Չի գնացել անգամ վաճառված արտադրանքի գումարների հետևից։ «Դրա ժամանակը չէր, ոչ էլ դրա հավեսը կար»,-ասում է։ Նոյեմբերին, երբ ընտանիքը Հայաստանից տեղափոխեց տուն, կնոջ հետ որոշում կայացրին, որ ոչ միայն շարունակում են բիզնեսը, այլև ընդլայնում՝՝ սկսելով նաև զովացուցիչ ըմպելիքների արտադրություն։  Առաջին արտադրանքը թողարկել են նոյեմբերի 15-ին։ 
 
«Հիմա էլ, մի քիչ դժվարություններով, բայց աշխատում ենք։ Հիմնականում ընտանիքով։ Բայց մեզ օգնում են նաև մարդիկ, բարեկամներ, ովքեր տարհանվելով՝ բնակություն են հաստատել Ասկերանում։ Այս պահին 4 աշխատող ունենք»։ 
 
Ըմպելիքների արտադրության նկատմամբ հետաքրքրվածությունն ու սերը հորից է փոխանցվել, ով  աշխատում էր Ասկերանում գործող գարեջրի արտադրամասում և ով զոհվել է Արցախյան առաջին պատերազմում։ 
 
«Արտադրամաս ունենալը վաղուցվա երազանք էր, իմ հայրը գարեջրի արտադրամասում էր աշխատում, զոհվել է 1992 թվաականին։ Փառք Աստծո, երազանքս իրականանում է կամաց-կամաց։Հիմա փորձում ենք ընդլայնել արտադրությունը, ներդնել ավտոմատ սարքավորումներ։ Սպասում ենք պետական աջակցության, խոստացել են։ Դա թույլ կտա և՛ աշխատատեղեր ավելացնել, և՛ ծավալներ ապահովել, և՛ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնել»։ 
 
Իրացման խնդիր չունեն․ ամբողջ արտադրանքը վաճառվում է․ հիմնականում Ստեփանակերտի ու Ասկերանի խանութներում։ 
 
«Ավելացնելու տեղ կա դեռ։ Հիմա արտադրում ենք 2000 շիշ, բայց կարող ենք կրկնապատկել այդ թիվը, այդքան էլ կարող ենք իրացնել»։ 
 
Հե՞շտ է պատերազմից հետո, անորոշ ճակատագրով երկրում, փոքրիկ գավառական քաղաքում բիզնես նախագիծ անելը։ Մտածել է երբևէ հայրենի քաղաքից հեռանալու, այլ տեղ ներդրում կատարելու մասին։ Ձեռներեցը ասում է․ 
 
«Ասկերանից դուրս գալու մասին չենք մտածել երբեք։ Առաջին ընտանիքներից էինք, որ պատերազմից հետո վերադարձանք տուն  և սկսեցինք ամեն ինչ զրոյական կետից սկսել։» 
 
4 աշխատատեղ է ապահովում արտադրամասը․ Քնար Քարամյանը Ջրաղացներ գյուղից է տեղահանվել։ 
 
«Հայրենի տնից տեղահանվելուց ու Ասկերանում հաստատվելուց հետո աշխատել եմ այստեղ երկու ամիս։ Որոշակի դադարից հետո նորից այստեղ եմ»։ 
 
Ձեռներեցի կինը՝ Լիանա Աղաբաբյանը, արտադրության տեխնոլոգիան ու առաջիկա ծրագրերն է ներկայացնում մեզ՝ միաժամանակ հետևելով աշխատանքի ընթացքին, որպեսզի ամեն ինչ ճիշտ արվի։ 
 
«Արտադրում ենք 8 տեսակի զովացուցիչ ըմպելիք։ Հումքը ամբողջությամբ ներմուծում ենք Հայաստանից, օգտագործում ենք բնական արամատիզատորներ։ Մոտ օրերս նոր տեսականի կթողարկենք, արդեն ապակյա շշերով»։
 
 Ասկերանը հիմա ավելի բազմամարդ է, քան մինչև պատերազմը, և այնտեղ կան մարդիկ, ովքեր համոզված են․ ամեն ինչ պետության վրա թողնել չի կարելի․ գործարար միջավայրը ակտիվացնել է պետք։ Նախաձեռնությունը մասնավոր հատվածից պիտի լինի՝ շուկայի պահանջարկից ելնելով։ Իսկ պետության խնդիրը այդ նախաձեռնություններին աջակցելու մեջ է՝ ի շահ պետության ու տնտեսության զարգացման։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ