Նոյեմբերի 22, 2024

Նոր ճամբար հին վայրում․Կարկառը կրկին ճամբարականներ ունի

By Մարգարիտա Ղուշունց Հուլիսի 05, 2022

Ստեփանակերտի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Կառկառ գետի ափին, շատերի ճամբարական հիշողությունների վայրում, կրկին երեխանների ուրախ  աղմուկ է։ Այստեղ   իրար կողքի են հավաքվել  Մարտակերտի շրջանի 14-18 տարեկան պատանիներ։  Նախորդ տարի զոհվածների կամ տեղահանվածների ընտանիքների զավակների համար  ճամբար է  կազմակերպվել Պատարայում։    Այս տարի  ճամբարի վայրը փոխվել է, բայց նույնն է ոգևորությունն ու ճամբարն իր նպատակին հասցնելու ցանկությունը՝ ասում է «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության Արցախի մասնաճյուղի տնօրեն Ռուզան Հովհաննիսյանն ու պատմում ճամբարի կազմակերպման գաղափարի մասին։ 

«Ես և մեր հոգեբանը Արցախի շրջաններում հոգեբանական թերապիայի խմբային աշխատանքներ էինք կատարում, երբ մտածեցինք, որ կարելի է երեխաներին հավաքել իրար կողք և օրեր շարունակ անցկացնել այդ թերապիաները։ Ուզում ենք այսկերպ հանել երեխաներին այն վիճակից, որում հայտնվել են պատերազմի հետևանքով։ Երեխաները պետք է հասկանան,որ մենակ չեն»։ 

Ճամբարի կազմակերպման նպատակներից է նաև   երեխաններին օգնել   հետագա մասնագիտության ընտրության  հարցում։ Պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հետ, որոնք հաջողությունների են հասել իրենց բնագավառներում։ 

«Հրավիրում ենք արվեստագետների,IT ոլորտի մասնագետների,տարբեր մասնագետների։ Քննարկումներ ենք ունենալու տարբեր թեմաներից։ Նաև կլինեն արշավներ»։

 Բացի հիմնական կազմակերպիչներից ու աշխատողներից ճամբարի աշխատանքները համակարգելու համար թիմում ընդգրկվել են նաև կամավորներ։ Տաթևը  4 կամավորներից մեկն է, ԵՊՀ-ի Հոգեբանություն ֆակուլտետում է սովորում։ Ապագա հոգեբանն  ասում է՝ որոշել է հաճելին համատեղել օգտակարի հետ․ 

«Սիրում եմ երեխաների հետ աշխատել։ Քանի որ  Երևանում եմ սովորում, արձակուրդները  որոշել  եմ այստեղ անցկացնել նաև օգտակար գործ անել,դրա համար մասնակցում եմ կամավորական աշխատանքներին։ Տարբեր աշխատանքներ ենք կատարում այստեղ, հիմնականում կազմակերպչական»։ 

Ճամբարականների և կամավորների միջև տարիքային տարբերությունեը քիչ է։  Դա չի խանգարում նրանց, հակառակը, միմյանց լավ են հասկանում։   Չեն դժվարանում   աշխատելիս, քանի որ իրենք էլ մասնակցել են տարբեր ճամբարների և գիտեն ինչ զգացողություններ ու ցանկություններ ունեն այդ տարիքի երեխանները։ ԵՊՀ Կենսաբանություն ֆակուլտետի ուսանողուհի Ինեսան էլ  նույն կարծիքին է․ 

«Օգնում եմ հնարավորությունների սահմանում։ Երեխաները,բոլորը տաղանդավոր և շնորհաշատ են,հետաքրքիր է աշխատել նրանց հետ»։ 

Ճամբարին մասնակցում է 20 երեխա։ Այն կտևի 6 օր։ «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության Արցախի մասնաճյուղի տնօրեն Ռուզան Հովհաննիսյանը շնորհակալ է բոլոր նրանց, որոնք օգնել են ճամբարի գաղափարն իրագործել։ Ասում է՝ գործուն աջակցություն են ունեցել Ռուսաստանից ռոք երգիչներ, ստենդ-ափ ակումբի ներկայացուցիչներ, որոնք Հայաստանում կազմակերպված համերգի ամբողջ հասույթը ուղղել են Ուկրաինայում և Արցախում պատերազմից տուժածներն։  

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ