Երևան-Ստեփանակերտ միջպետական անվճար ուղևորափոխադրումների ծրագրում փոփոխություններ են կատարվել։ Վաղվանից նոր կարգ կգործի․ անվճար ուղևորափոխադրումներից կկարողանան օգտվել միայն պատերազմում զոհվածների ընտանիքների անդամները՝ ծնող, երեխա, ամուսին, քույր կամ եղբայրները, հաշմանդամները, պետության կողմից ուղեգրով վիրահատության մեկնողները՝ մեկ ուղեկցողի հետ և տեղահանվածները։ Ուղևորափոխադրումները կիրականցվեն երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին` ժամը 13:30-ին, Ստեփանակերտի մարզադաշտի հարակից կանգառից։ Նոր կարգի սահմանման պատճառը պարզաբանում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի բաժնի պետ Հարութ Ալեքսանյանը։
«Հաշվի է առնվել երթուղուց օգտվողների պահանջարկի սեզոնային աճը, տրանսպորտային մեկ փոխադրամիջոցը և չվերթների կրճատումը»։
Անվճար ավտոբուսներից օգտվելու համար տեղահանված բնակիչները, հաշմանդամություն ունեցողներն ու ուղեգրով վիրահատության մեկնողները՝ պետք է ներկայանան անձնագրով ու համապատասխան տեղեկանքով։ Գերատեսչությունը զոհվածների ընտանիքների անդամների համար տրանսպորտից օգտվելու կարգ չի սահմանել՝ այն թողնելով օգտվողի խղճին։ Անվճար ուղևորափոխադրման ծրագիրը մեկնարկել է 44-օրյա պատերազմից ամիջապես հետո Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։ Հարութ Ալեքսանյանի խոսքով մինչ օրս կատարվել է 780 ուղերթ։
«Ընդհանուր, տեղափոխված ուղևորների քանակը կազմում է մոտ 65 000 մարդ։ Ստեփանակերտից Երևան՝ 25 000, Երևանից Ստեփանակերտ 40 000 մարդ»։
Անվճար ուղևորափոխադրումները բացասաբար են ազդել կենտրոնական ավտոկայանից Երևան-Ստեփանակերտ ուղևորահոսքի վրա, բայց նոր կարգի փոփոխությունների համար դա չէ հիմք հանդիսացել՝ նշում է Հարութ Ալեքսանյանը։
«Նվազել է ուղևորների և երթերի քանակը, որի պատճառով էլ կենտրոնական ավտոկայանի եկամուտը նվազել է»։
Ծրագրի գործողության վերջնաժամկետը հայտնի չէ։ Գերատեսչությունը հորդորում է նախապես հերթագրվել՝ հերթերից և լրացուցիչ բարդություններից խուսափելու համար։