Արցախի նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանի միջնորդությամբ և «Գևորգյանց» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ համայնքային դպրոցների համար ձեռք է բերվել դպրոցական գույք ու տեխնիկա՝ գրապահարաններ, ուսուցչական սեղաններ, աթոռներ, գրատախտակներ, համակարգիչներ, տպող սարքեր։ Դրանց մի մասը հասցեատերերին է հանձնվել երեկ։ ԱՀ նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանն անձամբ է նվերը փոխանցել Ներքին Հոռաթաղի, Զագլիկի, Չլդրանի դպրոցների տնօրեններին։
«Իմ խորին համոզմամբ ներկայի լավ կամ վատ լինելը դպրոցն է որոշում, գալիքը դպրոցն է փրկում, պատերազմում դպրոցով են հաղթում կամ պարտվում: Դպրոցներում ներդրումներ անելը շատ կարևոր է: Դպրոցների գույքը կամ կահավորվածությունը չէ, որ որոշում է կրթության մակարդակը, բայց անժխտելի է տեխնիկական հագեցվածության դերը կրթության որակի ապահովման գործում»:
Մարտակերտի շրջանի Զագլիկ համայնքի դպրոցում սովորում է 48 աշակերտ: Դպրոցի տնօրեն Հայկ Սարգսյանի խոսքով՝ վաղուց նման նվեր չեն ստացել:
«Դպրոցում զգացվում էր գույքի կարիքը: Մենք չունեինք գրապահարաններ, գրադարանի դասագրքերը գետնին էինք շարում: Ստացած գույքը իր դրական ազդեցությունը կունենա ուսման որակի բարձրացման գործում: Դպրոցական գույքը փչացած, հին, մաշված վիճակում էր»:
Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի դպրոցը 2016 թ. է շահագործման հանձնվել: Պատերազմից հետո դպրոցում աշակերտների թիվը պակասել է: Բայց գույքի ու տեխնիկական հագեցվածության խնդիր դեռևս կա՝ ասում է դպրոցի տնօրեն Մարգարիտա Սահակյանը: «Գևորգյանց» բարեգործական հիմնադրամի աջակցությունը Թաղավարդ է հասել այսօր:
«Գործող 3 համակարգիչ ունեինք, 2-ն էլ «Երկարօրյա» ծրագրի համար էինք ստացել: Այսօր ստացանք 5 համակարգիչ, որը շատ մեծ օգնություն է դպրոցին: Ստացել ենք նաև սեղան-աթոռներ, տպիչ սարք»:
Աջակցության հաջորդ ծրագիրը՝ Լուսինե Ղարախանյանի կարծիքով, պետք է լինի դպրոցները լաբորատոր սարքավորումներով ապահովելը: Մենք ունենք դպրոց, որտեղ նույնիսկ խորհրդային տարիներից մնացած լաբորատորիա չկա՝ ասում է և հավելում, որ այսպես հնարավոր չէ կրթությունն ու գիտությունը սիրել տալ աշակերտին:
«Լաբորատորյաները բովանդակային առումով շատ լուրջ բաղադրիչներ են: Ո՞նց կարելի է աշխարհի կրթության հետևից գնալ՝ դպրոցում համակարգիչներ չունենալով: Երևելի են բոլոր նրանք, ովքեր գիտակցում են սա և անում են անհրաժեշտ քայլեր»:
«Գևորգյանց» հիմնադրամի աջակցությունը տեղին է ու պահանջված՝ դպրոցի տնօրեններն իրենց շնորհակալությունն են փոխանցում հիմնադրամի նվիրատուներին համոզմունք հայտնելով, որ գույքն ու տեխնիկան կնպաստեն ուսման որակի բարձրացմանը։