Նոյեմբերի 22, 2024

Թմրանյութերի դեմ պայքարի ներկա միջոցները բավարար չեն․ ԱՀ գլխավոր դատախազ

By Ասպրամ Ավանեսյան Հուլիսի 12, 2022

ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը դիմել է կառավարությանը՝ թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը խստացնելու առաջարկով։ Դատախազն արատավոր այս երևույթի դեմ պայքարի միջոցներն անբավարար է համարում՝ վկայակոչելով վիճակագրությունը։ Արցախի ՆԳՆ հունիսի վերջի հաղորդագրությունների մի զգալի մասը թմրանյութերի հայտնաբերման ու թմրամոլության դեմ տարվող աշխատանքերին էր վերաբերում։ Հունիսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում «Կանեփ-Կակաչ 2022» համալիր միջոցառման ժամանակ ի հայտ է բերվել շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու և աճեցնելու 18 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5-ի համեմատ: Հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1563 կգ կանեփ տեսակի չմշակված բույս: 

Թմրանյութերի և դրանց դեմ պայքարի մասին խոսելիս,  անգամ,  ստիպված ենք օգտագործել պատերազմից առաջ  ու պատերազմից հետո բաժանումը։ Հետպատերազմյա    իրավիճակը  թմրանյութերի տարածման համար նպաստավոր պայմաններ  է ստեղծում՝ պահանջելով դրանց դեմ պայքարի նոր՝ ավելի մեծ ռեսուրսներ։ 

Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի խոսքով՝ խնդրին  համակարգային լուծում պետք է տրվի։

«Գործադիր իշխանությանն ուղղված մեր առաջարկը հետապնդում է թմրամիջոցների և թմրամոլության դեմ պայքարելու մեկ միասնական ծրագիր մշակելուն և այն գործարկելուն։ Թմրանյութերի դեմ պայքարի ողջ ծանրաբեռնվածությունն այս պահին իրավապահ համակարգի վրա է։ Պայքարը, որպես կանոն, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտումն է, այդ դեպքերի քննությունը և պատասխանատվության տարբեր միջոցների ենթարկվելը։ Այն պատկերը, որը ունենք,  միայն իրավապահ համակարգի այս կոշտ պատժողական քաղաքականությամբ  հնարավոր չէ փոխել»։

            Մենք չպետք է խուսափենք հասարակության շրջանում առկա արատավոր երևույթների ու սովորությունների մասին   բարձրաձայնելուց՝ ասում է Գուրգեն Ներսիսյանը։ Պետական համակարգի յուրաքանչյուր մարմին իր իրավասության շրջանակում պետք է ներգրավված լինի այդ  պայքարում։

«Մենք ունենք հոգեթմրաբանական դիսպանսեր, ունենք այդ ոլորտում պետական քաղաքականություն իրականացնող առողջապահության նախարարություն։ Բազմապիսի պետական մարմիններ կան, որոնք այդ ուղղությամբ կարող են և  կոչված են աշխատանքներ կատարել։ Եվ եթե այդ աշխատանքները պետության կողմից կոնկրետ իրավական ակտով համակարգվեն և մեկտեղվեն, սրանք հավելյալ նշանակություն կունենան իրավապահ մարմինների աշխատանքի արդյունավետությունը բարելավելու համար»։

            Դատախազությունը թմրամիջոցների դեմ պայքարի միջոցներ է առաջարկում։ Աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է նման երևույթներն առավել վաղ շրջանում հատնաբերել։ Մենք պետք է ընդունենք, որ բավականին մեծ աշխատանք ունենք անելու երիտասարդների շրջանում, նրանց պետք է ներկայացվի այս երևույթի վնասակար լինելը, ասում է  զրուցակիցս  և հավելում , որ թմրամիջոցների վտանգավոր հատկությունների մասին իրազեկելը պետք է լինի կրթական համակարգի դաստիարակչական  ուղղություններից մեկը։

«Չեմ կարծում, որ կրթական համակարգում դասընթացներ կամ բացատրական աշխատանքներ են տարվում, բայց մենք պետք է հասկանանք,   որ այս երևույթի վերաբերյալ պետք է շատ արդյունավետ աշխատանք տարվի, հատկապես, երիտասարդների շրջանում»։ 

Երևույթի դեմ պայքարի ծրագիրը պետք է լինի ավելի համընդգրկուն, միայն բացատրական աշխտանքներով ու տեղեկացնելով  հարցը չի լուծվի՝ համոզված է Գուրգեն Ներսիսյանը։

Թմրանյութերի ապօրինի շրջանառությունն այժմ, մեծավմասամբ,  իրականացվում է համացանցի օգնությամբ։ Այս պարագայում սկզբնաղբյուրի բացահայտումը դժվարանում է։

«Իրավապահ համակարգի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի դեմ պայքարի այսպիսի ծավալ երբևէ չէր եղել։ Թաքնված հանցավոր երևույթներն այսօր անհամեմատ ավելի շատ են բացահայտվում»։

 

Թմրամոլությունը զուտ վիճակագրություն չէ։ Այն առաջին հերթին մարդկային խեղված ճակատագրեր է, կործանված ընտանիքներ։ Ուստի Հանրապետության գլխավոր դատախազի համոզմամբ՝   առողջ հասարակություն ունենալու համար պետությունը ոչինչ չպետք է խնայի։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ