Երևանում առաջիկա օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ 39-ից մինչև 42 աստիճան. հիդրոօդերևութաբանների կանխատեսումներն են։ Պատճառը Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումն է Հայաստանի տարածք, ինչի պատճառով հանրապետության գրեթե ողջ տարածքում՝ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում է արձանագրվել։ Արցախում նույնպես ջերմաստիճանի բարձրացում է սպասվում՝ ասում է Արցախի հիդրոօդերևութաբանության ծառայության տնօրենի տեղակալ Լաուրա Հովսեփյանը։
«Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված նախալեռնային գոտիներում հուլիսի 16-20-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 36-40 աստիճանի»։
Դիտարկելով վերջին 10 տարվա եղանակային ցուցանիշները, պատասխանատուն նշում է, որ ջերմաստիճանի ամենաբարձր ցուցանիշը հուլիս-օգոստոս ամիսներին գրանցվել է 2015 թվականին։ Այս տարի ամենաբարձր ջերմաստիճանը դեռևս դիտվել է հուլիսի 12-13-ը։
«Այս տարի հուլիսի 12-13-ը Մարտակերտում սպասվում է 38 աստիճան, Մարտունիում՝ 37, Ասկերանում՝ 35, Ստեփանակերտում՝ 33 աստիճան։ 2021-ին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է հուլիսի 19-ին և օգոստոսի 9-ին, Մարտակերտում՝ 39-40, Մարտունում ՝ 40-41, Ասկերանում՝ 37-38, Ստեփանակերտում՝ 36 աստիճան։ Ամենաբարձրը դիտվել է 2015 թվականին․ Մարտունիում այն հասել է մինչև 43 աստիճան, Ասկերանում՝ 40, Ստեփանակերտում՝ 38 աստիճան։ 2018-ին Մարտակերտում մինչև 42 աստիճան»։
Նախալեռնային շրջաններում օդի ջերմաստիճանի բարձրացումը մինչև 35 աստիճան, հովտային շրջաններում՝ մինչև 40, խոսում է օդերևութաբանական վտանգավոր երևույթների մասին։ Ինչպես օրինակ արևահարության և հրդեհավտանգության մասին։
«Այս դեպքերում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Այդ օրերին խորհուրդ է տրվում ժամը 11-17 ընկած ժամանակաընթացքում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից»։
Այս օրերին անոմալ շոգ է Եվրոպական մի շարք երկրներում: Այն ավելի ընդգծված է հատկապես Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում: Այրվում են անտառներ, վտանգավոր գոտիներից տարհանվել են հարյուրավոր մարդիկ, մեկ մարդ զոհվել է, Իտալիայում սառցադաշտերը հալչում են՝ վտանգ ստեղծելով զբոսաշրջիկների համար, ԵՄ երկրների մեծ մասը բախվում է սաստիկ երաշտի։ Մեծ Բրիտանիայում օդերևութաբանական ծառայությունը «դեղին» մակարդակի նախազգուշացում է տվել կիրակի օրը սկսվող շոգին: Օդի ջերմաստիճանը Անգլիայի և Ուելսի մեծ մասում կգերազանցի 35 աստիճանը։ Սպասվում է, որ առաջիկա օրերին ջերմային ալիքը կտարածվի Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի այլ շրջաններում ևս։