Արդեն շուրջ երկու ամիս Հանրապետության «Մոր և Մանկան առողջության կենտորնում» նորածինների դուրսգրման արարողությանը ևս մեկ տուփ Սեր է գումարվում․ «Սեր Արցախ» բարեգործական ծրագրի նվեր տուփը։ Այսօր նվեր տուփերը փոքրիկները ստացան առաջին ձեռքից՝ «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Աննա Աստվածատուրյան Թերքոթից։ Մինչ փոքրիկներին այցելելը Աննա Աստվածատուրյան-Թերքոթը հանդիպում է ունեցել կենտրոնի փոխտնօրեն, բժիշկ Արթուր Մարությանի հետ։ Վերջինս ողջունել է բարեգործական ծրագիրն ու հաջողություն մաղթել։
Փոքրիկը հավանե՞լ է «Սեր Արցախ» բարեգործական ծրագրի նվեր-տուփը, թե՞ ոչ, դեռ չենք կարող ասել, բայց որ մայրիկին դուր է եկել, դեմքից էլ երևում է։ Տուփում նորածնի և մայրիկի համար առաջին անհրաժեշտ պարագաներ են․ նորածինների հագուստ, բժշկական ու խնամքի պարագաներ, երեխաների խնամքի ուղեցույց։ Մի քանի օրական բերդաշենցի փոքրիկի մայրը՝ Մանուշ Սագսյանը, տպավորությունները կիսում է մեզ հետ։
«Տա Աստված նման մարդիկ շատ լինեն, որ կանգնեն Արցախի կողքին։ Սա մեծ օգնություն է, մեծ սփոփանք է մեզ՝ արցախցիներիս համար»։
Նույն սենյակում, առանց ուշադրություն դարձնելու կողքի աղմուկին, հանգիստ քնել է Սերգեյը, մայրիկն էլ մտովի փորձում է փոքրիկի նվեր ստացած հագուստը։ Սերգեյի և մյուս փոքրիկների մայրերը ոչ թե իրենց տպավորությունները կիսեցին, այլ շնորհակալություն հայտնեցին ծրագրի կազմակերպիչներին՝ ստանալով փոխադարձը։ Աննա Աստվածատուրյան-Թերքոթ․
«Բոլոր նվեր-տուփերում գրածս փոքրիկ նամակն էլ եմ թողել․ իմ շնորհակալությունը նորածիններին։ Շնորհակալ եմ նրանց, որ շարունակում են ապրել այստեղ ու մեր երկրի համար առողջ փոքրիկներ լույս աշխարհ բերել։ Ես էլ ունեմ 2 երեխա, և ինքս գիտեմ՝ ինչ դժվարությունների միջով է անցնում մայրը 2, 3 տարի։ Շնորհակալ եմ նրանց ուժի համար»:
Աստվածատուրյան-Թերքոթի խոսքով՝ նվերները պատահական չեն հայկական արտադրությամբ ընտրված։ Նպատակը, մեծ քանակությամբ ապրանք գնելով, նաև հայ արտադրողներին օգնելն է։ Բարեգործական ծրագրի շարունակական լինելու մասին հիմնադիրն է պատմում․
«Ես ամենաքիչը մեկ տարի ուզում եմ շարունակել այս ծրագիրը, որը Սփյուռքի օգնությամբ է կատարվում։ Որքան մարդիկ շատ իմանան ծրագրի մասին, այնքան կցանկանան դրա շարունակականությունը տեսնել, որովհետև ծրագիրը շատ գեղեցիկ և ուրախացնող է։ Ես մտածում եմ Արցախում նոր ծրագրեր իրագործելու շուրջ։ Գաղափարներ շատ կան, բայց վերջնական չեմ որոշել՝ 2023 թվականին ինչ եմ անելու։ Այս պահին բոլոր ուժերս կենտրոնացրել եմ «Սեր Արցախ» բարեգործական ծրագրի վրա։ Ամբողջ տարին մենք աշխատում ենք․ եղանակային փոփոխությունների հետ փոխում փոքրիկների շորերը, մյուս իրերը։ Միայն մի բան է անփոփոխ․ մեր խորհրդանիշը՝ ծիտիկը»։
«Սեր Արցախ» բարեգործական ծրագիրը պատերազմից հետո է մշակվել։ 3 ամսվա ընթացքում ծրագիրը ներկայացվել, հաստատվել է, հունիսի 1-ից կյանքի կոչվել։ Ծրագրի շրջանակներում մոտ 200 նորածին նվեր տուփ է ստացել։ Աննա Աստվածատուրյան Թերքոթը կարծում է, որ բարեգործական ծրագրի շահառուներին ճիշտ է ընտրել․ նա վստահ է, որ փոքրիկների անգամ քնի մեջ ժպտացող դեմքը մեծ հույս և ուժ է տալիս ծնողին՝ նորից բահ վերցնելու, տուն կառուցելու կամ վերանորոգելու, աշխատանքի շտապելու համար։