Նոյեմբերի 25, 2024

Լուծել խնդիրները՝ բարձրաձայնելով դրանց մասին. «Գեն» կենտրոնի նպատակն է

By Սրբուհի Վանյան Հուլիսի 22, 2022

«Գեն» նախաձեռնությունների կենտրոնը հիմնադրվել է ընդամենը երեք ամիս առաջ՝ պատերազմից հետո հայրենիքում ստեղծված իրավիճակով մտահոգ երկու կանանց՝ Արմինե Ավագիմյանի ու Անուշ Միրզաջանյանի կողմից։ Նպատակը, Արմինե Ավագիմյան  խոսքով, Արցախի քաղաքացիական հասարակությանն օժանդակությունն է՝ սեփական ներուժը բացահայտելու և hանրապետության սոցիալ-տնտեսական կյանքի տարբեր բնագավառներում այն  կիրառելու նպատակով: Մշակվեցին կազմակերպության առանցքային նպատակներին հասնելու ռազմավարական քայլերը, հաշվի առնելով ներքին և արտաքին գործոններն ու միջավայրերը, սեփական ռեսուրսների առկայությունը։ 

«Կենտրոնի նպատակն է անաչառ և համապարփակ ուսումնասիրությունների միջոցով երևան հանել արցախահայության առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները, հանդես գալ դրանց լուծմանն ուղղված նախաձեռնություններով, առաջարկություններով։ Մենք նպաստելու ենք Արցախի քաղաքացիական հասարակության ձևավորմանը՝ բացահայտելու սեփական ներուժն ու կիրառելու այն ԱՀ սոցիալ-տնտեսական կյանքի տարբեր բնագավառներում։ Այսինքն «Գենը» ստեղծված է լինելու այն հարթակը, որտեղ բարձրաձայնելու ենք հանրության շրջանում առկա մտահոգությունները հանուն մեր հավաքական ներազդեցությունն առավելագույնի հասցնելու ձգտման»։

  Արմինե Ավագիմյանը երկար տարիներ աշխատել է պետական համակարգում, դասավանդել Արցախի պետական համալսարանում, ծանոթ է տնտեսական և հասարակական խնդիրներին, և կարծում է, որ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել բազմակողմանի և հավաստի վերլուծությունների և տարաբնույթ մասնագիտական հարթակների ստեղծման միջոցով հնարավորինս նպաստել Արցախում կենսագործունեության վերականգնմանն ու զանգացմանը: «Կենտրոնը հավակնում է տվյալ բնագավառներում առանցքային դերակատարություն ստանձնել,-ասում է նա,- և պատրաստ համագործակցել ինչպես քաղաքացիների, այնպես էլ տարբեր կառույցների հետ»։  

«Հիմք ընդունելով մեր կողմից ուրվագծված ուղղությունները, մենք բաց ենք համագործակցության համար, պատրաստակամ լսելու քաղաքացիների, հասարակական գործիչների կողմից հնչեցված հարցադրումները, ըստ անհրաժեշտության իրականացնելու ուսումնասիրություններ, կառուցողական երկխոսություններ ապահովելու նպատակով»։

 Ընդամենը 3 ամսվա ընթացքում կազմակերպությունն անդրադարձ է կատարել հանրությանը հուզող մի քանի կարևոր հարցի, պատկան մարմիններին ուղարկված գրավոր հարցումներով ստանալով պարզաբանումներ և հետևողական աշխատանքի միջոցով փորձելով ստանալ դրանց պատասխանները կամ հասնել դրանց լուծմանը։  

«2021 թվականի հուլիսի կեսին մեկնարկել է ԱՀ բնակիչների կողմից ՀՀ տարածքում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տեսանկարահանող և լուսանկարահանող սարերի միջոցով հայտնաբերված խախտումների գծով առաջացած տուգանքների գումարները փոխհատուցելու միջոցառում»։ 

Չնայած դրան, միջոցառումը չի մեկնարկել անգամ մեկ տարի անց։ 

«Հարցում ենք ուղարկել ՆԳՆ-ին, Ֆինասների նախարարությանը, պարզելու, թե որոնք են միջոցառման ձգձգման պատճառները, խոչընդոտները, քանի որ ստանում ենք բազմաթիվ դիմումներ այն մասին, որ այդ գործընթացի ձգձգման կամ ոչ լիարժեք իրականցման արդյունքում ֆինանսական ծանր կացության մեջ են հայտնվել ԱՀ 1000 ավոր քաղաքացիներ, ինչով էլ պայմանվորված առաջացել են ածանցյալ խնդիրներ»։

 Արցախը մայր Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհի հետ կապված շրջանառվող լուրերի ու հանրային մտահոգությունների առնչությամբ էլ «Գենը» նախաձեռնություն է վերցրել պարզաբանումներ ստանալու պատկան մարմինների կողմից։ «Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի տեղյակ լինելու իրականցվող գործընթացներին, և կարևորագույն հարցերի լուծման ոչ թափանցիկ գործելաոճն արցախահայության հանդեպ անընդունելի է»,-ասում է զրուցակիցս։  

«Կարծում եմ, որ օբյեկտիվ հանրային մտահոգությունները ժամանակին բարձրաձայնելը ներկայումս ավելի քան անհրաժեշտ է, և շատ կարևոր՝ պետական ինստիտուտների գործառույթների վերաբերյալ թափանցիկություն ապահովելու տեսանկյունից»։ 

Բոլոր հարցումների պատասխան նամակները տեղադրվում են կենտրոնի ֆեյսբուքյան էջում և տարածվում օնլայն այլ հարթակներով։ Արմինե Ավագիմյանը ուրախությամբ է արձանագրում, որ կատարվող աշխատանքի արդյունքում որոշ հարցեր արդեն ստացել են իրենց լուծումները, իսկ հանրությունը տեղեկացել է դրանց չիրագործման, խոչընդոտների օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներին։  

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ