«Գիշիի միջնակարգ դպրոց-հոսպիտալն է» կես կատակ կես լուրջ ասում են պատերազմի ժամանակ դպրոցը հոսպիտալ դարձրած բժիշկները։ Նրանք անցնում են դասարան առ դասարան կամ որ պատերազմի ժամանակ էր, պալատ առ պալատ, հիշում՝ ով որտեղ է աշխատել, վիրահատել կամ վիրակապ փոխել։ 2500-ից ավել վիրավորի կյանք փրկել են այստեղ, չի հաջողվել միայն 3-ին փրկել՝ ասում է պատերազմի առաջին օրերից սպիտակ բանակին միացած Հայաստանի «Վլադիմիր Ավագյան» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Սամվել Վարդանյանը: Ասում է ՝ երբեք չէր պատկերացնի, որ կքնի պատմության դասարանում կամ վիրահատություն կկատարի մաթեմատիկայի դասարանում։
«Սկզբնական շրջանում վիրավորները շատ չէին, աստիճանաբար շատացան։ Օրեր էին լինում՝ ընդունում էինք 50 և ավել վիրավորի, կատարում մեծ քանակի բարդ վիրահատություններ։ Եթե տեղում չանեինք այդ վիրահատությունները, դժվար թե շատերը փրկվեին»։
Պատերազմի օրերին օգնության ձեռք էին մեկնում բոլոր նրանք, որոնք գիտակցում էին, թե որքան է Արցախը զգում նրանց կարիքը։ Լինի դա Հայաստանից, թե Սփյուռքից: «Աստղիկ» ԲԿ-ի անոթային վիրաբույժ Սարգիս Մանուկյանը առաջին անգամ Արցախ է եկել հենց պատերազմի ժամանակ։ Ասում է՝ Արցախն առաջինը Գիշի գյուղի հետ է ասոցացնում, հատկապես՝ դպրոց-հոսպիտալի։
«Գիշիի դպրոցը տիպային է, ես մեծ սիրով կսովորեի այսպիսի դպրոցում։ Կցանկանայի իմ տղաներն էլ այսպիսի դպրոցում սովորեին։ Երազանքներիցս մեկն է, որ այլևս դպրոցը միայն սերունդ կրթեր»։
Թե ինչպես կարողացան դպրոցական սենյակները միանգամից բժշկական պալատների ու վիրաբուժարանի վերածել, դժվարանում են հիշել: Որովհետև, ինչպես դիմածնոտային վիրաբույժ Նորայր Միքայելյան է ասում, այդ պահին միայն մտածում էին անել առավելագույնը՝ հնարավորնիս շատ կյանքեր փրկելու համար։ Պայմանները հարմարեցրին իրավիճակին՝ ասում է․
«Մենք միայն մտածում էինք, որ տղաները ինչ կարգավիճակում ուզում է լինի՝ ողջ հասնեն իրենց տները։ Մեր ուժերի չափով արել ենք հնարավորն ու անհնարինը։ Մենք գիտակցում ու պատրաստ էինք՝ անհրաժեշտության դեպքում վայր դնել բժշկական գործիքները և զենք վերցնել։ Հասկանում էինք, որ սա արդեն համազգային խնդիր է»։
Դպրոցի բակում այսօր տեղադրվեց Արցախյան պատերազմներում ընկածների հիշատակը հավերժացնող խաչքար- հուշարձանը։ Նախաձեռնությունը նրանցն էր՝ դպրոց-հոսպիտալում կյանքեր փրկած բժիշկներինը։ 25 հոգանոց բժշկական խումբը, 2021-ի սեպտեմբերի 27-ին Եռաբլուրում հանդիպման ժամանակ որոշեց, որ պետք է անպայման մի նյութական հետք թողնել Գիշիում: Ավելի հարմար տեղ, քան դպրոց-հոսպիտալն էր, չկար: Տարբեր գաղափարների կողքին ընտրվեց խաչքար-հուշարձանի տեղադրումը։ Գաղափարն իրականություն դարձավ բժիշկ Սարգիս Մանուկյանի հոր՝ քանդակագործ Վաղինակ Մանուկյանի շնորհիվ։ «Կյանքը շարունակվում է՝ մոռացնել չտալով ցավը և այսօրինակ հուշարձանների, կոթողների կառուցումը կարևորվում է կորուստը գնահատելու և ապագան ճիշտ կառուցելու առումով»-,ասում է բժիշկ Նորայր Միքայելյանը: Հուսով է՝ այս դպրոցը այլևս երբեք հոսպիտալի չի վերածվի։
«Խաչքարը կրթօջախում սովորող երեխաներին նաև կպարտավորեցնի չմոռանալ անցյալն ու հայրենիքի համար ընկածներին։ Նրանք պիտի ձգտեն՝ անել ամեն հնարավորը՝ մեր հերոսներին արժանի շարունակողները լինելու»։
Խաչքար-հուշարձանի բացման իրավունքը տրվեց Վաղինակ Մանուկյանին և Մարտունու «Մոնթե Մելքոնյանի» անվան հոսպիտալի պետ Լևոն Ջիվանշիրյանին։ Խաչքարի բացմանը եկած տեղացիները, դպրոցի անձնակազմն ու աշակերտները մեկ առ մեկ մոտենում, շնորհակալություն էին հայտնում բժիշկներին, իրենց կատարած աշխատանքի և այս հուշակոթողի համար, նշում՝ նրանց շնորհիվ Գիշին ևս մի սրբատեղի ունի։