Ստեփանակերտի Թումո կենտրոնը հյուրեր է ընդունում, ճանապարհում։ Առօրյան հարուստ է ու լարված․ «Ուրիշ հուլիս» է։ Գործող աշխատարանների կողքին ավելացել է նաև կանադահայ Էլիզ Պողոսյանի գրաֆիկ-դիզայնի երկշաբաթյա աշխատարանը։ 12 տարեկանից բարձր ավելի քան 12 մասնակից նկար հանելուկներ են պատրաստում, ծանոթանում ոլորտում հաջողությունների հասած մասնագետների գործերին, ձգտում դրանց կողքին իրենցն ունենալ։ Էլիզ Պողոսյանը «Զարթոնք» երաժշտական ակադեմիայի հետ է Արցախ եկել․ Այստեղ է նաև մի քանի օր «հայերեն» ապրելու համար․
«Որպես սփյուռքահայ շատ էի ուզում Արցախի համար օգտակար քայլ անել։ Եվ ես առիթից օգտվելով եկա՝ գոնե կապ հաստատելու։ Ամերիկայում ամբողջ օրս անգլերենով կամ ֆրանսերենով է անցնում, ուզում էի մեր լեզվով հաղորդակցվել, մեր հին ձևով մի քանի օր ապրել, որովհետև մենք այնտեղ մեր ձևով չենք ապրում։ Ես ժամանակակից տեխնոլոգիաներ ունեմ, որ կարող եմ տալ աշխատարանի մասնակիցներին, բայց նրանք ինձ ավելի շատ օգնեցին՝ վերադարձնելով արմատներիս»։
Էլիզ Պողոսյանը Թումոյի ուսանողներին սովորեցրել է գրաֆիկ դիզայնով տարբեր պատմություններ հավաքել։ Ինչպես իր ժամանակին Միլթոն ԳլեյզերԸ Ես ❤ Նյու Յորքը պատկերանշանով փրկեց Նյու Յորքը, այնպես էլ այսօր Էլիզը, մասնակիցներին ծանոթացնելով Գլեյզերի գրաֆիկ դիզայնի հզոր ուժին, փորձում է նկար-հանելուկի միջոցով հարազատ հողը ավելի սիրելի դարձնել։
«Ծրագրի անունը «Vibes Project» է։ Սա մի ծրագիր է, որի շրջանակներում բառն ու նկարը ամուսնացնում ես։ Նրանց ցույց տվեցի I love New York-ի պատմությունը. Տարիներ առաջ Նյու Յորք քաղաքը ծանր վիճակից փրկել է Մելթոն Գլեյզերը՝ քաղաքում տեղադրելով սիրտը։ Պատմությունը ներկայացնելով՝ ուզում էի մասնակիցներին ցույց տալ նկարի ուժը։ Մենք մեր ձևն ունենք՝ հայրենիքը, մարդկանց ներկայացնելու»։
Այս երկու շաբաթների ընթացքում Էլիզը հասցրել է մոտիկից ծանոթանալ արցախցի ուսանողների հետ։ Ասում է, որ այն լեռները, բնությունը, որ նկարում են այստեղ, չես գտնի ուրիշ ոչ մի տեղ, և հենց այս պատկերների ու լեզվի կարոտն են զգում Սփյուռքում ապրող հայերը՝ նշում է Էլիզը։ Թումոյի շրջանավարտ, աշխատարանի մասնակից Ռոբերտ Համբարձումյանը պատմում է այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի մասին։
«Սա իմ առաջին աշխատարանն է ծառայությունից հետո։ Մասնագիտությամբ ես իրավաբան եմ, բայց այստեղ եկել եմ՝ հոբբիս վերհիշելու։ Էլիզի հետ ծանոթանալով՝ նորից ցանկություն առաջացավ գրաֆիկ դիզայնով զբաղվելու։ Շատ հետաքրքիր գրաֆիկ է մտածել Էլիզը, մենք պատրաստում ենք նկար-հանելուկներ։ Օրինակ իմը «Աչքերը չռել» ասացվածքն է եղել։ Բացի դրանից նոր ընկերներ, ծանոթներ ենք ձեռք բերել։ Այսպիսի միջավայրի կրկնությունը շատ հաճելի կլիներ մեզ համար․ ես անգամ մտածում եմ հոբբիս աշխատանք դարձնելու ուղղությամբ»։
Ստեփանակերտի Թումո կենտրոնում հաճախ են արտասահմանից կամ Հայաստանից մասնագետներ գալիս ու նման աշխատարաններ կազմակերպում։ «Թումո Արցախ» կենտրոնի ղեկավար Խաչատուր Հայրապետյանի խոսքով՝ այս մեկն էլ բացառություն չէր։ Այսօր Թումոյում նախատեսված է մի քանի միջոցառում անցկացնել, այդ թվում այս աշխատարանի ժամանակ կատարված աշխատանքների ցուցադրություն։ Հայրապետյանն է մանրամասնում։
«Ամեն դասընթաց իր ձևով է ներկայացվելու։ Օրինակ Դիանա Բալուղյանի վարած լուսանկարչության աշխատարանում մասնակիցները շրջել են Արցախի գյուղերում, լուսանկարել և այսօր ցուցադրելու են իրենց աշխատանքը, հետո սոցիալական ցանցերում տեղադրելու են իրենց ֆոտոպատմությունները, նաև մեր ուսանողների նկարած ֆիլմերի ցուցադրություն է այսօր լինելու։ Էլիզի ուսանողները, հավանաբար, տեսասահիկով կցուցադրեն իրենց աշխատանքը։ Աշխատարանների արդյունքը տեսնելու համար հիմնականում ծնողներն են գալիս, բայց մուտքը ազատ է բոլորի համար»։
Թումո կենտրոնում նոր աշխատարաններն ու դասընթացները նորություն չեն, բայց Էլիզի և աշխատարանի մասնակիցների համար այս պարապմունքները նոր, կարևոր ձեռքբերում է։ Այս մի քանի օրվա ընթացքում կանադական նրբությունն ու արցախյան լեռների խստությունը հաճախ են բախվել։ Բայց դրանց համադրությունն էլ շատ հետաքրքիր է։ Էլիզ Պողոսյանը խոստանում է այդ համադրությունը շարունակական դարձնել։