«Ինքնասպանության փորձ է արվել իմ հարազատի կողմից։ Պատերազմից հետո խաղամոլության խնդիրն ավելի է սրվել»։
Խաղամոլություն․ խնդիր, որին ծանոթ են գրեթե բոլորը, և որի մասին բարձրաձայնել համարձակվում են քչերը։ Մեր գործընկեր Էրիկ Հակոբյանն այդ քչերից մեկն է և առաջինը, որ ահազանգեց ու պատկան մարմինների ուշադրությունը հրավիրեց օրեցօր նոր մասշտաբներ ու ծավալներ ընդգրկող այդ խնդրի վրա։
«Մենք ևս ստիպված էինք առնչվել այդ խնդրին, որովհետև ուենք հարազատ, ով տառապում է խաղամոլությամբ։ Երկար տարիներ մենք պայքարում ենք այդ խնդրի դեմ, փորձում լուծում գտնել»։
Ընտանիքի պայքարը՝ միայնակ պայքարը, արդյունք չի տվել․ տարիներ շարունակ խնդիրը միայն խորացել է՝ իր հետ բերելով լրացուցիչ հոգսեր, և երբ խաղամոլությունն արդեն ինքասպանության փորձի է հասցրել իր հարազատին, Էրիկն ընտանեկան խնդիրը հանրայնացնելու քայլին է դիմել։ Հատկապես, երբ հասկացել է, որ այն մասսայական է, և համակարգային մոտեցում է պահանջում։
«Արգելափակվեցին օնլայն բուքմեյքերական կայքերը, բայց շրջանցող ծրագրերի հարցը մնում է բաց։ Խնդիրը համակարգային լուծում է պահանջում»։
Շուրջ մեկ շաբաթ է, օնլայն մոլախաղերի կայքերն Արցախում արգելափակվել են։ Այդ քայլի անհրաժեշտության մասին Ազգային ժողովի վերջին նիստում բարձրաձայնել էր Հանրապետության նախագահը․ ճիշտ է՝ լրիվ այլ ենթատեքստում, խոսելով ՎԻՎԱ-ՄՏՍ օպերատորի՝ Արցախից դուրս գալու մասին։
«Գիտե՞ք ինչ գումարներ են գնում, թվերը հայտարարեմ․ մեր սոցիալական ծրագրերի զգալի մասը․ ամսական շատ ավելի ավելի, քան մեկ մլն դոլլարը»։
Նախագահն անդրադարձել է խնդրի ֆինանսական կողմին, բայց խաղամոլությունը բազմաշերտ խնդիր է։ Ֆինանսական կողմից առավել ցավոտ է խնդրի սոցիալ-հոգեբանական կողմը, որին բախվում են խաղամոլներն ու նրանց ընտանիքները։ Այն հաճախ ընտանեկան ողբերգության է վերածվում՝ բայց և մնում պարփակված ընտանիքի ներսում։
Ի՞նչ է խաղամոլությունը, արդյո՞ք այն խնդիր է, պե՞տք է խոսել դրա մասին, որտե՞ղ պետք է փնտրել լուծումը, ինչպե՞ս։ ԱրՊՀ պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիտյա Յարամիշյանն այն կարծիքին է, որ
«Մենք խիզախություն չունեցանք խոստովանելու, որ այդ խնդիրներն առկա են։ Մանավանդ հետպատերազմյա իրավիճակում, երբ հասարակությունը հայտնվել է գոյաբանական էքզիստենցիալ ճգնաժամի մեջ։ Անորոշության իրավիճակը փորձում են կոմպենսացնել նման ձևով։»
Վիտյա Յարամիշյանը տալիս է խաղամոլության մասնագիտական ձևակերպումները․ առաջինը սոցիալականն է, որը բավականին հեշտ է հաղթահարել՝ ասում է մասնագետը․ մարդիկ ամբողջությամբ չեն տրվում դրան, խաղում են հաճույքի համար և չեն հայտնվում կախվածության մեջ։
«Կա դրա պրոբլեմատիկ իրավիճակը, երբ մարդը պարզապես չի կարողանանում չխաղալ։ ինչո՞ւ չի կարողանաում հաղթահարել, քանի որ ինչպես ցանկացած շեղում, խաղամոլությունը ևս պսիխոսոմատիկ բնույթ ունի։ Մարդը հայտնվում է այդ իրավիճակում, եթե անհրաժեշտ դաստիարակություն, ներազդեցություն հասարակության կողմից չի ստանում»։
Կա նաև պրոֆեսիոնալ խաղամոլություն, որն արդեն հսկայական բիզնես է մի նեղ շրջանակի և եկամուտի աղբյուր՝ հազարավոր խաղացողների համար։ Արգելանքի, պատժամիջոցների ճանապարհը, հոգեբանի խոսքով, հաճախ արդյունք չի տալիս, խնդիրն ընդամենն ընդհատակ է անցնում և վերադառնում՝ ավելի մեծ թափով։ Այստեղ անելիք ունի պետությունը՝ հասարակությանը ներազդելու, այն զարգացնելու առումով։ Նաև կրթադաստիարակչական թերի աշխատանքն է, որ հանգեցնում է նման վիճակի, և պատահական չէ, որ հատկապես ճգնաժամերի առկայության դեպքում, պատերազմներից հետո են նման երևույթները գլուխ բարձրացնում։ Դպրոցում, մանկապարտեզում, նույնիսկ փողոցում պետք է հստակ մշակված վարքային մոդելներ ներդրվեն, թե որն է ճիշտ, որը՝ սխալ՝ ասում է զրուցակիցս։ Մենք փոքրիկ հարցախույզ ենք անցկացրել Ստեփանակերտում՝ իմանալու մարդկանց կարծիքն ու պատկերացում կազմելու մոլախաղերին մարդկանց ներգրավվածության մակարդակի մասին։ Կապուտաչյա տղան, որ կլիներ 22-25 տարեկան, ներկայանալ չցանկացավ․ Խաղում է վաղուց՝ գրեթե մեկ տասնամյակ։ Լսել է, որ պետությունը մեխանիզմներ է կիրառում մոլախաղերն արգելափակելու ուղղությամբ։ Տխուր է դրա համար։ Ինձ հարցնում է՝ պա խե՞յն է փակալ։ Հիբա՞ է պեցվելու՝ տուք կգիդաք։ Երբեք չի կրել, բայց շարունակում է խաղալ։ Ինչո՞ւ՝ գտնում է, որ որտեղ էլ աշխատի, այդ չափի գումար չի կարող վաստակել։
«Խաղա լի, հունց ասիմ։ Մարդ կա մեծ գումարներա շահում, մարդ կա՝ տանելա տամ։Եթե գիդամ, թա միլիոնում շահելու՝ անունս կասիմ։ Վեշմին վախտ շահած չում․ խաղում անում, որովհետև էս պետությունում հինչքան էլ գործ անիս, էտքան գումար կարել չըս վաստակիս։»
Համլետը լրիվ սթափ է նայում խաղադրույքային բիզնեսին․ բուքմեյքերական շուկան ուսումնասիրում է երկար տարիներ․ մասնագիտությամբ հաշվապահ է, խաղում է մեկ- մեկ՝ քիչ գումարով։ Համոզված է՝ գաղտնիքը ճշգրիտ հաշվարկի մեջ է, խղճում է նրանց, որոնք առանց տիրապետելու շուկայի նրբություններին, բուքմեյքերական ընկերությունների ծուղակի մեջ են հայտնվում։
«Եթե մեծ գումարավըս խաղ անում, կարողա շատ պեներ տանել տաս․ բուքմեյքերին կարել չըս խաբիս։ Ես խաղ ընելիսում իլալ, բայց հետո հասկացալում, վեր առևտուրա, հաշվարկ, տրա հետի էլ տինում չում։ Էնա մարդիկ կան, ձևը գիդումն լի, դյուզ հաշվարկն անում»։
«Սա աղետ է և ամաչել դրանից պետք չէ, պետք է սկսել խոսել դրա մասին»,-ասում է Էրիկը։ Շատերն են ամաչում, որ իրենց հարազատը կամ բարեկամը տառապում է խաղամոլությամբ, բայց չեն գիտակցում, որ անգործ լռությամբ նպաստում են իրավիճակի բարդացմանը: «Ես գիտեմ նաև, որ անգամ որոշ պաշտոնատար անձինք են տառապում խաղամոլությամբ, մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»՝ ասում է գործընկերս ու երկար լռում։
Արցախում բուքմեյքերական ընկերությունների կայքերի արգելափակումը խաղամոլության դեմ պայքարին ուղղված քայլ է պետական մակարդակով։ Որքա՞ն կգործի այդ արգելքը, ի՞նչ ազդեցություն կունենա այն՝ ֆինանսատնտեսական համակարգի և, որ ավելի կարևոր է, Մարդու, վրա՝ դեռ չգիտենք։ Վիտյա Յարամիշյանը վստահ է, որ միայն արգելանքով խնդրի դեմ պայքարել չի լինի։ Հանրության բոլոր շերտերի ներգրավվածությունն է պետք։ Մարդու իրավունքների պաշտպանն արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել իր գործառույթների շրջանակում պայքարել խնդրի դեմ։ Էրիկն ավելին է ակնկալում և կարծում, որ այս հարցում պետք է աջակցենք պատկան մարմիններին․ յուրաքանչյուրս մեր գործունեության կամ քաղաքացիական գիտակցության շրջանակում։ Միայն այդ դեպքում պայքարը կարող է արդյունք տալ։