Շուշիի Դանիել Ղազարյանի անվան դպրոցն արդեն երկրորդ տարին է ուրիշ հասցե ունի։ Փոխվել է կրթօջախի տեղակայման վայրը ու սաների մեծ մասը, ուսուցչական կազմում նույնպես փոփոխություններ են եղել։ Իսկ ահա դպրոցի սկզբունքներն ու նպատակներն անփոփոխ են մնացել։ Կրթօջախը շարունակում է հայրենիքի համար այս բախտորոշ շրջանում կրթամշակութային գործունեություն ծավալել։ Ստեղծման օրվանից մինչև հիմա շատ դժվարությունների են բախվել ու պատվով հաղթահարել դրանք։ Ամեն ինչ հաղթահարելի է, եթե խաղաղություն կա՝ ասում է դպրոցի գործադիր տնօրեն Գոհար Մկրտչյանն ու պատմում դպրոցի ստեղծման մասին։
«1993 թվականին՝ Շուշիի ազատագրումից անմիջապես հետո ամերիկահայ երգիչ և գեղանկարիչ Կարեն Ղարիբյանը Լոս Անջելեսից ժամանելով Արցախ և տեսնելով քարուքանդ եղած Շուշին, նաև ականատեսը լինելով միանգամից մի քանի զինվորի թաղման, մտածեց ՝ ինչ անել՝ գոնե մի փոքր թեթևացնելու զոհվածների ընտանիքների հոգսը։ Որոշեց՝ երաժշտական դպրոց ստեղծել բոլոր հարմարություններով։ Վերադառնալով Ամերիկա՝ իր մտահղացման մասին պատմեց իր ընկերներին, բարեկամներին ու ծանոթներին,որոնք էլ հավանություն տվեցին այդ մտքին։ Եվ սկսվեց դպրոցի ստեղծման աշխատանքները»։
Սկզբում 5, ապա 15 հոգով հիմնել են բարեգործական ընկերակցություն, և ձեռնամուխ եղել դպրոցի հիմնադրման ու դրամահավաքի աշխատանքներին․ պատմում է Գոհար Մկրտչյանը։ Շուշիի գյուղատնտեսական տեխնիկոմի շենքում 1997 թվականին, մեկ դասարանով բացվեց երաժշտական դպրոցը, տարիների ընթացքում ավելացան դասարանների քանակն ու այնտեղ սովորող աշակաերտների թիվը։ 44-օրյա պատերազմից օրեր առաջ էին հիմնանորոգել դպրոցը, ասում է տիկին Գոհարը՝ խնամքով թաքցնելով հուզմունքը։ Միայն հաշված օրեր վայելեցին այն։
«2020 թվականի ամռանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ամբողջովին վերանորոգվեց շենքը և նույնիսկ այդ աշխատանքների պատճառով մի փոքր ուշ սկսեցինք ուսումնական տարին, այնտեղ հասցրինք միայն 5 օր դաս անել»։
44-օրյա պատերազմը փոխեց ոչ միայն դպրոցի հասցեն։ Դպրոցի սաներն ու ուսուցչական կազմը սփռվեց աշխարհով մեկ, շուրջ մեկ տարի նրանք աշխատեցին և սովորեցին տարբեր ուսումնական հաստատություններում։ Դպրոցի վերաբացման միտքը, սակայն հանգիստ չէր տալիս նրանց։ Դիմեցին հովոնավորներին՝ կրթօջախի վերաբացման հարցում իրենց աջակցելու խնդրանքով։ Աջակցությունը չուշացավ՝ ասում է դպրոցի տնօրենը։ Ձեռք բերեցին նոր գործիքներ, գրքեր, այն ամենն ինչ անհրաժեշտ էր դպրոցը վերաբացելու համար։ Լավագույն սաները, սակայն մնացին այն դպոցներում, որտեղ նրանց տարել էր պատերազմը։
«Ցավոք վերաբացման ժամանակ մեր լավագույն աշակերտները մնացին այդ դպրոցներում, որտեղ նրանց խոստումներ էին տվել, հաճախ սուտ խոստումնր, ամեն բան արել էին մեր լավագուններին իրենց դպրոցներում պահելու համար։ Եվ մենք մեր մնացյալ ուժերով՝ 70-77 աշակերտով դպրոցը վերաբացեցինք»։
Այսօր երաժշտական դպրոցը տեղակայված է Ստեփանակերտի Տիգրան Մեծ 26 հասցեում։ Մեկ տարի շարունակ, այն գործել է «Արցախի պետական համալասարանի» ու Գիտական կենտրոնի հետ միևնույն հարկի տակ։ Եթե անցյալ տարի ստիպված էին միջանցքը դասարանների վերածել, կամ միևնույն լսարանում և ժողովներ անել և կազմակերպչական աշխատանքներ կատարել, ապա այս տարի արդեն պատկերն այլ է։ Նոր ուսումնականը կդիմավորեն ավելի շատ դասարաններով, նոր խոհանոցով ու ճաշարանով։ Շենքում վերանորոգման, վերակառուցման աշխատանքներ են տարվում, իսկ տնօրենի հատուկ տետրում ՝ դասարանների վերաբշխման։ Սենյակները կհերիքեն՝ ասում է, բայց
«Վատն այն է,որ շենքում հնարավոր չէ տեղակայել համերգային դահլիճ և սպորտդահլիճ, սրանք առաջնահերթություններից են, սակայն կփորձեք այդ հարցը լուծել հաջորդ տարի։ Այս տարի կհասցնեն միայն ներսի աշխատանքներն ավարտին հասցնել։ Այս տարի մտածում ենք բակում մի տեղ հատկացնել, որ երեխաները խաղալու տեղ ունենան, անցյալ տարի նրանք զրկված էին այդ հաճույքից»։
Այստեղ սովորելու գլխավոր նախապայմաններից մեկը սերն է երաժշտության հանդեպ, բայց կան նաև այլ չափորոշիչներ։
«Նախապատրաստական դասարան գալիս են բոլոր ցանկացողները, մասնագիտությունն ընտրում են 3-րդ դասարանից, այդ ժամանակ և՛ մենք ենք տեսնում ինչ ընդունակություններ և հնարավորություններ ունի երեխան, և՛ իրենք են կողմնորոշվում։ Եթե ժամանակի ընթացքում պարզվում է, որ երեխան ընդունակ չէ նվագելու կամ երգով զբաղվելու, ապա տնօրինության խորհորդով նա տեղափոխվում է հանրակրթական ուրիշ հաստատություն»։
Դպրոցում առկա են դաշնամուրի, ջութակի, թավջութակի, քանոնի, կլարնետի, շեփորի, շվիի, դուդուկի, դհոլի, վոկալի, օպերայի դասարաններ, ինչպես նաև փողային նվագախումբ։ Դպրոցի սաները տարիներ շարունակ մասնակցել են միջազգային երաժշտական տարբեր փառատոնների, գրանցել հաջողություններ՝ արժանանալով դափնիների, նվաճելով ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներ, միևնույն ժամանակ հետ չմնալով դպրոցականների առարկայական օլիմպիադաներում։ Այստեղ նույնպես դպրոցի սաները մշտապես առաջնային տեղեր են զբաղեցրել։