«Genesis Armenia»-ի թիմի համար օրը նշանակալից էր։ Շուրջ մեկ տարի առաջ ստեղծված ադրբեջանագիտության կենտրոնը թողարկեց առաջին սերունդը, որ հաջողությամբ ավարտել է ադրբեջաներեն լեզվի ուսուցման խորացված դասընթացը։ Արցախից ու Հայաստանից ընտրված 13 ուսանող 8 ամիս ուսումնասիրել է ադրբեջաներենն ու Ադրբեջանը՝ պատմությունից, կենցաղավարությունից մինչև ներպալատական կառուցվածք և պաշտպանական համակարգեր։ Կենտրոնի տնօրեն Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ պատերազմից հետո խնդիր դրվեց ոչ ֆորմալ կրթության միջոցով առաջին հերթին ճանաչել հարևան թշնամի երկիրը և պատրաստել արհեստավարժ մասնագետներ այդ ոլորտում։
«Շոշափելով թշնամական երկրի՝ Ադրբեջանի տնտեսությունը, քաղաքականությունը, ներքաղաքական ինտրիգները, լեզուն ու մշակույթը՝ կուրսը կազմվեց։ Ֆիլտրացում արեցինք, քանի որ շատ դիմորդներ կային։ Բայց մենք աշխատում ենք որակի ոչ թե քանակի համար։ Ընտրեցինք 15 հոգի բայց նրանցից երկուսի ուսումնառությունը ընդհատեցինք, երբ տեսանք, որ հետևողականություն չկա։ 13-ով սկսեցինք և 13-ով էլ ավարտում ենք»։
Այսօր նրանք տիրապետում են նվազագույնը 2500 բառի, զուգահեռ նաև՝ Ադրբեջանի պատմությանը, քաղաքականությանը վերաբերող առանցքային վերլուծությունների և հետազոտությունների։ Բայց սա դեռ ծրագրի առաջին փուլն է։ Երկրորդ փուլում՝ սեպտեմբերից, ուսումը կշարունակի 10 ընտրված ուսանող։
«13-ից մենք ընտրեցինք 10 ամենալավ առաջադիմություն ցուցաբերածներին։ Արդեն երկրորդ փուլից հետո նրանք կտիրապետեն C 1 մակարդակի ադրբեջաներենի, ինչը մեզնից պահանջելու է լրացուցիչ ևս 8 ամիս։ Կսկսենք հենց սեպտեմբերի 1֊ից, կավարտենք արդեն հաջորդ տարվա մարտ-ապրիլ ամիսներին և կունենանք ոլորտի առաջատար մասնագետներ»։
Այդ մասնագետները կաշխատեն և՛ տեղեկատվական-քարոզչական, և՛ քաղաքական, և՛ բոլոր այն հարթակներում, որտեղ կա հակահայկականության դրսևորում՝ նշել է Աբրահամ Գասպարյանը։ Ուսանողներին շնորհավորելու էին եկել պետական նախարարը, ԿԳՄՍ, ինչպես նաև արտաքին գործերի նախարարները։ Արտակ Բեգլարյանը կարևորել է ծրագիրը, պատրաստակամություն հայտնել պետական մակարդակով առավելագույնս աջակցել դրան։
«Առավելագույնը անելու ենք, որ ձեր ներուժը, սովորածը հնարավորինս արդյունավետ իրացվի մեր հայրենիքի նպատակների իրականացման ճանապարհին։ Սա երկար պայքար է, տասնամյակներ շարունակ մենք պետք է աշխատենք, որպեսզի ինչ ֊որ շոշափելի արդյունքների հասնենք։ Եվ պետք է աշխատենք պարկեշտորեն, համեստորեն, հետևողականորեն»։
Իզուր չէ ասված՝ «Եթե ուզում ես հաղթել թշնամուդ, նախևառաջ ճանաչիր նրան»։ Genesis Armenia-ի այս ծրագրի նպատակն է պատրաստել կրթված, իր ազգային-պետական շահերն ու թշնամուն լավ ճանաչող սերունդ։