«Առավոտը բարի է Արցախի հանրային ռադիոյի հետ. «Բարի լույս, Արցա՛խ»Բարի լույս բոլոր նրանց, որոնք դեռ նոր են միացել: Հանրային ռադիոյի ուղիղ եթերում «Բարի լույս Արցախ» ժամանցային- տեղեկատվական ծրագիրն է»․․․
«Բարի լույս, Արցախ» ժամանցային-տեղեկատվական ծրագիրը պետք է եթեր հեռարձակվեր նախորդ շաբաթ մեկնարկած՝ Մայր բուհի կազմակերպած ուսանողական ճամբարից, բայց մինչ օրս հեռարձակումը խափանվում է։ Խնդիրը համացանցը, ոչ էլ սարքավորումները չեն, այլ այն, որ թշնամին ժամանակ չի թողնում ժամանցային ծրագրերին անդրադառնալու։ Նախապես պլանավորված ծրագրի մասին ռադիոյի տնօրեն Տաթև Խաչատրյանն էր պատմում։
« «Բարի լույս, Արցախ» հաղորդումը Արցախում նորություն է, որովհետև Հանրային հեռուստատեսությունը հնարավորություն չունի 24ժամյա ուղիղ եթերի, այդ հնարավորությունն առաջինը ռադիոյին է ընձեռվել ու, բնականաբար, առաջինն էլ մենք ենք այդ ձևաչափը կյանքի կոչել։ «Բարի լույս, Արցա՛խ» ծրագրի առաջին եթերաշրջանը ավարտվել էր հունիս ամսին։ Քանի որ այս շրջանում ուսանողական ճամբարներ հաճախ են կազմակերպում, որոշեցինք միանալ նրանց և ուղիղ եթերով ճամբարականների հետ կիսվել հետաքրքիր զրույցներով, առօրյայով»։
«Բարի լույս, Արցախ» հաղորդման հաղորդավարներ Ավետ Բադալյանն ու Անի Հարությունյանը ճամբարականների հետ երկու օր են անցկացրել, ծանոթացել նրանց առօրյային, ճամբարի ծրագրին։
«Ծրագիրը ճամբար տեղափոխելու գաղափարը առաջացել է մեր հնչյունային ռեժիսոր Արսեն Հայրապետյանի մոտ։ Դեռ մի քանի ամիս առաջ, երբ խոսում էինք ճամբարականների առօրյայի մասին, որոշեցինք այդ առօրյայից մի մասնիկ բերել ռադիո, աշխատելու ենք իրագործել գաղափարը։ Պետք է նաև հավելեմ, որ մեր կարևոր բացահայտումներից մեկն այն է, թե ինչպիսի թիմ ենք մենք․ պարզվեց՝ լավ, համերաշխ թիմ ենք, միշտ պատրաստ՝ իրար օգնելու»։
«Բազմապրոֆիլ ծրագիր ունի ճամբարը, ինչը մեզ նույնպես դուր է գալիս․ մենք մեզ նորից ուսանող ենք զգում»։
Ճամբարականները մինչ օրս էլ տեղում են, ռադիոյի թիմն է մասնատված․ մեր հնչունային ռեժիսորը հայտնի դեպքերից հետո այսուհետ հայրենիքի պաշտպան է․ նախատեսվածի փոխարեն ռադիոունկնդիրը օգոստոսի 1-ից լսում է լուրեր սահմանի լարվածության, հրադադարի խախտման, վիրավոր ու զոհված զինծառայողների մասին, և քչերին են հետաքրքրում ճամբարականների հետ «հետաքրքիր» զրույցները։
Աշխարհը խառն է․ գլոբալ ու տարածաշրջանային իրադարձությունները խաղաղ կյանքի ծրագրերին առայժմ տեղ չեն տալիս։ Հուսանք՝ կարճ ժամանակով։