Նոյեմբերի 22, 2024

Որակյալ կրթությունը՝ գալիք հաղթանակների բանալի

By Վիկտորյա Սարգսյան Օգոստոսի 19, 2022

Հայրենիքի պաշտպանության և գիտատեխնիկական առաջընթացի համար պատասխանատու օրինապաշտ քաղաքացու ձևավորում՝ սա ճեմարանի գլխավոր նպատակն է, նաև կրթական ծրագրի անվանումը։ Մենք վստահ ենք, որ այս բանաձևի  հիմքում պիտի փնտրենք ու գտնենք մեր գալիք հաղթանակների բանալին՝ ասում է  Արցախի «Շիրակացու ճեմարանի» տնօրեն Անահիտ Ղարաղազարյանը։ Այստեղ են Արցախում կրթությունը արդիականացնելու և որակական նոր նշաձող սահմանելու համար՝ ասում է։ Սկզբնական շրջանում ճեմարանը գործելու է ավագ դպրոցի ծրագրով։ Դիմել կարող են 9-րդ և 10-րդ դասարաններն ավարտած աշակերտները։ 

«Մեզ կարող են դիմել    10-րդ և 11-րդ դասարաններում ուսումնառությունը շարունակել ցանկացող մեր շնորհալի երիտասարդները։ Ուսումադաստիարակչական գործընթացը մեզ մոտ կազմակերպվելու է երկարացված օրվա ռեժիմով, սաներին տրամադրվելու է սնունդը՝ ըստ հատկացված ցանկի։ Մեզ մոտ գիտահեն կրթությունը լավագույնս զուգակցվելու է տարբեր իրավիճակներում այդ գիտելիքները կիրառելու հմտություններով»։ 

Առաջիկա տարիներին նախատեսում են ընգրկել նաև կրտսեր օղակի աշակերտներին։ Մանկավարժական անձնակազմը ընտրվելու է մրցութային կարգով։ Ուսուցիչները կլինեն Արցախից, բայց նրանք անցնելու են լիարժեք վերապատրաստում Երևանի Շիրակացու ճեմարանի ուսուցիչների կողմից։ 

«Վերապատրաստումները չեն լինելու կարճաժամկետ։ Այդ համագործակցությունը պետք է լինի ամբողջ տարվա ընթացքում»։ 

Ուսուցումը Շիրակացու ճեմարանում լինելու է անվճար։ Անահիտ Ղարաղազարյանի խոսքով՝ ի տարբերություն մյուս կրթական ծրագրերի, իրենց մոտ ավելի խորը և բովանդակային շեշտադրում կա յուրաքանչյուր առարկայի հանդեպ։ Երկորդ կիսամյակից նախատեսում են նաև հոսքային ուսուցում իրականցել՝ հումանիտար, բնագիտական և տնտեսական հոսքերով։ 

«Դիմորդները պետք է հանձնեն քննություններ հայոց լեցու, մաթեմատիկա, օտար լեզու (անգլերեն), ռուսաց լեզու և դիմորդի ընտրությամբ՝ բնական գիտություններ կամ հասարակական գիտություններ՝ մեկ հարցաթերթով»։ 

Գոռը արդեն մեկ տարի է սովորում է Երևանի Շիրակացու անվան ճեմարանում։ Իմանալով, որ ճեմարանը կբացվի նաև Արցախում ուրախացավ, քանի որ իրեն տրված հնարավորությունները արդեն ավելի հասանելի կլինեն արցախցի աշակերտների համար։ Որպես կամավոր եկել է հետևելու քննությունների ընթացքին։ Դիմորդներին խորհուրդ է տալիս ճիշտ օգտվել ընձեռված հնարավորությունից և հիշել, որ իրենց ստացած գիտելիքները կարևոր են մեր երկրի ապագայի համար։ 

«Կուզենայի, որ նրանք քրտնաջան աշխատեն, որպեսզի նրանց ստացած գիտելիքները կարողանան ապագայում  կիրառել և օգուտ տալ իրենց և Արցախին։ Ես ևս երկու տարի կսովորեմ ճեմարանում, հետո կընդունվեմ միջազգային որևէ համալսարան։ Կվերդառնամ Արցախ և գործունեությունս կշարունակեմ այստեղ»։

 Հետագայում  աշակերտների հետաքրքրությունների և նախասիրությունների հիման վրա  ճեմարանն առաջարկելու է նաև մասնագիտացված որոշ դասընթացներ, որոնք միտված կլինեն նաև աշխատաշուկայի համար լավ մասնագետներ պատրաստելուն։ Պայմանավորված հանրության շրջանում աճող հետաքրքրությամբ, նախատեսվում է կազմակերպել  նաև ընդունելության երկրորդ փուլ։ Դիմումները ընդունվում են մինչև օգօոստոսի 23-ը։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ