Երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում խաղաղ ցույց էր․ կազմակերպիչները հանրային հատվածի ներկայացուցիչներն էին, որ ձևավորել են Փրկության շարժում ՝ սեփական հողում ապրելու իրավունքը պաշտպանելու նպատակով։ Ինչպես հայտնի է, օգոստոսի 25-ից Արցախի ու Հայաստանի միջև գործարկվելու է նոր ճանապարհ, իսկ Բերձոր քաղաքով անցնող գործող ճանապարհը հանձնվելու է Ադրբեջանին։ Այս և դրան նախորդած իրադարձություններն Արցախում ու նրա շուրջ դարձան այն շարժառիթը, որը 100-ավոր քաղաքացիների հրապարակ հանեց։ «Այն պայմաններում, որ ձևավորվել են Արցախում 44-օրյա պատերազմում զինադադարի կնքումից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունմամբ, Արցախի ժողովրդին այլ բան չի մնում, քան համախմբվել և հետամուտ լինել սեփական քաղաքականությանը»,- նշված է շարժման քաղաքական հայեցակարգում։ Փրկության շարժման խորհրդի անդամ Աշոտ Սարգսյանը մասնավորապես նշել է․
«Առաջարկված քաղաքական նպատակն է ապահովել ԱՀ փաստացի անկախությունը, նրա անվտանգային քաղաքական երաշխիքների ձևավորումը։ Նման քաղաքականություն վարելու հնարավորությունները բխում են եռակողմ հայտարարության դրույթներից, ըստ որոնց Ադրբեջանը պարտավորվել է ճանաչել ԼՂ-ն որպես քաղաքական սուբյեկտ, հարգել ԼՂ-ում զորքերի շփման գիծը, ճանաչել ու ապահովել Արցախը ՀՀ հետ կապող միջանցքի անվտանգությունը»։
Այդ քաղաքականության ձևավորման քաղաքական ու իրավական հիմքը 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է։ Իսկ նրա ռազմավարությունը հիմնված է լինելու պայքարի խաղաղ մեթոդների, տեղեկատվական քաղաքականության ու դիվանագիտության վրա։ Կազմակերպիչներն ակնկալում են պարբերական հավաքների անցկացմամբ միաբանել և ոտքի հանել ամբողջ ժողովրդին՝ սեփական շահերը պաշտպանելու համար։ Աշոտ Սարգսյանը շարժման քաղաքական պահանջներն է թվարկում․
«Արցախի ժողովրդի ՀՀ հետ անվտանգ միջանցքի իրավունքի միջազգային ճանաչման փաստը, սեփական հողում բնակվելու և սեփական տարածքում խաղաղապահ ուժեր տեղակայելու իրավունք, քաղաքական և իրավական կարգավիճակ ձեռք բերելու իրավունք, ԼՂՀ տարածքային ամբողջականության վերականգնում»։
«Իմ իրավունքը» քաղաքացիական շարժման համահիմնադիր Արթուր Օսիպյանն իր ելույթում ասաց, որ մինչև ենթակառուցվածքները չփոխադրվեն նոր երթուղի, և մինչև չհամոզվենք, որ նոր ճանապարհը հարմար է, գործող ճանապարհը չպիտի զիջենք։
«Մենք պետք է համոզվենք, որ այդ ճանապարհը ձմեռն էլ է աշխատելու, ունի բավարար ամրություն և որակ, երկրորդը կոմունիկացիաների հարցն է, որ պետք է կառուցվեն։ Այսքանը հստակ պետք է իմանանք»։
«Սա ոչ թե խախտում է, այլ, կարելի է ասել, նոյեմբերի 9-ի պայմանավորվածության չեղարկում, որովհետև, 6-րդ կետի համաձայն, նոր ճանապարհի նախագիծը պիտի հաստատվի կողմերի պայմանավորվածությամբ։ Իսկ առաջին կետում նշված է, որ կողմեր են Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը։ Քանի որ չկա Հայաստանի Հանրապետության համաձայնությունը, և եթե նույնիսկ լիներ Արցախի Հանրապետության իշխանությունների համաձայնությունը, միևնույն է՝ սա խախտում է։ Մենք պայքարելու ենք թշնամու ագրեսիայի դեմ, որ ճնշմամբ փորձում է ամրապնդել իր դիրքերը։ Ռուսաստանի անմիջական պարտականությունն է զսպել Ադրբեջանի ամբիցիաները»,- ասել է Օսիպյանը։ Ժողովուրդը դժվարությամբ է դուրս գալիս, հիասթափված է՝ կազմակերպիչները կոշտ են արտահայտվում նաև իշխանությունների հասցեին։
«Ժողովուրդը հիասթափված է, որովհետև 30 տարի արցախցուն արգելել են խոսել, անիմաստ են համարում բարձրաձայնելը։ Բայց այդպես պետք չէ մտածել․ եթե բոլորս համախմբվենք, մեր խոսքն ավելի մեծ ուժ կունենա, քան նախագահի, Աժ և մյուս իշխանական թևերի հայտարարությունները։ Սա պետք է հասցնել ժողովրդին»։
Համախմբում պետք է, համախմբումը կարող է ելք դառնալ նույիսկ ամենաանելանելի թվացող իրավիճակներից։ Դեռ ոչ ոք չգիտի, թե ինչպես կարող է պտտվել պատմության անիվը․ աշխարհաքաղաքական լուրջ իրադարձություններ են ընթանում, և մենք, ճիշտ ռազմավարություն և դիվանագիտություն կիրառելու դեպքում կարող ենք աշխարհաքաղաքականության մեջ մեր տեղն ունենալ,-համոզված է Փրկության շարժման նախաձեռնող խումբը։
«2023 թվականին Թուրքիայում ընտրություններ են։ Ինչպես տեսնում ենք, Արևմուտքը դեմ է Էրդողանի իշխանությանը։ Եթե Արևմուտքը հաջողության հասնի, և Թուրքիան նոր նախագահ ունենա, որը կհրաժարվի այդ քաղաքականությունից, ինչը ԱՄՆ նպատակն է, Ալիևի թիկունքը կթուլանա։ Այդ դեպքում Ադրբեջանի հետ զրույցները կարող են լինել լրիվ այլ ուղղությամբ գնալ»։
Հադրութից տեղահանված Անգին Ծատրյանը իր մտահոգություններով է կիսվում․ արցախցին ուզում է և պետք է ապրի այս հողում․ ապավինում է Փրկության շարժմանը, հավատում, որ հնարավոր է միաբանվելով և պահանջատեր լինելով վերականգնել մեր իրավունքները։ Խաղաղ ցույցը տևեց շուրջ մեկ ժամ։ Դրանք, նախաձեռնողների խոսքով, անցկացվելու են պարբերաբար, մինչև որ ժողովրդի ձայնը ի վերջո տեղ հասնի։