Աշխատանքային այցով կրկին Արցախում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը և մի խումբ ակադեմիկոսներ:
Այցի նպատակը արցախցի գործընկերների հետ համագործակցության շրջանակներում իրականացված ծրագրերը, ձեռքբերումները ներկայացնելնելն և նախատեսվող աշխատանքների վերաբերյալ քննարկում կազմակերպելն է: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվիրակության անդամները նախ իրենց գոհունակությունն են հայտնել ձևավորված համագործակցությունից, ապա նշել, որ ուրախ են հերթական անգամ Արցախում գտնվելու համար: Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանն անդրադարձել է այն աջակցությանը, որ Կենտրոնին ցուցաբերել են Գիտությունների ազգային ակադեմիան և նրա ինստիտուտները:
«Շուրջ 12 տարի է, ինչ մենք համագործակցում ենք «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի հետ: Այդ շրջանակներում արդեն ունենք կահավորված լաբորատորիաններ: 2021 թվականից կնքված համագործակցության հուշագրի արդյունքում մեծ աջակցություն ենք ստացել նաև այլ ինստիտուտների կողմից: Այս մեկ տարվա ընթացքում մեր երիտասարդ գիտաշխատողները մասնակցել են միջազգային գիտաժողովի, վերապատրաստում անցել համապատասխան գիտական լաբորատորիաներում: Արևելագիտության ինստիտուտի կողմից մեր գրադարանը մեծ թվով մասնագիտական գրականություն է ստացել»:
Անյուտա Սարգսյանի խոսքով՝ Ռադիոֆիզիկայի և ֆիզիոլոգիայի ինստիտուտների կողմից տրամադրվել են լաբորատոր և անհրաժեշտ այլ սարքավորումներ, իսկ երկրաբանության ինստիտուտի կողմից՝ համակարգիչ: Բյուրականի աստղադիտարանը երկու գիտաճանաչողական ճամբար է կազմակերպել արցախցի դպրոցականների և ամառային դպրոց ուսանողների համար: Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը «Արցախ» լրատվականին պատմել է՝ թե ինչու է որոշվել հենց այս օրերին գալ Արցախ: Նրա խոսքով՝ պատերազմից հետո Արցախ այցելությունները պատահական չեն:
«Հիմա ենք եկել այստեղ, որորվհետև կարծում ենք, որ սա ճակատագրական պահ է բոլորիս համար: Մենք պետք է այստեղ՝ ձեր կողքին լինենք: Հայաստանի գիտական աշխարհը հասկանում է՝ ինչ է կատարվում և պատրաստ է միշտ լինել Արցախի կողքին»:
Արցախի Գիտական կենտրոնի հետ համագործակցության գլխավոր նպատակը Արցախին անհրաժեշտ գիտության ճյուղերի զարգացումն է՝ ասում է Աշոտ Սաղյանն ու հավելում՝ նման հանդիպումները պարբերական կլինեն: