Նոյեմբերի 22, 2024

Դեռահասները՝ հոգեբանների ուշադրության կենտրոնում

By Վիկտորյա Սարգսյան Օգոստոսի 27, 2022
Դեռահասները՝ հոգեբանների ուշադրության կենտրոնում Image credits:Armenpress
«Սոցիալ- հոգեբանական աջակցություն հետպատերազմական իրավիճակում ապրող դեռահասներին․ Մարտունու շրջան» ծրագիրը մեկնարկել է նախորդ տարվա հոկտեմբեր ամսին։ Շուրջ 8 ամիս Մարտունու շրջանի 10-13 տարեկան դեռահասները սովորեցին հաղթահարել իրենց հույզերն ու վախերը։ «Առաքելություն Հայաստան» ՀԿ Արցախի մասնաճյուղի տնօրեն Ռուզան Հովհաննիսյանի խոսքով՝ սկզբնական շրջանում նախատեսում էին աշխատել շուրջ 90 երեխայի հետ։ Բայց ծրագրի ընթացքում երեխաների թիվը գրեթե կրկնապատկվեց։ 
 
«Ծրագիրը իրականացվեց Մարտունու շրջանի Թաղավարդ, Կարմիր Շուկա, Մաճկալաշեն, Սոս, Բերդաշեն և Ճարտար համայնքներում։ Ի սկզբանե նախատեսել էինք շուրջ 90 երեխաների հետ աշխատել։ Ընթացքում հասկացանք, որ հոգեբանական աջակցության կարիք ունեն ավելի շատ դեռահասներ։ Արդյուքում աշխատեցինք 160 երեխայի հետ»։ 
 
Որպես ծրագրի ամփոփում՝ կազմակերպության կողմից կազմակերպեց հոգեբանակրթական ճամբար։ Երեխանների օրը փորձել են հնարավորինս հետաքրքիր կազմակերպել՝ տարբեր դասընթացներով, հանդիպումներով ու արշավներով։ 
 
«Ճամբարը կազմակերպվեց Պատարա գյուղում։ Ընտրեցինք առավել ծանր վիճակում գտնվող երեխաներին՝ 20 հոգու։ Եվ իրենց հետ աշխատանքը շարունակեցինք հենց ճամբարում»։
 
 Մեկ խմբում ընդգրկված էր 10-15 երեխա։ Նրանք ընտրվում էին թեստավորման արդյունքում։ Մարինա Գաբրիելյանը հոգեբաններից է, ով աշխատել է երեխաների հետ։ 
 
«Նախապես հարցաթերթիկների միջոցով կատարվել է երեխաների հոգեվիճակի գնահատում։ Բնականաբար առաջներհերթություն է տրվել այն երեխաներին, ովքեր ունեն կորուստ։ Մեր խմբում եղել է դեպք, երբ երեխան կորցրել է իր երկու եղբայրներին։ Եվ աշխատանքները հիմնականում ուղղված էին վախերի հաղթահարմանը»։
 
 Մարինա Գաբրիելյանի խոսքով՝ առաջին հանդիպմանը երեխաները մի փոքր կաշկանդված էին, դժվար էին խոսում իրենց զգացողությունների և հույզերի մասին։ Բայց անմիջական ու անկեղծ զրույցների միջոցով հոգեբաններին հաջողվեց ընկերանալ երեխաների հետ։  Թերապիայի հաջողություններից ու արդյունքներից գլխավորը  հենց սա է։
 
 
Artsakh Public Radio
Last modified on Շաբաթ, 27 Օգոստոսի 2022 20:38
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ