Նինա Միկոյանն ու Ռուզան Առաքելյանը Բերձորում հարևաններ էին, մի սանդղահարթակի վրա էին ապրում, 2,5 տասնամյակ հարևանություն են արել։ Տարբեր ճակատագրով երկու կին հիմա մի սենյակում են տեղավորվել․ իրենց հարազատներից հեռու, դեռ անորոշ պլաններով ու անհայտ ճակատագրով։ Հանդիպեցինք նրանց Արեշում․ Զորիկ Դանիելյանն իր հյուրատանը, ինչպես մի քանի այլ տեղահանված ընտանիքների, ապաստան է տվել նաև նրանց։ Ընդարձակ բակում սեփականատիրոջ կինը մեզ սուրճ հյուրասիրեց․
«Այ, տեսնում եք, դուք մեր հյուրերն եք, իսկ մենք ձեզ նույնիսկ սուրճ չենք կարող հյուրասիրել, մեր իրերը հիմա ինչ-որ պահեստում են,- ասում է Նինան,- իսկ Բերձորում․․․․ Բերձորում ուրիշ տեսակ կընդունեինք ձեզ»։
Լռում է երկար։ Լռությունը խախտում է Ռուզանը․
«Ճակատագրի բերումով հիմա ես մենակ եմ, 2 տարի առաջ ամուսինս մահացավ։ Մնացի մենակ, բիզնես ունեի։ Որոշեցի խանութ, տուն վաճառել, գնալ Հայաստան՝ մերոնց մոտ, որ այստեղ մենակ չմնամ։ Պատերազմը առաջ ընկավ։ Ամեն ինչ կորցրեցի։ Հիմա մենակ եմ։ Միայնակների համար դժվար է տնով ապահովելը։ Պիտի նոր շենքեր կառուցեն՝ մեկսենյականոց բնակարաններով, որ միայնակ մարդկանց տուն տան։ Ծրագրով պիտի դեռ նոր կառուցեն շենքեր։ Չգիտեմ ինչքան ժամանակ կտևի։ Բայց ես որոշել եմ ու եկել Արցախ, Արցախը ինձ համար շատ հարազատ վայր է»։
Ռուզանը Հոկտեմբերյանից էր, ամուսնացել է Գորիսում, ապա որոշել ընտանիքով տեղափոխվել Բերձոր՝ 1998 թվականին։ Մեծացրել են երեխաներին, բիզնես հիմնել։ Մեծ ու բարգավաճ քաղաքների վրա աչք չեն ունեցել․ սիրել են Բերձորը, այնտեղ անցկացրած յուրաքանչյուր օրը, թեկուզ հոգսաշատ, դժվար՝ բայց հիշում է երանությամբ։ Ինչու՞ է Արցախ եկել, երբ իր համաքաղաքացիները, մի քանի անգամ տեղահանվելու փորձից ելնելով և կրկին տուն-տեղ թողնելու ներքին վախերի պատճառով գերադասել են վերահաստատվել այլ տեղ։
«Չէր ձգում, Հայաստանում ապրելը իմը չէ։ Իմն Արցախն է, որովհետև շատ տարիներ այստեղ եմ ապրել, այստեղ է իմ շրջապատը։ Ես այստեղ եմ կայացել։ Իմ ամեն ինչն այստեղ է։ Տա Աստված, որ Արցախի ճակատագիրը լավ լինի ու ես միշտ մնամ Արցախում։ Չեմ գնա ուրիշ տեղ»։
Ռուզանը մանրածախ առևտրի խանութ ուներ Բերձորում, ընտանիք, ընկերներ, ծանոթներ․ հիմա մենակ է մնացել, խանութից շատ բանի չի հաջողվել հանել․ բեռնատար գտնելը այդ պահին հեշտ չէր, իսկ հայրենակիցները ցրվել են, նույնիսկ պարտքերը չի կարողացել հավաքել․ Աստված բոլորի հետ․ կցանկանան գտնել ինձ, հնարավորություն կունենան՝ կտան, չէ՝ Տերը պահապան։ «Ինչ նեղանամ, գիտեմ բոլորի վիճակը․ վարձով են մնում, նոր միջավայրում, շատերն առանց աշխատանքի։ Գաղթականը ո՞նց կլինի»։ «Պատերազմից հետո Բերձորում որոշ ժամանակ մնալը ոնց-որ սփոփանք էր մեզ համար,-երկար լռությունից հետո խոսում է Նինան։-Չէինք պատկերացնում, որ դրանից հետո դուրս գալն ավելի ուժեղ հարված կլինի»։
«Գիտեինք, որ 2,5 տարի ժամանակ ունենք։ Տարի ու կես դեռ ունենք։ Գիտեինք, որ այդ օրը կգա, բայց ոչ այդքան շուտ, անսպասելի։ Մեր տան ներքևի հարկը մաքրեցինք, ուզում էինք լավաշի, խմորեղենի փոքրիկ ցեխ բացել։ Աշխուժություն մտցնել ժողովրդի մեջ։ Երեկոյան մեզ ասեցին՝ հավաքվեք, պատրաստվեք, դուրս ենք գալիս»։
Նինան որդու հետ էր ապրում․ հիմա ինքն այստեղ է, որդին Հայաստանում․ դեռ չեն կողմնորոշվել ինչպես են ապրելու հետո․ անհրաժեշտ է կացարան գտնել, աշխատանք, հարմարվել ոչ բերձորյան միջավայրին, «մարսել», որ իրենց առավոտները Բերձորում չեն բացվելու և հոգնած օրը Բերձորում չի ավարտվելու։ Արցախի կառավարությունը տուն է խոստացել․ Նինան իր պլաններն այդ տան հետ է կապում։
«Մեզ Հովսեփավանում են տուն խոստացել։ Ես ասել եմ՝ չեմ ուզում այդ սերտիֆիկատը, պատրաստի տուն եմ ուզում։ Արդեն պատկերացնում եմ մի փոքրիկ այգի կհիմնենք, հողամասը կմշակենք։ Տղաս ասում է՝ շուն ու կատու կպահենք»։
Ինչ հասցրել, հանել են մարդիկ, ինչ չեն հասցրել՝ ուրիշի բաժին է։ Ամենացավոտը սրբավայրերն են՝ չպղծվեն։ Ռուզանն այս տարիներին որտեղ խաչքարի կտոր, սրբապատկեր էր տեսել, հավաքել բերել էր տուն, 25 տարի շարունակ,-պատմում է ընկերուհին։ Բերձորից դուրս գալու օրը հանձնեց քահանային։ Մի ապահով վայր տարեք, Տեր հայր՝ ասաց։
«Ամեն քայլափոխի հայի հետքեր են, հայի թողած գրություններն են։ Դարեր առաջ մեր ազգն է այստեղ ապրել»։
Նինան դուրս գալուց գրություն է թողել իր տան պատին․ հորդորել չավիրել, մարդու նման վերաբերվել այլ մարդու ստեղծածին։ Գրել է նաև՝ Չհիմնավորվեք, չուրախանաք, մենք հետ ենք գալու։ Զորիկի մոտ կանայք քիչ կմնան։ Նինան պատրաստվում է առաջիկայում Նորագյուղում ապրել․ աշխատանք են առաջարկել ու կացարան են տրամադրում։ Ռուզանին բախտն այս անգամ Խնածախ է տանելու։ Մինչև պետությունը հոգա իրենց բնակարանային հարցը։ Իսկ օրվա վաստակը իրենք կգտնեն մի կերպ․ սովոր չեն առանց աշխատանքի նստելուն․ կստեղծեն, արդեն՝ որերորդ անգամ․․․ Բերձորը կարոտելով, Բերձորի հիշողություններով կապրեն Աստծո տված լույսի տակ, մինչև մի օր, ով գիտի, գուցե և՝ վերադառնան։