Նոյեմբերի 22, 2024

Պատարայի «օգուտները»․ այս ամառ դրանք արդեն զգացել ենք

By Սրբուհի Վանյան Օգոստոսի 31, 2022

Ամենախոշոր տնտեսական ծրագիրը, որ իրականացվում է պատերազմից հետո՝ Պատարայի ջրամբարի կառուցումն է: Նախագծվել է պատերազմից հետո ջրամատակարարման ոլորտում առաջացած բազմաթիվ խնդիրների թելադրանքով։ Շինարարությունը մեկնարկել է 2021 թվականին:  Առաջին փուլում նախատեսված էր կառուցել մայր ջրագիծը և ջուրընդունիչ համակարգը, որով և մեկընդմիշտ կլուծվի ոչ միայն Ստեփանակերտ քաղաքի, այլև՝ Ասկերանի շրջանի մի շարք համայնքների ջրամատակարարման խնդիրը։ Այս ամռան ընթացքում մայրաքաղաքի բնակիչներն արդեն հասցրել են զգալ Պատարայի «օգուտները»․ Ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանն ասում է, որ մայրաքաղաքում ջրամատակարարման խափանումներ չեն եղել հենց իրականացված աշխատանքի շնորհիվ։

«Արդեն 10 օրից ավելի, Պատարա գետի ջրերը սնուցում են Ստեփանակերտը։ Թիվ 2 մաքրման կայանն ամբողջությամբ ֆիլտրում է դրանք։ Վարարակնի ջրընդունիչի ծավալների կտրուկ նվազման հետևանքով Մեղրագետում առկա ջուրը պոմպով մղվում է թիվ 1մաքրման կայան, գումարվում Վարարակնի ջրերին, մատակարարվում։  Ամռան երաշտ օրերն, ինչպես տեսնում եք, բնակչությունն իր վրա չի զգացել»։

 Վերջին 10 տարվա ընթացքում տեղումների քանակը նվազել է շուրջ 85 տոկոսով՝  ասում է Գեորգի Հայրիյանը:  Դա նշանակում է, որ տարեցտարի խնդիրը կարող է ավելի սրվել, եթե ջրամբարների ու նոր արտեզյան ջրհորների հորատման միջոցով քայլեր  չձեռնարկվեն։ Ծրագիրը բաղկացած է վեց փուլից, այժմ ավարտված  է համարվում  առաջին փուլը։ Ջրամբարի շինարարությունը, ապա և մայր ջրագծից առանձնացող ճյուղային գծերի կառուցման աշխատանքները կշարունակվեն ևս 3 տարի։ Մայրաքաղաքում ջրի խնդիր առաջիկայում չի լինի՝ ասում է ոլորտի պատասխանատուն․ 

«Այս տարի մայրաքաղաքում ջրի խնդիր չենք ունենա։ Իհարկե, եթե էլեկտրաէներգիայի լուրջ խափանումներն չունենանք։ Արտեզյան ջրհորները, ջրամբարները նաև դրանց հաշվին են աշխատում»։

 Այսօրվա դրությամբ մայրաքաղաք մտնող ջրի 60 տոկոսը պոմպերով է մատակարարվում։ Պատարայի ջրամբարի ծրագիրը նախատեսվում է ավարտել 2025 թվականի գարնանը, պիտի հասցնեն կուտակել գարնան սելավային ջրերը՝ ամռանը և ձմռան ամիսներին օգտագործելու նպատակով։ Ծրագիրը մասշտաբային  է, իրականացվում է պետական միջոցներով։ 

«Մենակ պատվարի շինարարությունը 9 մլրդ դրամ է պահանջում, ընդհանուր ծրագիրը մի քիչ ավելի բարդ է։ Մայր խողովակաշարերի հետ կկազմի 15 մլրդ դրամ։ Հետագայում, զուգահեռ պետք է ոռոգման ներքին համակարգեր կառուցվեն, որն ավելի շատ ֆինանսներ կպահանջի»։

 Մայր ջրագծի երկարությունը կազմում է 22 կմ, կառուցման աշխատանքներն իրականացնում են շինարարական 7 կազմակերպություններ։ 

«2022 թվականին պետբուջեով նախատեսվել է 1,5 մլրդ դրամ։ Հույս ունենք, որ 23, 24 թվականներին կկարողանանք նախատեսել, հատկացնել գումարներ, որպեսզի այդ աշխատանքերն ավելի մեծ տեմպ ստանան։ Տեխնիկապես հնարավոր է հասցնել»։

  Ջրսպառման ծավալները տարեցտարի ավելանում են, հատկապես հիմա, երբ մեծ ծավալներով շինարարություն է ընթանում, և 2022, 2023 թվականներին մեծ քանակությամբ տներ են շահագործման հանձնվելու։ Պատարայի ջրամբարի շահագործմամբ, որի տարողությունը կկազմի շուրջ 6 միլիոն խորանարդ մետր, հնարավոր կլինի ոռոգման տակ ներառելու ավելի քան 2500 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք:

«Պատարայի  ջրամբարը, վերջնական կառուցումից հետո մայրաքաղաքին և հարակից գյուղերին շուրջօրյա ջրամատակարարում է ապահովելու և ոռոգովի է դարձնելու 2500 հա հողատարածք»։

 Բացի Պատարայից, Արցախում ներկա պահին կառուցվում են այլ ջրամատակարարման համակարգեր։ Պատարայի ջրամբարից հետո, խոշոր նախագիծ է Կարկառ գետի ջրերից սնվող «Սովետարխ» ոռոգման ջրատարի վերակառուցումը, որը ջրով  կապահովի Ասկերանի շրջանի շուրջ 2000 հա գյուղատնտեսական և արտադրական նշանակության տարածքներ։ Շուրջ 300 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ոռոգման հնարավորություն է տալիս Հիլիսի ջրամբարը ։ Ջրամատակարարման համար օգտագործվելու են նաև ինքնահոս ջրերը՝ որտեղ հնարավոր է։ «Ինքնահոս ջրերով հողերի ոռոգման տեսակետից ամենասակավաջուրը Մարտունու շրջանն է,-ասում է Գեորգի Հայրիյանը։ - Այստեղ հարցի լուծման գրեթե միակ միջոցը արտեզյան ջրհորերն են։ Եվ քանի որ դրանց մի մասն անցել է թշնամու վերահսկողութան տակ, պետք է նոր ջրհորներ հորատեվեն»։ 

Artsakh Public Radio
Last modified on Չորեքշաբթի, 31 Օգոստոսի 2022 18:51
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ