Նոյեմբերի 22, 2024

Երկու տարվա ընդմջումից հետո Շուշիի դպրոցում ընդունելություն է եղել

By Մարգարիտա Ղուշունց Սեպտեմբերի 01, 2022

Շուշիի Դանիել Ղազարյանի  անվան դպորցում ուսումնական տարին մեկնարկեց սաների երաժշտական ու բանաստեղծական կատարումներով: Ուրախությունն ու ոգևորվածությունը համատարած էր: Կարոտի ու սպասումի զգացմունքները միախառնվել էին․ ակնհայտ էր՝ հանդիպումը սպասված էր: Կրթօջախի սաները պատերազմից հետո իրենց ուսումը շարունակել են հայաստանյան և արցախյան տարբեր դպրոցներում: Անսպասելի էր, որ այսօր այսքան շատ մարդ կլինի մեր դպրոցում՝ ասում է տնօրեն Գոհար Մկրտչյանը: Դպրոց հաճախող աշակերտների ճշգրիտ թիվը ՝ դժվարանում է նշել:   

«Քիչ առաջ էլ մարդիկ մոտեցան՝ իրենց երեխաներին մեր դպրոց ընդունելու համար: Ամեն օր ավելանում են դիմորդները: Սկզբնական շրջանում Կրթության նախարարությանը գրքեր ստանալու համար ներկայացրել էինք 90 աշակերտի համար ցուցակ, բայց այսօր արդեն այդ թիվն անցնում է 170-ը»:

 Հնարավոր և անհնար բոլոր տարբերակները կփորձեն՝ դասագրքերի պակասը  լրացնելու համար: Անցյալ տարի պատկերն այլ էր՝ ասում է : 

«Քանի որ դպրոցը վերաբացված է, և զրոյից ենք սկսել ամեն ինչ, դասագրքերի պակաս կա: Անցյալ տարի չնայած քիչ էին երեխաները, այնուամենայնիվ կար այդ խնդիրը և մեզ օգնեցին այլ դպրոցներ ու խնդիրն արագ լուծվեց: Այս տարի արդեն ավելի շատ է պակասը և ես պետք է շրջեմ դպրոցներով և հնարավորության դեպքում համապատասխան դասագրքեր ձեռք բերեմ»:

 Այս տարի աշակերտների առաջ իր դռներն է բացել նաև նախապատրաստական դասարանը, չնայած չափսերով փոքր է, բայց  ընդունել է  նախատեսվածից   շատ երեխաներ: Որակյալ կրթություն տալու պատրաստակամությունը մեծ է, մնում է խաղաղություն լինի՝ ասում է նախապատրաստական խմբի ուսուցչուհի տիկին Փիրուզյանը: Հիմա դասարանը միայն սեղանի ու աթոռների խնդիր ունի՝ ասում է: Ծնողներից մեկի ջանքերով և Սոցիալական զարգացման և միգրացիայի  նախարարության գործուն աջակցությամբ ձեռք են բերվել  բազմապիսի խաղալիքներ։  Նախաձեռնության հեղինակ Սոֆի Սարգսյանն է մանրամասնում. 

«Տեղեկանալով, որ դասարանը խաղալիքների պակաս ունի, դիմել եմ Արցախի Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն։ Նրանք էլ չեն մերժել և այսօր մեզ են տրամադրել մեծ քանակությամբ տրամաբանական խաղեր ու խաղալիքներ: Եվ այս ամենը տիկին Սոֆիա Հովսեփյանի բարձր հովանու ներքո»: 

Խմբում իրար ծանոթ և արդեն ընկերացած երեխաներ կան, անծանոթներն էլ   արագ կընկերանան՝ ասում է ուսուցչուհին: Փոքրիկ Աննան կրկնակի ուրախ է, ծանոթ դեմքեր կան խմբում, մասնագիտություն ընտրելու հարցում կողմնորոշվել է․ երաժիշտ ու պարուհի է դառնալու։  Արթուրն էլ ուրախ է նոր ընկերներ ձեռքբերելու համար, դեռ չի կողմնորոշվել՝ ով է լինելու մասնագիտությամբ, բայց խոստանում է՝ լավ է սովորելու․ 

Աննա «Մեր պարին խմբան Մարին ա ստեղ, մին էլ Մարիամը, ես եկալմ վեր ստեղ տաս անիմ»»։ 

Արթուր «Շատ լյավ սվրելուվմ, վեր բժիկ....ըմ չէ՝ ոստիկան տեռնամ»։ 

Ուժերի ներածին չափով կաշխատենք արդարացնել մեր դպրոցին վստահած ծնողների սպասելիքները՝ ասում է տնօրեն Գոհար Մկրտչյանը, երեխաներին ջերմ և հագեցած տարի է սպասվում: Համոզված է՝ Արցախում և նրա սահմաններից դուրս դեռ շատ կլսեն Շուշիի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական մասնագիտացված դպրոցի սաների անունները:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ