Նոյեմբերի 24, 2024

Նոր ուսումնականը՝ նոր մասնաշենքում

By Ասպրամ Ավանեսյան Սեպտեմբերի 01, 2022

Արցախի մայր բուհում այսօր արտասովոր եռուզեռ էր։ Միայն 1-ին կուրսի ուսանողները չէ, որ փնտրում էին իրենց ամբիոնը, դեկանատը, դասացուցակն ու լսարանը: Միջանցնքների աշխուժությունը տեղափոխվում է լսարաններ, ու մեկնարկում է «Արիության» դասը: ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը զրուցում է ուսանողների հետ, վերհիշում անցյալը՝ ավելի քան 40 տարվա բարձրությունից: Հիշում է ուսանող տարիների սեպտեմբերի մեկերը, որոնք ևս «անկախության» դասով էին սկսվում: Գիտելիքն ու կրթությունն են վաղվա օրվա երաշխավորները: Եվ գրի ու դպրության օրը առիթ է հայրենիքի, հայրենասիրության, նվիրումի մասին խոսելու: «Հայկական բանակն է մեր ինքնության, ազգային արժեքների պահպանման միակ երաշխավորը»,-ասում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանը: Այսօրվա երիտասարդի ամենակարևորը առաքելությունն այստեղ և այսօր ամուր գիտեիքներ ստանալն է՝ համոզված է գերատեսչության ներկայացուցիչը:

 «Եթե դուք հաջողեք Ձեր այդ առաքելությունը, դա կլինի ամենամեծ հաղթանակը: Ամենամեծ հաջողությունների Դուք կարող են հասնել կայուն գիտելիքների ու հմտությունների շնորհիվ: Համալսարանն էլ կնպաստի Ձեր երազանքների հասնելու համար»:

 Պատմության տարբեր ժամանակներում հայը կանգնած է եղել բնաջնջման, բռնատեղահանման և այլ մարտահրավերների առջև: Հայոց պատմության մեջ մեր ժամանակաշրջանն էլ վառ գույներով չէ ներկվելու: Հետևաբար այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ են նման դասերը: «Մեր հայրենիքի հետ տեղի ունեցած և շարունակվող ողբերգական իրադարձությունները կրկին փաստում են, որ սեփական հայրենիքում սեփական գոյության համար պայքարը չի ավարտվել»,- ասում է ՊԲ ներկայացուցիչ Նորայր Մկրտչյանը: 

«Մեր երկրի շուրջ ստեղծված անվտանգային իրողությունները թելադրում են  համախմբվել, զարգանալ ու հզորանալ:  Դրանով մենք կհավերժացնենք մեր ազատությունն ու անկախությունը կերտողների անմար հիշատակը, իսկ միջազգային հանրությանը ցույց կտանք, որ հավատարիմ ենք մնում 20-րդ դարավերջին հանրահռչակված ազգային գաղափարներին: Գիտելիքի ու դպրության օրն անցկացվող «արիության» դասերը հերթական ապացույցն են առ այն, որ անկախությունը բացարձակ արժեք է և այն պահպանելու և ամրապնդելու համար առանցքային դեր ունի գիտելիքներով զինված քաղաքացին»: 

Արցախը կարևոր նշանակություն ունի հայ ազգի ու հայոց պետականության համար։  Այս գաղափարը 30 տարուց ավելի է՝ կարմիր թելի պես է՝ ասում է Արտակ Բեգլարյանը: Արցախի բացառիկությունը հենց սրանում է կայանում: -Ինչո՞վ է նաևԱրցախը բացառիկ,- պետնախարարի հարցին ուսանողները պատասխանում են.-Աշխարհագրական դիրքով, նրանով, որ արցախցիները կապված են իրենց հողի հետ, նաև հայի ազգային դիմագծի   պահպանմամբ: Պետնախարարը համաձայն է բոլորի հետ: 

«Արցախի առանցքային նշանակությունը ես «Արցախի բացառիկություն» եմ կոչում կամ «Արցախականություն»: Դրա գլխավոր իմաստը անվտանգայինն է և որոշ չափով նաև գաղափարականը: Դրանց հիմքերում մի շարք այլ գործնական ու գաղափարական ուղություններ էլ կան»:  

Արցախի անկախության հռչակման օրվա  շեմին կարևոր է վերհիշել ու արժևորել անցածը, դրանից դասեր քաղել ու շարժվել առաջ՝ ավելի լավ ապագայի հետևից:

Artsakh Public Radio
Last modified on Հինգշաբթի, 01 Սեպտեմբերի 2022 17:11
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ