Նոյեմբերի 22, 2024

Քննարկվել է ուսանողների ուսման վարձերի պետբյուջեից փոխհատուցման կարգը

By Անի Աբաղյան Սեպտեմբերի 08, 2022
 Բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող ուսանողների ուսման վարձերի պետական բյուջեից փոխհատուցման կարգը  գործում է արդեն 2 տարի։ Հանրապետությունում անվճար ուսուցման համակարգին անցումը  Նագախահի նախընտրական ծրագրի կետերից էր: Պատերազմից հետո ծրագրում որոշ փոփոխություններ են կատարվել, ընդլայնվել է շահառուների շրջանակը։ Պետական նախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ 2021-2022 ուստարվա վարձերի փոխհատուցման կարգը լավ է գործել, այսօրվա խնդիրը նոր կարգը հաստատելն է։ 
 
«Որոշակի վերանայումներ են կատարվել  2021-2022 ուստարվա կարգի համեմատ։ Մի քիչ թեթևացրել ենք սոցիալական բաղադրիչը՝  սոցիալական տարբեր խմբերի, հատկապես տեղահանված բնակիչների համար, քանի որ սոցիալական սուր խնդիրները այդքան վառ արտահայտված չեն, որքան նախորդ տարի է եղել։ Ավելացրել ենք առաջադիմության հետ կապը, որը, կարծում եմ, հիմանարար հարց է։ Ես կարծում եմ, որ ուսման վարձերին առնչվող բոլոր որոշումները պետք է ուժը կորցրած ճանաչենք ու կարգավորեն  մեկ որոշման մեջ, որպեսզի իրավական առումով ավելի կանոնակարգված լինի»։
 
 Բեգլարյանի խոսքով՝ քաղաքական առումով սկզբունքային հարց է առաջին հերթին նախագահի նախընտրական և կառավարության ծրագրի իրագործումը, երկրորդը՝ ուսանողների վարձերի փոխհատուցման ծրագրով կրթության որակի բարձրացման գործում խթանող ազդեցություն ունենալը։ 
 
«Երրորդ հերթին սկզբունքային հարց է սոցիալական բնույթի խնդիր լուծելը, որպեսզի որոշակի սոցիալական կարիքներ ունեցող անձինք, ընտանիքներ, զուտ ֆինանսական սուղ պայմաններից ելնելով  կրթության մատչելիության խնդիր չունենան․ բոլորը բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ունենան՝ անկախ  ֆինանսական, սոցիալական հնարավորություններից, կարգավիճակից»։ 
 
Խորհրդակցությանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Հասմիկ Մինասյանը ներկայացրել է Արցախում սովորող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման պայմանները։
 
 «Ուսումնական առաջին կիսամյակում 100 տոկոսով կփոխհատուցվեն այն ուսանողների  ուսման վարձերը, որոնք ունեն 13,5 և ավելի բարձր միավոր, իսկ երկրորդ կիսամյակի փոխհատուցումը կախված է ուսանողների գրանցած արդյունքներից: Վարձը կփոխհատուցվի  12 միջին որակական գնահատականի դեպքում։ Նույն մեխանիզմը գործելու է նաև պետական բուհերի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերի համար, իսկ ոչ պետական բուհերում՝ 2-րդ և 3-րդ»։ 
 
Հեռակա ուսուցման համակարգում սովորողների համար փոփոխություններ գրեթե չեն լինի։ Քննարկմանը մասնակցում էին նաև  ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները։ Հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանն առաջարկել է բացի սպաների զավակների ուսման վարձը փոխհատուցելուց, փոխհատուցել  նաև Ներքին գործերի նախարարության Ոստիկանության, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության և Ազգային անվտանգության ծառայության աշխատողների երեխաների վարձավճարները,  նաև որոշ մասնագիտությունների համար բարձրացնել միջին որակական գնահատականը: Այս հարցում դեռևս վերջնական որոշում չկա: Հարցը դեռ քննարկման փուլում է։ 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ