Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր Ներքին Հանդից Կապան՝ մարզպետարան եկավ Ճակատենի այլընտրանքային ճանապարհով։ Նրա խոսքով՝ ճանապարհը բաց է եւ երթեւեկելի։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Սյունիքի փոխմարզպետը չհերքեց, որ այդ ճանապարհը որոշ ժամանակ փակ է եղել։
Այո, ճանապարհն իրականում փակ է եղել ռազմական գործողությունների սկսելու օրը մի քանի ժամ, բայց երեկ առավոտվանից ճանապարհը գործում է։ Սեպտեմբերի 13-ի կեսգիշերն անց՝ Ադրբեջանի ռազմական գործողությունները սկսվելուն պես Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, անհրաժեշտ հանձնարարականներ տվեց։ Այս պահին նա առաջնագծում է։ Այնտեղից է համակարգում սահմանի հետ կապված աշխատանքները։ Իրավիճակը շփման գծում եւ մարզի սահմանային հատվածում կայուն լարված է՝ ասում է Սյունիքի մարզպետի տեղակալը։ Չնայած Ներքին Հանդի սահմանային հատվածում կրակի ինտեսիվությունը պակասել է, բայց իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Չի բացառվում, որ ամեն պահի իրավիճակը փոխվի։ Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ Շիկահող, Ծավ, Ներքին Հանդ, Ճակատեն գյուղերից բնակիչները տարհանվել են, ապա, ըստ Նարե Ղազարյանի։
Տարհանվել են երեխաներն ու մեծահասակները, ինչպես գիտեք՝ ինքս շիկահողցի եմ, բոլոր բնակիչները այնտեղ են, ամուր կանգնած են իրենց հողին, տարհանման խնդիր չունենք ու չենք էլ պատրաստվում տարհանել։ Ավելի, մարդկանց զենք է տրամադրվել, փորձում են օգտակար լինել բանակին։ Բացի տվյալ գյուղերի բնակիչներից՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ու Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կամավորների հետ միացել են մարզի սահմանների պաշտպանությանը։
Գորիսի համայնքապետն իր ջոկատով Իշխանասարի տարածքում է, Քաջարանի համայնքապետը Ներքին Հանդում։ Մարզպետի հետ համակարգված կապը կա, վերահսկում են իրավիճակը։ Վիրավորների ու զոհերի թիվ Ղազարյանը չի կարող ասել։ Դեռ ճշգրտվում է։ Սեպտեմբերի 14-ին Գորայքի արոտավայրից հոտն իջեցնելիս գլխի հատվածում ծանր վիրավորում է ստացել Տեղ համայնքի բնակիչ Արթուր Մարությանը։ Նրան վիրահատել են Սիսիանի հոսպիտալում եւ տեղափոխել Երեւան։ Արդյո՞ք մարզի բժշկական կենտրոնները հասցնում են բուժօգնություն ցուցաբերել վիրավորներին։ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի փոխանցմամբ։
Հարավային հատվածի բոլոր գյուղերում ՝ Շիկահող, Ծավ, ներքին Հանդ, Ճակատեն, տեղակայված են շտապ օգնության մեքենաները, հերթափոխով աշխատում են, վիրավորներին հասցնում են հիվանդանոց։ -Իսկ վիրավորներին տեղափոխում են Երեւա՞ն, թե՞ մարզի բուժհաստատություներում են բուժվում։ -Հիմնական մասը՝ այո, լինում են թեթեւ վնասվածքներ, որ հենց տեղում, գյուղերի ամբուլատորիաներում են վիրակապվում։ Դեպքեր կան, որ Երեւան են տեղափոխվում։ Սյունիքի պաշտոնյան սյունեցիներին հորդորում է։
Խուճապի մի մատնվեք, մնացեք տեղերում, ամեն ինչ լավ է լինելու։ Նշենք նաեւ, որ մարզի 117 դպրոցները սեպտեմբերի 14-ից արձակուրդում են կրթության,գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության որոշմամբ։ Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, ապա որոշում ընդունելը թողնվել է համայնքապետարաններին։ Ինչպես տեղեկացրին «Ռադիոլուրին»՝ մարզի նախակրթարանները եւս հարկադիր արձակուրդում են։