Նոյեմբերի 22, 2024

Որպեսզի ապագան առանց մեզ չգա

By Սրբուհի Վանյան Սեպտեմբերի 21, 2022
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել է մրցույթ հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում առկա թափուր տեղերի համար։ Թափուր հաստիքների ցանկի համաձայն 16 ֆիզիկայի, 26 մաթեմատիկայի, 24 ֆիզկուլտուրայի ուսուցիչների պահանջ կա։ Մյուս թափուր հաստիքների մի զգալի մասը դարձյալ բնագիտական առարկաների մասով են։ Արդեն գրեթե մեկ տասնամյակ ահազանգվում է, որ բնագիտական առարկաների ուսուցման մասով կրթության համակարգը լուրջ խնդիրներ ունի։ Խնդիրներ, որոնք արմատական վերանայման կարիք ունեն։ Հակառակ դեպքում․․ ․․․․ «Հակառակ դեպքի» վնասներն արդեն քաղում ենք այսօր․ վաղն արդեն չափազանց ուշ կլինի։ Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանի հետ համատարած հումանիտարիզացման, դրա վնասների ու կրթության մյուս հիմնախնդիրներն ենք քննարկել ։
 
«Ներկայացված թափուր տեղերը բազմաթիվ են։ Ընդգծեմ, որ դրանք առաջնային մրցույթները չեն, մեծ մասը մրցույթի համար նախատեսված տեղերն են, իսկ առաջնայինը, երբ, այսպես ասած, ստատիստիկ տվյալներ ենք փորձել դրանից տարանջատել։ Ստացվել է, որ 25 դպրոցում մաթեմատիկայի տեղ ունենք՝ 443 ժամով, ֆիզիկայի տեղ ունենք 21 դպրոցում 228 ժամով և այլն։ Խնդիրն ինչ անկյունից էլ դիտարկենք՝ ունի բազում բաղադրիչներ»։
 
«Սկսած 1994 թվականից, ուսումնական պլանների փոփոխություններով, բնագիտամաթեմատիկական էլեմենտները աստիճանաբար քչացել են», -ասում է փոխնախարարը։
 
«Սկզբից հանվել է աստղագիտությունը, հետո, 2001 թվականին՝ գծագրությունը, աստիճանաբար մաթեմատիկայի դասաժամերի քանակն է կրճատվել․ եթե նախկինում եղել է դպրոցում 58 ժամ՝ 10 տարվա կտրվածքով և ամեն շաբաթ երեխաներն առնչվել են առարկային 5,8 ժամ, 12-ամյա կրթության փոխարկվելու դեպքում 4,3 է ստացվում։ Ֆիզիկան 18 ժամից դարձել է 12 ժամ։ Միակ բնագիտական առարկան, որի բովանդակային ծավալը համեմատաբար չի տուժվել՝ աշխարհագրությունն է»։
 
Հաստատված դասաժամերի քանակով անհնար է նման ծավալի նյութը մատուցել, պարզաբանում է փոխնախարարը, նշելով, որ բնագիտական առարկաների աստիճանական դուրսմղմամբ խախտվել է բնագիտական և հումանիտար առարկաների բալանսը։
 
«Ինձ թվում է, որ դա արվել է, այսպես ասած, եվրոպական քամիների ազդեցության տակ։ Խնդիրն այն է, որ Եվրոպայում տեխնիկական պրոցեսներն արդեն անցել են դրան և կարելի է հումանիտարն ավելացնել։ Իսկ մենք դրան դեռ չենք հասել, չունենք այն տեխնիկական հմտությունները, ընդհանուր պատկերացումները, ինչ ունի եվրոպացին կամ եվրոպական միջավայրը։ Եթե պատմության դասագրքերով օրինակ բերենք, ստացվում է, որ մի դասակարգից թռել ենք մյուսը։ Մինչդեռ կան աստիճաններ, որոնք պետք է անցնել»։
 
Այնպիսի առարկաները, ինչպիսիք էին աստղագիտությունը, գծագրությունը, որոնցից առաջինը երևակայություն, երկրորդը՝ տարածական մտածողություն է զարգացնում, չպիտի հանվեին ծրագրից։ Բնագիտական և հումանիտար առարկաների բալանսը պետք է վերականգնվի։ Անհետաձգելի է բնագիտական առարկաների գծով մասնագետներ պատրաստելու հարցը։
 
«Թափուր հաստիքների մեծ մասը գյուղական բնակավայրերում են, բայց մայրաքաղաքում էլ արդեն բնագիտական առարկաներից ուսուցիչների պակաս ունենք։ 11-րդ դպրոցը 41 ժամ մաթեմատիկայի տեղ ունի, դա ամեն ինչ ասում է։ Առաջին մրցույթը եղել է, ոչ ոք հայտ չի ներկայացրել, երկրորդ անգամ ենք հայտարարել։ Նույնը ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը․․․ Բնագիտական առարկաների գծով մի քանի տարուց վիճակը սարսափելի կլինի»։
 
Այսօր տղամարդ ուսուցիչների պակաս կա հանրակրթության ոլորտում․ սա ևս խորհելու տեղիք է տալիս․ կոլեկտիվներում երկու սեռի ներկայացվածությունը փոխադարձ զսպողական մեխանիզմի դեր է կատարում, բարենպաստ ազդեցություն թողնելով նաև կրթադաստիարակչական գործընթացի վրա,-ասում է զրուցակիցս։ Խորհրդային տարիներին, որպես կանոն հենց բնագիտական առարկաներն էլ մեծամասամբ դասավանդում էին տղամարդիկ։ Այսօր դպրոցը տղամարդու համար գրավիչ չէ․ առհասարակ, ուսուցչի աշխատանքը դադարել է հեղինակավոր ու գրավիչ լինել։ Եվ Միքայել Համբարձումյանի կարծիքով, արմատական փոփոխություն ասելով առաջին հերթին պիտի հասկացվի ուսուցչի հեղինակության բարձրացման, արժանապատիվ վարձատրության համակարգի ներդրումը։ Դրան զուգահեռ պիտի բացառվեն պատահական, ոչ պրոֆեսիոնալ, համապատասխան հմտություններ ու գիտելիքներ չունեցող անձանց մուտքը դպրոց։ 
 
«Որոշ դեպքերում, ինձ թվում է, լրջությունը չենք էլ փորձում հասկանալ։ Կրթության ոլորտը կոմերցիոն ոլորտ չէ, և գուցե դրա պատճառով գումարներ ներդնելու ցանկությունը քիչ է, բայց սա ամենամեծ ներդրումն է, ամենակայուն կապիտալը, չունենան՞ք գոնե այդ կապիտալը»։
 
Պետականաշինության, բանակաշինության, այլ ոլորտներում հաջողության հասնելու միակ ձևը կրթության, ուսման նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունն է։ «Եթե դեմքով չշրջվեցինք դեպի դպրոցը, բոլոր ոլորտերում պարտություն ենք կրելու, ասում է, ապա թվարկում իր առաջարկները։
 
«Դեմքով պիտի շրջվենք դեպի դպրոցը։ Եթե ոչ՝ մի քանի տարի հետո դպրոց էլ չենք ունենա։ Ուսուցիչների, նրանց ֆինանսական հարցերը պիտի բավարարվեն։ Գոնե մասամբ։ Ուսուցչի աշխատանքը պիտի դարձնել գրավիչ։ Սա մեկ։ Երկրորդ՝ խստացնել պահանջները ուսուցիչներից, ծնողներից, աշակերտներից։ Գիտե՞ք, կեղծ փաթեթավորմամբ՝ մարդու իրավունքեր, հոգեբանական իրավիճակներ հասկացություններով փորձում են արդարացնել՝ մեկն իր երեխային, մեկը՝ ուսուցչին, էլի չգիտեմ ում, շահարկելով պատերազմական իրավիճակը։ Սրանք բոլորը պետք է թողնենք մի կողմ։ Դպրոցը պիտի խիստ լինի։ Եթե մատների արանքով ենք նայում, և տնօրենն է անում ինչ ուզում է, և ուսուցիչը՝ գնահատականի միջոցով խնդիրներ է լուծում աշակերտի հետ, կամ ուսուցիչ-ծնող մտնում են կենցաղային հարաբերութունների մեջ»։
 
Ուսուցչի աշխատանքի գրավչությունը և դպրոցի հեղինակությունը բարձրացնելու միջոցով միայն կարելի է մեխանիզմներ մշակել կրկնուսուցումը վերացնելու ուղղությամբ, որն այսօր ուսուցչի՝ որպես մասնագետ իրացման ու եկամտի միակ աղբյուրն է փաստորեն։ «Կրթության հիմնախնդիրներն այսօր մի մեծ շրջանակ են․ փակ շրջանակ, որը մի տեղ անպայման պետք է կտրել, համոզված է փոխնախարարը, եթե ասում ենք, որ մենք ապագա պիտի ունենանք։ Եթե ոչ՝ ապագան առանց մեզ է գալու։
 
 
Artsakh Public Radio
Last modified on Հինգշաբթի, 22 Սեպտեմբերի 2022 12:11
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ