Երդման արարողություն՝ Հայաստանի Հանրապետության հռչակման օրը։ Մայր բուհն այսպես նշանավորեց Մայր Հայրենիքի տոնը։ Երդման արարողությունն այս անգամ էլ ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ կայացավ։ Ավանդույթի ուժով միջոցառումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արցախյան բոլոր պատերազմներում և Հայաստանի սահմանին նահատակված մեր հերոսների։ Ուսանողները երդվեցին լավ սովորել, սիրել և սրբությամբ պահպանել բարգավաճման ուղին բռնած մայր բուհը։ Նաև սրբությամբ հետևել հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած հերոսների պատգամներին։
«Մեր ազատագրված հայրենիքի պետական դրոշն ու պատիվը բարձր պահելու պատրաստակամությամբ՝ երդվում ենք, հարուստ գիտելիքներ ձեռք բերելու ճանապարհին չընկրկել դժվարությունների առջև, մաքառել գիտության բարձունքները նվաճելու համար։ Երդվում ենք վառ պահել նահատակված ուսանողների հիշատակը, հավատարիմ մնալ նրանց վեհ գաղափարներին, պատվով և պատասխանատվությամբ շարունակել նրանց կիսատ թողած գործը»։
Միջոցառման առանցքում ոչ այնքան կրթությունն էր, ուսանողների նոր կյանք մտնելը, որքան Հայրենիքը։ Բանաստեղծությունները, երաժշտությունը, հնչող խոսքը Հայաստանի, Արցախի մեր Հայրենիքին էին նվիրված։
Մեր լույս տղաների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ երդվելը կրկնակի պարտավորեցնող է՝ ասում է համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը։ Նա ռեկտորատի, գիտխորհրդի և պրոֆեսորադասախոսական կազմի անունից շնորհավորել է առաջին կուրսեցիներին ՀՀ Անկախության տոնի և երդման արարողության առթիվ: «Երդմամբ ստանձնած պարտավորությունները ուսանողները կատարելու են անշեղորեն»,-համոզված է Արմեն Սարգսյանը:
«Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, երդվելով այս հուշարձանի մոտ, պարտավորվում եք Ձեր ամբողջ կյանքում համալսարանում ձեռք բերված գիտելիքները, փորձը կիրառել միմիայն հայրենիքի բարգավաճման համար»։
Արցախի պետական համալսարանում ստանալիք գիտելիքները Արտակ Բեգլարյանը արժեքահեն է համարում։ Կրթությունն է ամեն բանի հիմքը։ Արժեքավոր ու արժեքահեն կրթությամբ պետք է հարգենք հանուն անկախության և ազատության զոհված մեր հերոս զավակների հիշատակը։ Արտակ Բեգլարյանը 1-ին կուրսեցիների շնորհավորել է Արցախի իշխանությունների և ԱրՊՀ խորհրդի անունից։
«Շատ ուրախ եմ, որ համալսարանը շարունակում է այս ավանդույթները և տարեցտարի բարելավում պայմանները, որի շնորհիվ համոզված եմ, որ տարիների ընթացքում, նաև Ձեր ջանքերով, Ձեր ստացած կրթության հիման վրա համատեղ ուժերով մենք կկարողանանք հաղթահարել մեր պետականության ու անկախության առջև ծառացած և ապագայում ծառանալիք խնդիրները»:
«Եթե ուզում ես գուշակել ազգի ապագան, նայիր երիտասարդությանը»․ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը Նժդեհի խոսքերն է հիշում։ Վաղը մենք հնձելու ենք այն, ինչ ցանում ենք այսօր՝ ասում է:
«Դուք պետք է դառնաք այն հիմնաքարը, որը պետք է լինի մեր պետականության ամրապնդողը։ Եղե՛ք հավատարիմ Ձեր երդմանը և հող հայրենիին»։
Բուհի 1-ին կուրսեցիների երդման արարողությանը ներկա է եղել նաև հասարակական գործիչ և բարերար Ռուբեն Վարդանյանը։ Բարերարը ուսանողներին հորդորել է հավատալ սեփական ուժերին և լինել ինքնավստահ՝ հավաստիացնելով, որ դա է հաջողության գրավականը։
«Հավատացե՛ք, որ ամեն ինչ Ձեր ձեռքերում է, Ձեր ձեռքերում է Ձեր ապագան: Ուզում եմ Ձեզ ցանկանալ, որ կյանքում երբեք չհիասթափվեք: Հավատացեք Ձեր ուժերին, և ամեն ինչի կհասնեք: Եթե Քո մեջ հավատ, սեր և ուժ կա, դու կհասնես նպատակներիդ: Ուզում եմ ցանկանալ, որ լինեք ուժեղ, երջանիկ, միշտ հավատաք ձեր ուժերին և գնաք առաջ, չկանգնեք»:
Միջոցառման ընթացքում ամենաբարձր միավորներով բուհ ընդունված առաջին կուրսեցիներն իրենց ստուգման գրքույկներն ու ուսանողական տոմսերը հանդիսավորությամբ ստացան բուհի պատվավոր հյուրերի կողմից։