Նոյեմբերի 24, 2024

Երկու համայնք՝ մեկ դպրոց․ Սահմանային դպրոցի առօրյան

By Վիկտորյա Սարգսյան Սեպտեմբերի 24, 2022
Դպրոցի ուսուցիչների մոտ արդեն սովորություն է դարձել․ ամեն օր ուսուցչանոց մտնելիս պատուհանից նայում են   թնամու կողմը։ Այդ հատվածից թշնամին 3 անգամ առաջ է եկել։ Նստել են ծառի տակ ու ասել, իբր սա  իրենց հողն է: Տարածքից թշնամուն հեռացնել հաջողվել է, դեպքն էլ գյուղում   հետաքրքիր զրույցների  առիթ է դարձել։ Դպրոցի տնօրեն Զորայր Աբրահամյանն է պատմում։ 
 
« Հենց այդ պատուհանի դիմաց մեր փոխտնօրենն է նստում։ Վերջերս, առողջական խնդիրների պատճառով, նա չէր եկել դպրոց։ Ես եկա ու նստեցի նրա տեղը, բոլորը զարմացած հարցրեցին՝ ինչու եմ այդտեղ նստել։ Կատակով ասացի՝ այստեղ եմ նստում, որ ներքևից նայեն ու չմտածեն, թե աշխատանքի չենք եկել։ Եվ միշտ մեր փոխտօրենին կատակով ասում ենք՝ երևի իրենք էլ են ամեն ագամ նայում ու մտածում՝ տեսնես ով է այդտեղ նստած»։
 
 Մեծ ու փոքր միջադեպերը   կատակի են վերածում, բայց, տնօրենի խոսքով, կան լուրջ մտահոգություններ, որոնք հրատապ  լուծումներ են պահանջում։ Աշակերտները ամեն օր թշնամու նշանառության տակ հաճախում են դպրոց։ Իսկ դպրոցը անգամ ապաստարան չունի։ Պատերազմից հետո դժվար էր վերադառնալ բնականոն դասերին։ Ուսուցիչները նույնիսկ շրջանցում էին «հայր», «եղբայր» բառերը, եթե դրանք կային դասագրքի մեջ։ Եվ երկար ժամանակ յուրաքանչյուր աշակերտի առանձնակի ուշադրություն էին հատկացնում։ Զորայր Աբրահամյանն ասում է՝ փորձում էինք նրանց հույս տալ՝ ինքներս չունենալով այդ հույսը։ 
 
« Մենք հենց նրանց համար հույս էինք ծնում և փորձում փոխանցել։ Եվ ես միշտ ասում էի՝ ժպտացեք, ուրախ եղեք գոնե դիմացինի համար։ Եթե դիմացինը տեսնի, որ դուք ժպտում եք, նա չի տեսնի ձեր հոգու խորքն ու ցավը»։ 
 
Կիչանի և Նոր Ղազանչիի Կարեն Առաքելյանի անվան դպրոց հաճախում են երեխաներ Կիչանից, Նոր Ղազանչիից ու Նոր Կիլիկիա թաղամասից։  Դպրոցի մարզադաշտում մի խումբ աշակերտներ են խաղում։ Նկատում են ինձ ու հրավիրում իրենց հետ «Դրոշակի» խաղալ՝ միանգամից բացատրելով խաղի կանոնները։ 
 
« Թիմերի ենք բաժանվում ու գնում ենք մյուս թիմի դրոշը վերցնելու, իրենք էլ պիտի մեզ բռնեն։ Եթե չեն կարողանում, ուրեմն մենք հաղթում ենք»։
 
 Իրենց գյուղը շատ են սիրում։ Հարցին՝ ինչքա՞ն, պատասխանում են՝ նկարագրել հնարավոր չէ։ Բայց իրենց հարազատ հողակտորի մասին շատ բան կարող են պատմել։ 
 
« Ես կպատմեմ, որ մեր գյուղում շատ հերոսներ կան, ովքեր անմահացել են, և մենք նրանց միշտ կհիշենք։ Ես ծնվել ու մեծացել եմ գյուղ Նոր Ղազանչիում։ Ղազանչին Արցախի հին գյուղերից է։ Այն ազատագրվել է 1993 թվականին։ Եվ փառք Աստծուն, որ ես այստեղ եմ ու իմ տանը»։ 
 
Կարեն Առաքելյանի անվան դպրոցը գտնվում է երկու համայնքների մեջտեղում։ Մեկ դպրոց ունենանալը նույնպես միասնականության խորհրդանիշ է՝ ասում է տնօրենը։
 
 « Դպրոցը միավորում է երկու համայնքները, կարելի է ասել, ամեն ինչով՝ գիտությամբ, հայրենասիրական ոգով։ Երեխաները դպրոց են հաճախում հիմնականում ոտքով։ Ովքեր ունեն տրանսպորտային միջոց իրենց երեխաներին ու նաև հարևան երեխաներին հասցնում են դպրոց»։ 
 
Դպրոցի շենքային պայմանները բավարար են, բայց դասասենյակների պակաս կա։ Համակարգչային սենյակը   նաև որպես դասասենյակ է ծառայում։ Իսկ ահա նիստերի դահլիճը բազմաֆունկցիոնալ է՝ այն և՛ դասասենյակ է, և՛ միջոցառումների անցկացման վայր, ձմռանը նաև՝ սպորտդահլիճ։ Նոր ուսումնականում դպրոցը չունի օտար լեզվի և մաթեմատիկայի մասնագետ։ Այս առարկանները չեն դասավանդվում։ Սա ամենացավալի և ամենահրատապ լուծում պահանջող խնդիրն է՝ ասում է Զորայր Աբրահամյանը։ 
 
«Դիմել ենք հարակից գյուղերի դպրոցներին բայց այդ դպրոցներում նույնպես խնդիրներ կան։ ԿԳՄՍ նախարարությանն ենք դիմել նաև, որպեսզի գոնե ժամանակավոր լուծում տրվի՝ թեկուզ ավագ կուրսերի ուսանողների միջոցով։ Առաջիկայում՝ գուցե հոկտեմբերին, խոստացել են որոշակիորեն լուծել խնդիրը»։
 
 Կարեն Առաքելյանի անվան դպրոցը ունի նաև նախադպրոցական խումբ։ Այս տարի նրանց հատկացվել է ավելի մեծ ու հարմարավետ սենյակ։ Նախակրթարանը բացվել է սեպտեմբերի 2-ին՝ Հարապետության Անկախության հռչակման օրն ու ընդունել իր 10 սաներին։
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ