Իմ պատմությունը
Սեպտեմբերի 27-ի առավոտն ինձ, ինչպես շատերին այդ օրը, դիմավորեց արկերի պայթյունով․ «Հավաքվիր, պատերազմ է»,- լսեցի կարճ հրահանգը, ու մինչ կհասկանայի՝ երազ է, թե իրականություն, ամուսինս դուրս եկավ տնից։ « Պա՞ ստրոյկան»,- մտմտացի քնաթաթախ, ու արդեն հաջորդ վայրկյանին հասկացա, որ ինձ չեն լսել․․ ․․Սկսեցի հավաքվել։ Բացեցի պահարանը, կանգնեցի 2 րոպե ու սկսեցի հավաքել կրիչներն ու ընտանեկան ֆոտոալբոմները։ Ամուսինս գնացել էր մեքենան լիցքավորելու։ «Յեսլի շտօ՝ վերցնում ես երեխաներին ու՝ Երևան․ ճանապարհին չես վախենում»,- բացատրում է նոր վարորդական իրավունքի վկայականը ստացած ու մեքենայի ղեկին մենակ նստել վախեցող կնոջը։ «Ու՞ր է հավաքածդ»՝ ցրում է շփոթմունքս։ Ես կանգնել էի՝ ընտանեկան ալբոմները գրկած, չիմանալով անելիքս։ Աղջիկներս հագնվում էին՝ հետևելով մեր կցկտուր խոսակցությանը։ «Այս ինչ ես վերցրե՞լ, անտառ եք գնալու։ Սպիրտ, լուցկի, ուտելիք, տաք շոր՝ արագացրու՛»․ ձայնը կտրուկ էր, սթափեցնող։ Նայում եմ հասակ առած աղջիկներիս, որ շիվար կանգնել էին ու հիշում իմ նկուղոտ պատանեկությունը։ Նրանց տարիքին էի։ 3-4 տարի նկուղում ապրեցինք, յուրաքանչյուր ընտանիք իր հասանելիք 2 քառակուսի մետր տարածքի վրա։ «Ոչ, նրանք այդ ամենը տեսնել չեն կարող,- մայրական բնազդը վճռական էր,- վտանգի պահին գենի շարունակողը պիտի ապահով վայրում լինի․․․» -Մնացեք տանը, չվախենաք, գալիս ենք,- արդեն մեքենայի միջից տալիս ենք հերթական հրահանգը ու դուրս գալիս տնից։ -Ես աշխատանքի եմ,- արդեն մեքենայի մեջ՝ պնդում եմ․ երեխաներին տեղափոխել չեմ կարող։ -Լավ, մնում եք, մի քանի օր մնացեք, կերևա։ -Դե գնացինք՝ ասում եմ թեթևացած,- Արցախ թաղամաս, խփել են այնտեղ, հետո ինձ կթողնես խմբագրությունում,-մեջս արթնացավ լրագրողը։ Խմբագրություն այդ օրը չհասա։ Շրջեցինք հարազատների թաղամասերով․ տղամարդիկ ռազմաճակատ էին մեկնել, նրանց կանանց և երեխաներին ապահով վայր տանելու խնդիր կար, իսկ մեքենաները, կամ մեքենա վարողներն այդ պահին շատ չէին Ստեփանակերտում։ Թումանյանով իջնում էինք, շենքերից մեկի մուտքի մոտ կանայք էին կանգնած․ մոտեցանք իրենց․ մեքենա էր պետք, ուզում էին հոսպիտալ գնալ՝ արյուն հանձնելու․ սպաների կանայք էին։ Խաղաղության պայմաններում անգամ պատերազմի կանոններով ապրող կանայք։ Իրենց ամուսիններին մեկ ռազմաճակատ, մեկ դիրքեր ճանապարհած ու լուռ նրանց վերադարձին սպասող կանայք։ Ինչպե՞ս են նրանք այսքան երկար ապրել իրար կողքի՝ Պատերազմն ու այս Կանայք, հարցնում եմ ինձ։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին մեր կողքին ապրող սովորական կանայք տվեցին հարցի պատասխանը։ Եթե ապրելը պահանջ է՝ ապրում ես նաև պատերազմի կողքին։
Կարինեի պատմությունը․
Կիրակի օր է, արթնացա ձայներից։ Մտածեցի՝ հրավառություն է։ Հետո հասկացա որ՝ ոչ։ Մի պահ լուռ նստեցինք, հետո արագ վեր թռանք։ Մտքիս երեխաներն էին, քնած էին, արթնացրեցինք։ Մինչև հիմա ինձ չեմ ներում, որ թաց հողաթափիկներ հագցրեցի։ Դրանք օր առաջ լվացել էի, ու չէին հասցրել չորանալ։ Մոռացել էի։ Հագցրի ու տարա հորս տուն, այնտեղ նկուղ կար, մենք չունեինք։ Աշխատավայրից զանգեցին, ասացին՝ մոտենանք։ Ես ու ամուսինս տուն վերադարձանք։ Նրան կանչեցին աշխատանքի, ես երեխաների համար տաք հագուստ տարա ու եկա աշխատանքի։ Զանգեց մայրս, ասաց, որ երեխաներին ապահով վայր պիտի տանենք։ Գնացի հրաժեշտ տալու։ Ծանր էր, չգիտեի՝ ճի՞շտ եմ անում, որ ես երեխաների հետ չեմ գնում։ Երկար չմտածեցի՝ պիտի մնայի։ Մեծ աղջկաս հորդորեցի հոգ տանել քրոջը։ Ասացի, որ շուտ կգանք։ Հույս ունեի, որ շուտ է վերջանալու։ Եղբայրս վերցրեց երեխաներին, ու գնացին։ Դժվարությամբ տեղ հասան։ Վերադարձա աշխատանքի։ Ես տեխնիկական աշխատող եմ, բայց ամեն աշխատանք կատարեցինք Ռադիոյում, ձայնագրություններ էինք անում շրջաններից, ուղիղ եթերներ ապահովում, հարցազրույցներ վերցնում, ճշգրիտ ինֆորմացիայի կարիք կար։ Ամուսինս մինչև նոյեմբերի 7-ը կիսախռով էր ինձ հետ։ Անընդհատ ասում էր՝ գնա, մեքենա էր փնտրում, բայց ես անդրդվելի էի։ Ես մտածում էի, եթե գնամ, ինչ որ մեկի հանդեպ դավաճանություն արած կլինեմ։ Երեխաների նկատմամբ, այո, դավաճանություն եմ արել։ Փոքր էին, ունեին իմ կարիքը, բայց մենակ թողեցի։ Այնուամենայնիվ, չեմ զղջում։ Պատերազմը լրիվ փոխել է ինձ․ հիմա ես այլ եմ։
Լիրայի պատմությունը
Պատերազմն ինչ համար անակնկալ չէր։ Այս տարիների ընթացքում ես ամեն օր սպասել եմ նրան։ Մի օր պիտի պայթեր։ Գյուղում էինք, երբ առաջին ձայները լսվեցին։ Անմիջապես Ստեփանակերտ ուղևորվեցինք։ Այն, որ ամեն ինչ վատ էր, կռահեցի մեքենաների հոսքից՝ դեպի Հայաստանի հանրապետություն։ Դեպի Ստեփանակերտ ընթացող մեր մեքենան միակն էր ամբողջ մայրուղում։ Ասում են, պատերազմը կանանց տեղը չէ։ Բայց ես համաձայն չեմ․ կանայք չպիտի տարհանվեին։ Կնոջ առաքելությունը պատերազմի ժամանակ ամուսնու, որդու, եղբոր կողքին մնալն է, նրան թև ու թիկունք լինելը, սպասելը։ Այո, սպասումի, ջերմության, հոգատարության կարիքը կար։ Շատ բան կարող էին անել կանայք։ Դավաճանություն է տղամարդուն նրա թիկունքը չպահելը։ Գոնե այն օրերին, երբ նրանք մեկ ժամով տուն էին գալիս, պիտի գտնեին իրենց սպասող կանանց։ Եթե այդ օրերին շատ կանայք լինեին Արցախում, թիկունքի գործը թիկնեղ տղամարդիկ չէին անի։ Նոյեմբերի 7-ին կրկին որոշեցինք, որ դուրս չենք գալու։ Բայց որոշումը վճռական էր, ու մենք ստիպված լքեցինք Ստեփանակերտը։ Նոյեմբեր 9-ին հասանք Երևան․ Հազիվ քնել էի, բայց առավոտյան երբ միացրի հեռախոսս՝ լուրերը նայելու համար, չեմ կարող ասել, թե ինչ կատարվեց իմ հետ։ Գնացի եկեղեցի։ Աղոթելու։ Չգիտեմ ինչքան մնացի։ Չփրկեց։ Դրանից հետո երկար ժամանակ չէի կարողանում ոչ եկեղեցի գնալ, ոչ աղոթել։ Դա խռո՞վք էր Աստծո հանդեպ, ընդվզո՞ւմ, վիրավորա՞նք, չգիտեմ։ Բայց ես չէի կարողանում աղոթել։ Պատերազմը շուռ տվեց իմ կյանքը։ Ես այսօր, որևէ բառ, վիրավորանք արտաբերելուց առաջ մտածում եմ մի քանի անգամ․ հիմա իմ համար անեծքը, վիրավորանքը մի քանի երես ունեն։ Ես այսօր չեմ ներել մեզ մեր պարտության համար։ Չեմ ներել մեր տղամարդկանց, իշխանավորներին, մտավորականներիս։ Մեղավոր ենք։ Չեմ հավատում, որ երկու տարի անցել է։Ինձ համար պատերազմը երեկ է եղել, կամ մի շաբաթ առաջ։ Ոչ երկու տարի առաջ։
Մանուշակի պատմությունը
Սովորական առավոտ էր։ Կիրակի։ Պատրաստվում էի իմ հաջորդ օրվա դասախոսությանը։ Տղաներս նախորդ օրը հարսանիքի էին, ու այդպես, քեֆները լավ՝ քնել էին։ Բայց իրենց ընկերներից մեկին, ով զինվորական էր, առավոտյան շուտ կանչեցին։ Գիշերն էին կանչել, ի դեպ․ այդպես ափալ-թափալ հավաքվեց, որ գնա, ասացի՝ այնպես են կանչում, կարծես կռիվը սկսել է։ Առաջին պայթյունները եղան։ Մի շուն վախեցած մտել էր մեր խոհանոցն ու դուրս չէր գալիս։ Հասկացանք, որ ինչ որ բան, շատ ծանր, սկսվել է։ Տղաներին արթնացրինք։ Հետո իրենց կանչեցին։ Փոքր տղաս արդեն Ջրականում էր, երկու միջնեկներս գնացին, ավագ որդիս, ով լուսանկարիչ վավերագրող է, Երևանից վերադարձավ։ Նկուղը կահավորեցինք, ներքնակ, գորգ, մահճակալ իջեցրինք, որպեսզի երեխաներին տանենք այնտեղ։ Փաստորեն ընտանիքիս բոլոր անդամները ներգրավվեցին պատերազմում։ Ես և ամուսինս, քանի որ պետք չէինք ռազմադաշտում, սկսեցինք կարել՝ բանակի կարիքների համար։ Պատերազմները մեր վերաբերմունքը որոշակի արժեքների նկատմամբ փոխում են։ Արժևորում ես որն է կարևոր, որը՝ ոչ։ Շատ ծանր է, երբ որդիներդ մարտադաշտում են, իսկ դու՝ մնում ես տանը։ Բայց հայրենիքն այնպիսի բան է, որ պաշտպաններ են պետք։ Ես չեմ պատկերացնում, որ իմ զավակներն այդ պաշտպանությունից իրենց դուրս տեսնեն։ Ինքնապաշտպանությունը հզոր բնազդ է։ Նույնիսկ կենդանիներին է տրվում դա։ Հատկապես բանական մարդը դրա մասին չպիտի մոռանա։ Չգիտեմ, ինչ որ սխալ ժամանակներ են եղել։ Մենք ինքնավստահ ենք եղել, համոզված, որ ինքն իրեն կստացվի։ Իսկ ինքն իրեն ոչինչ չի լինում, այն քաոսի է տանում։ Գիտե՞ք, բնության մեջ, երբ գարուն է գալիս, ուզում ենք սերմ պահ տալ, լավագույնն ենք պահում սերմացուի համար։ Իսկ սերմը, մինչև բերք տալը մեռնում է։Սա շատ էական է, և յուրաքանչյուր պատերազմ այն կրում է իր մեջ։ Աստված կնոջը ուժեղ է ստեղծել, քանի որ նա կյանք է տալիս ու պաշտպանում է այդ կյանքը։ Այդ ուժը հոգևոր ուժն է։ Կանայք շատ ավելի մեծ դեր ունեն, ուղղակի այն թաքնված է։ Պատերազմի ժամանակ Իմ զավակներին միշտ սա եմ պատգամում․ մի վախեցեք, խելոք եղեք։ Խաղաղ պայմաններում զավակներին պետք է տալ գիտելիք, սովորեցնել սիրել իրենց հայրենիքը, որովհետև հայրենիքն Աստված է տվել, և պատգամել սիրել այն, ճանաչել Աստծուն, տիեզերքը ու հասկանա, թե ինչ է սերը։ Սա այն կարևորն է, որ մայրը պիտի զավակին տա։
Իմ այսօրվա հերոսները մեր կողքին ապրող սովորական կանայք են, ովքեր այդ դժվարին օրերին հայրենիքում մնալու որոշում էին կայացրել։ «Թե պատերազմի ժամանակ, թե խաղաղության՝ կնոջ առաքելությունը սիրել սովորեցնելու մեջ է»,-ասում են։ Նրանք իրենց զավակներին հայրենիք սիրել են սովորեցնում։ Սեփական օրինակով։