Նոյեմբերի 24, 2024

ՀՕՖ-ի առողջապահական ծրագրի պատվիրակությունը կրկին Արցախում է

By Մարգարիտա Ղուշունց Սեպտեմբերի 28, 2022

  Արցախի առողջապահական համակարգի հետ ՀՕՖ-ի համագործությունը տասնյակ տարիների պատմություն ունի։ Այս ընթացքում իրականացվել է բուժանձնակազմի  վերապատրաստում ու  տեխնիկական վերազինման աշխատանքներ։ Կազմակերպվել են այցեր ու հանդիպումներ ոլորտի պատասխանատուների հետ։ Այս  անգամ այցը նպատակ ունի իրականացնել գործողությունների հերթական փուլի մոնիթորինգ՝  հաշվի առնելով ներկա մարտահրավերներն ու հետագա անելիքները՝ ասում է Հայ օգնության ֆոնդի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը։ 

«Պետնախարարի, առողջապահության նախարարի և պատասխանատուների հետ քննարկեցին բժիշկների շարունակական մասնագիտական հարցերը։ Խոսեցինք նաև «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի անելիքների մասին ։ Առիթը բաց չթողնելով ՝ հանդիպեցինք նաև ծրագրի շրջանակներում Արցախում գտնվող մասնագետների հետ։ Այս պահին այդ բժիշկները 6 -ն են, մեկը Մարտունիում, երկուսը Մարտակերտում, երեքը՝ Ստեփանակերտում»։

 «Բժիշկներն Արցախի համար» ծրագրի մեկնարկից ի վեր այս 6 բժիշկները 6 ամսից ավել է,  ինչ աշխատում են այստեղ և պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը՝ ասում է Համբարձում Սիմոնյանը։  Այժմ քննարկվում է նրանց երկարաժամկետ  ծրագրում ընդգրկելու հարցը։ Բուժքույրերը նույնպես ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի դիտակետում են։ Հերթական հանդիպումը կազմակերպվել է Հանրապետական բժշկական կենտրոնի  այն բուժքույրերի հետ, որոնք մասնակցել են օգոստոսին կազմակերպված դասընթացներին։ 

«Տարբեր ձևաչափի վերապատրաստումներ ենք իրականացրել։ Արցախից 5 բուժքույր այս տարվա օգոստոսին մասնակցել են դասընթացավարի դասընթաց ֆորմատով վերապատրաստման ծրագրին, որպեսզի հետագայում իրենք կարողանան փորձը փոխանակել իրենց կոլեգաների հետ։ Հանդիպեցինք հասկանալու՝ որքանով էր արդյունավետ դասընթացը նրանց համար և պատրաստ են արդյուք իրենք դասընթաց վարելու,թե հավելյալ հանդիպումների կարիք կա»։ 

Ցանկալի արդյունքի հասնելու համար  նախատեսվում է կազմակերպել մեկ կամ երկու փուլով հանդիպում ևս՝ թեկուզ հեռավար ձևաչափով՝ ասում է Համբարձում Սիմոնյանը։ Նման հանդիպումների անհրաժեշտության  մասին խոսել  է նաև գլխավոր բուժքույրը՝ ասում է։ 

«Հանրապետական բժշկական կենտրոնի բուժքույրի կողմից էլ նշվեց այդ կարիքը, նաև այն, որ պետք է ավելի շատ բուժքույրերի ընդգրկել այս ծրագրում։ Դասընթացների ձևաչափերը տարբեր կլինեն»։

 Պատվիրակությունն այցի ընթացքում կարճ մշտադիրտարկումներ է անցկացրել ֆոնդի կողմից նվիրաբերած որոշ բժշկական սարքավորումների, վերապատրաստում անցած բժիշկների աշխատանքների մասով, եղել նաև «Արևիկ» բուժմիավորումում։ 

«Հանդիպեցինք ներզատաբանին ,որը մեր ծրագրերի շրջանակներում Դիաբետի դպրոց է անցել և հիմա մեծ հաջողությամբ նույն դասընթացն այստեղ է իրականացնում։ Տեսանք նաև այն սարքավորումների աշխատանքը, որը նվիրաբերվել է ֆոնդի և Արաբկիր հիմնադրամի կողմից»։ 

Հանրապետական բժշկական կենտրոնում  նույնպես Դիաբետի դպրոց վարող մասնագետ կա, որը վերապատրաստվել է ֆոնդի կողմից կազմակերպված դասընթացների միջոցով։ Այցի շրջանակներում մասնագետներն  առաջին անգամ եղել են նաև  տարեցների խնամքի «Հանգանակ» կենտրոնում։ 

«Ֆոնդը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում տարեցների առողջությանը վերաբերող ծրագրերին։ Մեծ ցանկություն ունենք ավելի մեծացնելու մեր ներգրավածությունը կենտրոնի աշխատանքներին։ Արցախի այս կենտրոնը ևս մեր ուշադրության ներքո է, և հնարավոր է կազմակերպվեն հատուկ այս կենտրոնի համար դասընթացներ՝ տարբեր ձևաչափերով։ Այս այցը ծանոթական բնույթ էր կրում»։ 

Հանդիպումներից գոհ են, արդյունավետ այց էր՝ ասում է Համբարձում Սիմոնյանը, կարևորում՝ արցախյան գործընկերների հետ համագործակցության բարձր մակարդակը։ Խոստանում են՝ հաջորդ այցը չի ուշանա։

Artsakh Public Radio
Last modified on Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2022 17:29

Related items

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ