Նոյեմբերի 24, 2024

Միջազգային իրավունք և ռազմի դաշտ. զուգահեռ իրականություն

By Ասպրամ Ավանեսյան Հոկտեմբերի 03, 2022
Եթե Հայաստանը դիմել է միջազգային դատարաններին, դիմումները վերաբերում են որ ժամանակաշրջանին՝ Արցախյան առաջին՝ այդ թվում Օղակ օպերացիային, ապրիլյան քառօրյա պատերազմին, որի ժամանակ նույնպես ակնհայտ խախտումներ են եղել, 44-օրյա պատերազմին, թե սեպտեմբերյան սրացումներին: 
 
«Համոզված եմ, որ նման հիմքերով գործեր կան: Այստեղ խնդիրը ներկայացված գործերի դրական լուծման ճակատագիրն է: Միջազգային բոլոր հիմքերը գոյություն ունեն, որոնք ամրագրված են 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևյան կոնվենցիաներով. ռազմագերիների հետ վարվեցողության կանոններ, նրանց կյանքի իրավունք և այլն: Միջազգային որևէ կառույցի մոտ քննարկման ենթակա չէ, որ տեղի է ունեցել պատերազմական հանցագործություն, սակայն խնդիրը հետևյալն է՝ արդյոք մենք կունենանք պատիժ կրող սուբյեկտներ: Ցավոք սրտի, պետք է նշել, որ այսօր գլոբալ մակարդակով միջազգային իրավունք գոյություն չունի, գոյություն ունեն միջազգային կանոններ: Միջազգային իրավունքը պետք է լիներ համընդհանուր, իսկ կանոնները որոշում են մի շարք գերտերություններ: Միակ տարբերակը մնում է պատերազմական չգրված կանոնների փոխադարձության սկզբունքի կիրառումը: Երբ որ հակառակորդը սպանում է քո ռազմագերիներին, թիրախավորում է քո քաղաքացիական բնակչությանը, փոխադարձության կարգով դու էլ նույն վարքագիծը պետք է դրսևորես: Ըստ էության միջազգային իրավունքը դադարել է գոյություն ունենալ»: 
 
Ստացվում է, որ Միջազգային դատարանն ունի դատավճիռ կայացնելու իրավունք, բայց դրանք կյանքի կոչելու մեխանիզմներ չու՞նի: 
 
«Այո՛, և այս կառուցակարգում մեր լավագույն արդյունքը լինելու է դարեր ի վեր մեր ազգի մեջ ձևավորված այն թյուր հայեցակարգը՝ բարոյական հաղթանակ կոչվածը: Մեզ այսօր բարոյական հաղթանակներ պետք չեն, մեզ այսօր ֆիզիկական հաղթանակներ են պետք»: 
 
Բոլոր դիմումների նպատակը, թվում է, Ադրբեջանի՝ hայատյացությունը որպես պետական քաղաքականություն որդեգրելն ապացուցելու համար է: Անջատում հանուն փրկության թեզը կարող է հիմնավորվել հենց այդ գործերով ու դատավճիռներով: 
 
««Անջատում հանուն փրկության» թեզը ես չեմ ընդունում: ՄԱԿ-ի կանոնադրության մեջ գրված է ինքնորոշման իրավունք: Այսինքն տվյալ պետության տարածքում գտնվող ազգը ունի կյանքի, անվտանգության, զարգացման իրավունք, եթե պետությունը դա է ապահովում, ապա ազգը իրավունք ունի ինքնորոշման միջոցով կա՛մ ստեղծել նոր պետականություն, կա՛մ միանալ մեկ այլ պետականություն, որը դրանք կերաշխավորի: Ինքնորոշվելու իրավունքի իրավական հիմքերը Արցախի ժողովուրդը ձեռք է բերել դեռևս 1988 թ.: Եթե ասում ենք անջատում, ապա նկատի ունենք նախկինում մենք դրա ինչ որ մաս ենք եղել, բայց Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի եղել: Այստեղ պետք է կիրառել ինքնորոշման իրավունքը, այլ ոչ թե «անջատում հանուն փրկության» եզրույթը»:
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ