Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասն ու հարակից գյուղերը թանձր ծխով են պատված․ մայրաքաղաքի աղբանոցն է այրվում։
«Երեկոյան 08։40 դուրս եկանք թաղամաս, տեսանք, որ ողջ թաղամասը ծխի մեջ կորել է, հասկացանք, որ աղբանոցն է հերթական անգամ վառվում․ սա էլ արդեն որերորդ անգամ է՝ աղբը վառվում է, մեր երեխաները, մենք ենք շնչում, թաղամասում հակահիգենիկ վիճակ է»։
«Դուրս ենք եկել հեռվից տեսել կարմիր բոց, կրակ»։ «Ես էլ այս կողմից եմ տեսել (զրուցակիցս կրակի հակառակն է ցույց տալիս), ծուխը չի եկել, բայց շատ վատ հոտ կար»։
Աջափնյակի թաղապետ Արեն Բալայանի խոսքով՝ աղբի այրվելը, թաղամասի՝ ծխի մեջ կորելը նորություն չէ բնակիչների համար, բայց ամեն անգամ ստեղծվող անհարմարությունը գնալով անտանելի է դառնում։
«Աղբանոցների հրդեհները, թանձր ծուխը իր հոտով շատ վատ է անդրադառնում բնակիչների առողջության վրա, բացի այդ առավոտյան՝ ժամը 06։00-ից սկսում է քաղաքից աղբի տեղափոխումը։ Նորմալ ճանապարհ չկա, փոշի ա բարձրանում անընդհատ, տանը, տանիքիներին նստում․ լուրջ անհարմարություն է ստեղծում»։
Աղբանոցում բռնկված հրդեհը դասվում է բնածին պատահարների շարքին՝ ասում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Հարություն Մկրտչյանը։
«Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասի հարակից տարածքում բռկնված հրդեհը մեկուսացվել է այսօր՝ առավոտյան ժամը 08։00-ին։ Այս պահին մեկ մարտական հաշվարկ դեռ հրդեհի վայրում է, վերահսկում է իրավիճակը, որպեսզի կրակը չտարածվի հարակից չոր խոտածածկ տարածքներում ու այգիներում»։
Հրդեհի թանձր ծուխը քամու հետ դեռ «շրջում» է հանրապետությունում։