Այսօր ԿԳՄՍ նախարարությունում հավաքվել էին մանկավարժներ, որոնք կրթության ոլորտում նշանակալի ներդրում ու վաստակ ունեն։ Երախտագիտության ու գնահատանքի այս միջոցառումը նախատեսված էր կազմակերպել հոկտեմբերի 5-ին ՝ Ուսուցիչների միջազգային օրը, ողջույնի խոսքում ասաց ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը.
«Շնորհավորում եմ բոլորիդ, մանկավարժի, ուսուցչի օրվա կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ՝ նվիրական ցանկությունների իրականացում, Արցախ աշխարհին խաղաղություն»:
«Տարվա լավագույն դաստիարակ» կոչմանն արժանացել է Ստեփանակերտի համար 2 պետական մանկապարտեզի դաստիարակ Անահիտ Ավագյանը: Առաջին անգամը չէ, որ հաղթող է ճանաչվում այս անվանակարգում, հաղթանակի գրավականն իր գործն ու երեխաներին սիրելն է՝ ասում է: Շնորհակալ է գնահատանքի համար, համոզված է, որ տարիների հետ եռանդը չի պակասի, միայն թե խաղաղություն լինի: Ուսուցչի օրվան ընդառաջ մի քանի անվանակարգերում մրցույթներ են կազմակերպվել։ «Երեխաների հետ վարվեցողությունը» անվանակարգում հաղթել է ՝ «Հաթերքի պետական մանկապարտեզ» ՊՈԱԿ –ի դաստիարակ Գայանե Իսկանդարյանը, «Սիրտս նվիրում եմ երեխաներին» անվանակարգում ՝ Մարտունու համար 2 պետական մանկապարտեզի դաստիարակ Իրինա Ստեփանյանը: «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի արդյունքով «Առարկայի իմացության մակարդակը» անվանակարգում հաղթող է ճանաչվել Մարտակերտի շրջանի Չլդրանի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Ժիրայր Գրիգորյանը, «Սովորողների անհատական առանձնահատկությունները հաշվի առնելը» անվանակարգում Մարտունու համար 1 միջնակարգ հոսքային դպրոցի դասվար Սուսաննա Սարգսյանը: «Աշակերտների մեջ առարկայի նկատմամբ հետաքրքրություններ զարգացնելու կարողությունը» անվանակարգում հաղթող Խաչիկ Սարգսյանն Ասկերանի շրջանի Պատարայի միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցիչն է ,ասում է՝ անսպասելի էր այս պարգևը, միաժամանակ հաճելի և պարտավորեցնող, 10-ը տարիների ընթացքում գտել է աշակերտների մեջ առարկայի հանդեպ սեր առաջացնելու գաղտնիքը:
«Ավանդական դասավանդման մեթոդները կիրառելուց բացի, ես նաև մշակել եմ իմ մեթոդները, երեխաներին ներկայանալ նախ որպես ընկեր, եղբայր, հետո արդեն որպես ուսուցիչ:Պետք է նախ քեզ սիրեն, որ սիրեն նաև քո դասավանդած առարկան: 10 տարվա ընթացքում ուղիղ 7 տարի ես աշակերտներ եմ ուղարկել Հայաստան՝ մասնակցելու օլիմպիադաների, որտեղից եկել են պատվավոր տեղեր զբաղեցրած»:
«Տարվա լավագույն զինղեկ» մրցույթում «Աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ձեռքբերումների համար» անվանակարգում հաղթող է ճանաչվել Մարտունու շրջանի Նորշենի միջնակարգ դպրոցի զինղեկ Պարույր Հակոբյանը, «Սաների մեջ առարկայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու համար» անվանակարգում՝ Ասկերանի շրջանի Խնածախի միջնակարգ դպրոցի զինղեկ Անդրանիկ Զաքարյանը: «Առարկայի գերազանց իմացության և ՆԶՊ առարկայից օլիմպիական թիմին լավագույնս նախապատրաստելու համար» անվանակարգում հաղթել է Ստեփանակերտի համար 9 միջնակարգ դպրոցի զինղեկ Արսեն Հարությունյանը: ՆԶՊ առարկան մեր տարածաշրջանում կարևորագույն նշանակություն ունի, ասում է Արսեն Հարությունյանը, վերջին շրջանում նկատվում է աղջիկների մեծ հետաքրքրվածությունը առարկայի նկատմամբ:
«Երեխաները հաճույքով են մասնակցում դասերին, զենքի քանդում հավաքում, մարտավարության դասընթացներ, աղջիկների ոգևորվածությունը ավելի շատ է, հաճախ են դիմում հրաձգության պարապունքների հավելյալ անցկացումների հարցով: 9 տարի անընդմեջ մեր աշակերտները մասնակցում են Հայաստանում անցկացված օլիմպիադաներին և գրավում առաջին տեղերը»:
Մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ներդրած ավանդի համար և Ուսուցչի օրվա կապակցությամբ «Վաչագան Բարեպաշտ» և « Երախտագիտություն» մեդալներով պարգևատրվել են Հանրապետության մի խումբ մանկավարժներ: Կյանքի ուղիղ կեսը՝ 25 տարին, կրթության ոլորտին նվիրած կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արցախի բնապահպանության կոմիտեի նախագահի տեղակալ Վահրամ Հայրապետյանն արժանացել է «Գիտության վաստակավոր գործիչ» կոչմանը: Նա այն համոզմանն է, որ ուսուցիչը վեհ կոչում է և ուսուցչից բարձր կոչում գոյություն չունի: Ստացած պարգևը իր մենաշնորհը չի համարում, ասում է՝ այսօրվան հասել են թիմային աշխատանքի շնորհիվ, այսպիսի պարգև ստանալը պարտավորեցնող է:
«Սա ոչ միայն իմ, այլ մեր ամբողջ գիտական խմբի, բնապահպանության ոլորտի աշխատողների վաստակն է: Որովհետև բոլորը համբերատար են եղել և միշտ սատարել են ինձ: Այս պարգևը պարտավորեցնող է, այսուհետ նույնպես կփորձեմ իմ ուժերի ներածին չափով , հնարավորությունների սահմանում էլ ավելի լավ աշխատել, էլ ավելի լավ դպրոց հիմնել, բնապահպանության, կենսաբանության, կենդանաբանության ոլորտում»։
Կրթության ոլորտում ունեցած վաստակի համար Վաստակավոր մանկավարժի կոչմանն են արժանացել տասնյակ ուսուցիչներ և կրթական համակարգի մի խումբ նվիրյալներ: