Նոյեմբերի 24, 2024

Գյուղական համայնքների զարգացում․ Արցախը նույնպես մասնակցել է համաժողովին

By Սրբուհի Վանյան Հոկտեմբերի 10, 2022

Անցած շաբաթ ՀՀ Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) նախաձեռնեց «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երրորդ համաժողովը։ Համաժողովն ամենամյա է, այս տարի էլ, արդեն երկրորդ անգամ, համաժողովին ներկայացել է նաև Արցախի պատվիրակությունը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցների ու մեկ տասնյակից ավելի համայնքապետերի կազմով։ «Բիզնես նախաձեռնությունները զարգացման շարժիչ ուժն են», համոզված են միջոցառման կազմակերպիչները։ Եվ հենց այդ տրամաբանությամբ էլ փորձում են նպաստել փոքր և միջին բիզնեսին գյուղերում՝ խթանելով համայնքների զարգացմանը։ Միջոցառման նպատակը մեկ միասնական հարթակ տրամադրելն է բոլոր նրանց, ովքեր շահագրգռված են և կարող են կամ ի պաշտոնե պետք է օգնեն համայնքների խնդիրների լուծմանը, ասում է ՔՕԱՖ-ի հաղորդակցության ոլորտի պատասխանատու Դավիթ Մանուկյանը։ 

«Որպեսզի նախ՝ նրանք իրար ծրագրերից տեղյակ լինեն, երկրորդ՝ կիսվեն փորձով, երրորդ՝ կիսվեն այն խոչընդոտներով, որ թույլ չեն տալիս զարգանալ, և միգուցե ունե՞ն դեղատոմսեր, ինչպես հաղթահարել դրանք։ Եվ եթե նույնիսկ այդ հանդիպումներն այլ խնդիրներ չլուծեն, գոնե ոլորտում գործող դերակատարները կճանաչեն իրար, կապեր կհաստատեն»։

  Առաջին երկու համաժողովները համախմբել էին գյուղական համայնքների զարգացման ոլորտում զգալի ներդրում ունեցող տարածքային մարմինների, կազմակերպությունների և անհատ ձեռներեցների։ Ոլորտի մասնագետների ու փորձագետների կողմից արծարծված թեմաների բազմազանությունը լավ հնարավորություն է՝ կիսվելու սեփական փորձով, անդրադառնալու ոլորտում առկա արդի խնդիրներին և ուրվագծելու հնարավոր համապարփակ լուծումները: Անցած տարի նոր բաղադրիչ մտցվեց համաժողովի աշխատանքերում․ դա էքսպո բաղադրիչն է, որով անհատ ձեռնարկատերերին, ՓՄՁ-ներին և արհեստավորներին հարթակ տրամադրվեց` ներկայացնելու իրենց նախաձեռնությունները, ցուցադրելու տեղական արտադրանքը և խթանելու իրենց գործունեությունը։ 

«Մենք մշտապես ձգտում ենք, որ Հայաստանի բոլոր մարզերը, այդ թվում և Արցախը, ներառված լինեն դրա մեջ, և ուրախ ենք, որ վերջին տարիներին Արցախը ներկայցված է մեր ծրագրերում։ Մեր հյուրերը , բացի պանելային հետաքրքիր քննարկումներից, հնարավորություն ունեն տեսնելու, թե ՀՀ գյուղական համայնքները ինչպես են ապրում, ինչ հետաքրքիր ծառայություններ ու պրոդուկտներ են ստեղծվում, և գուցե նաև օգտվեն դրանից, ինչ բնականաբար նպաստելու է համայնքերի զարգացմանը։ Մշտապես նաև մշակութային բաղադրիչ ենք ներառոմ մեր ծրագրերում։ Այսօր Տավուծի թեմի մանկապատանեկան երգչախումբն է հանդես գալիս»։ «Այսպիսով, մենք կկարողանանք ներկայացնել տարածաշրջանային ներուժի էլ ավելի հարուստ գունապնակ տարբեր ոլորտներում՝ ՏՏ-ից մինչև գյուղատնտեսություն»,-ասում է զրուցակիցս: Նպատակ ունենալով ապահովել նոր, հանդուգն գաղափարների ու մոտեցումների ներհոսք` նախաձեռնողներն,  ասում են, ուշադրություն են դարձնելու ստարտափերի և երիտասարդ ձեռներեցների ակտիվ ներգրավվածությանը: Պանելային քննարկումների նյութ էին նոր Ստարտափերը, Զբոսաշրջությունը և ոլորտի հնարավորությունները, Գյուղատնտեսությունը՝ ավանդականի ու նորարարության մեկտեղումը, Փոքր և միջին ձեռնարկատիրությունը՝ նախաձեռնելու, ներդնելու և իրականացնելու համարձակությունը և այլն։ 

«Իրականում մենք մեզ համար նաև եզրահանգումներ ենք անում, համաժողովից հետո էլ 4 պանելային քննարկումների արդյունքերն ի մի կբերենք, լսարանին դա կներկայցվի։ Նաև մտքերի գեներացիա է տեղի ունենում, փորձում ենք հասկանալ էլ ինչ կարելի է անել, որ չի արվել»։ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակից Անուշ Շահրամանյանը կարևորում է նման նախաձեռնություններին մասնակցությունը՝ Արցախի համայնքերի զարգացման համար։ Սինքրոն 4,» Ներկա ենք նոր գաղափարներ, նոր ծրագրեր ստանալու, փորձի փոխանակման նպատակով։ Խանոթանալու այստեղի համայնքների արդյունավետ ծրագրերին։ Այստեղ տեսանք նաև, որ Արցախից էլ բավականին հաջողված ծրագրեր կան՝ ՔՕԱՖ-ի կամ այլ կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում։ Կարևոր է նաև, որ Արցախի ու ՀՀ  համայնքների ղեկավարների միջև են շփումներ հաստատվում։ «Նոր գաղափարների ներդրման գործում բնականաբար առաջնային դերակատարություն ունեն համայնքապետերը, և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների  նախարարությունը դա հաշվի առնելով, նրանց հրավիրել է այս միջոցառմանը »,- ասում է նախարարի խորհրդական Կրիստինե Ալահվերդյանը։ 

«Շատ կարևոր է, որ  շրագրերն այնպես են կազմված, որ համայնքի ղեկավարներն իրենք են ընտրում  ինչ պանելային քննարկման մասնակցել։ Հուսանք, այցից հետո այդ գաղափարները տեղում կքննարկվեն, կիրագործվեն։ Հուսով ենք, նաև ՓՄՁ գործունեությունը կխթանվի համայնքներում, ստեղծելով նոր աշխատատեղեր»։

Պառավաթումբ համայնքի ղեկավար Սասուն Սարգսյանը համաժողովից ստացած իր արդյունքի ու հայրենի Պառավաթումբում այն կիրառելու մասին է խոսում։ 

«Շատ լավ տպավորություն ու օգտակար տեղեկություններ ստացանք, կոնկրետ ես մասնակցել եմ «Գյուղատնտեսությունը որպես մշակույթ ֆորումին», տպավորիչ էր մարդկանց վերաբերմունքը գործին, աշխատաոճը, նորագույն տեխնոլոգիաների կիրառումը գյուղոլորտում։ Համոզված եմ, որ համագործակցության եզրեր կգտնենք»։  

Համաժողովին զուգահեռ, ինչպես նշեցինք, ընթանում էր ցուցահանդես վաճառք, որտեղ Հայաստանի համայնքերում գործող ընկերություններն ու անհատները իրենց արտադրանքը ներկայացնելու հնարավորություն ունեցան։ Արցախը ցուցահանդեսում ներկայացնում էին  Կատարո, Արցախկաթ, Մու-Մու, Մին թաքուն տեղ, Հաթերք ֆուդ  և այլ ապրանքանիշներ։

Artsakh Public Radio
Last modified on Երկուշաբթի, 10 Հոկտեմբերի 2022 17:45
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ