Գյուղում ձմռան պատրաստությունը երկարատև ու ծանր աշխատանք է։ Կոմունալ հարմարությունների պակասն էլ ավելի է ծանրացում գյուղացու հոգսը։ «Ես» կրթական հիմնադրամի՝ «Արևային Հաղորտի» նախագիծը միտված է այդ հոգսերից մեկը թեթևացնելուն։ Հաղորտին, որպես հանրապետության չգազաֆիկացված համայնք, ընդգրկվել է Կառավարության կողմից մշակված աջակցության ծրագրում, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել արևային ջրատաքացացուցիչներ։ Ծախսերի կեսը՝ 50%-ը հոգում է պետությունը, մյուս կեսը պետք է վճարի շահառուն։ Մարտունու շրջանի Հաղորտի համայնքում որոշել են գումարը հայթհայթել դրամահավաքի միջոցով։ Դրամահավաքը կազմակերպվում է «ՌեԱրմենիա» հարթակում, որտեղ նրանց օգնում է «Վյուն» գործակալությունը։ Այն հանրայնացնում և տարածում է դրամահավաքի մասին ինֆորմացիան: Գործակալության տնօրեն Կարապետ Թոմիկյանն ասում է՝ նախագիծն արդեն աջակիցներ ունի։
«Արևային ջրատաքացուցիչների տեղադրումը և սպասարկումը զեղչված տարբերակով իրականացնելու է «Էկո Վիլ» ընկերությունը։ Նախագծի աջակիցը նաև Արցախի Հանրապետության կառավարությունն է, որի համապատասխան ծրագրով չգազաֆիկացված համայնքներում սուբսիդավորվում է տեղադրվող արևային ջրատաքացուցիչների արժեքի 50 տոկոսը, իսկ մյուս կեսը բնակիչն է վճարում: Մեր նախաձեռնությամբ նպատակ ունենք բնակիչներին աջակցել պահանջվող գումարի ևս 37 տոկոսով: Իսկ 13 տոկոսը վճարելու է հենց բնակիչը, աջակցության չափը բնակիչների հետ խորհրդակցելով և համաձայնեցնելով ենք որոշել»:
«Արևային Հաղորտի» նախագծի բյուջեն 9 մլն 489 հազար դրամ է: Յուրաքանչյուրի նվիրաբերած գումարը կծառայի նպատակին՝ հավաստիացնում են պատասխանատուները: Երբ և ինչպես կիրականացվեն ջրատաքացուցիչների տեղադրման աշխատանքները՝ գործակալության տնօրենն է մանրամասնում:
«Արևային ջրատաքացուցիչի տեղադրումը կսկսվի դրամահավաքը հաջողելուն զուգահեռ: Այսինքն, եթե որոշակի գումար արդեն հավաքվում է, միանգամից պատվիրում ենք սարքերը և համապատասխան մասնագետների օգնությամբ տեղադրվում են դրանք»:
Բազմակողմանի համագործակցության արդյունքում արևային ջրատաքացուցիչների տեղադրումը կփոխի մի ամբողջ գյուղի կյանք: Համախմբվածության շնորհիվ գաղափարի իրագործման հեռանկարը ավելի տեսանելի է՝ ասում է Կարապետ Թոմիկյանը:
«Հաղորտին բավականին մոտիվացված երիտասարդություն ունի, աշխատասեր գյուղապետ և նրանք բոլորը միասին որոշել են, որ այս ծրագիրը հենց պետք է Հաղորտիից մեկնարկի և դրա համար ջանք ու եռանդ չեն խնայում»։
Սա «Ես» կրթական հիմնադրամի առաջին նախագիծը չէ։ Հաղորտիում գործող «Մունք» տեխնոդպրոցը նույնպես հիմնադրամի ու «ՌեԱրմենիա» հարթակի համագործակցության արդյունք է։ Կազմակերպիչները լիահույս են,որ այս ծրագիրն էլ հաջողությամբ կիրագործվի և Հաղորտիի 42 ընտանիք կունենա սեփական արևային ջրատաքացուցիչը: