Լուսաձորում կամ ինչպես ավելի հայտնի է Մեհտի շենում, երիտասարդների քիչ կհանդիպես։ Այստեղ ավելի շատ են տարիքով մարդիկ։ Գյուղամիջի փոշոտ ճանապարհին՝ համայնքապետարանի մոտ, քանի դեռ եղանակը թույլ է տալիս, հավաքվել են գյուղի տատիկ-պապիկները։ Արդեն չորացող ընկուզենու տակ պապիկներն են նստած․ բանավիճում են։ Ճանապարհի դիմացի մայթին մի կապույտ «բեսեդկա» կա, վրան ռուսերենով գրված՝ «Мехтишен»։ Էլյանորա, Սեդա, Գենորա և Նորա տատիկների զրուցավայրն է։ Ասում են՝ օրվա մեծ մասն այստեղ են անցկացնում։
«Երընք կենում հացա-ճիրա պրծնում, կյամ ստեղ նստում, քշերին քինամ հաց օտում, պառկում՝ դիվանեն նհըտ կոխ կենում։ Էտա, մեր առօրյան տիա, վեր մթնումա՝ տելեվիզորը խոդ անում, եշում»։
Գենորա տատիկն է։ Նա է տրամադրություն ապահովողը։ Հետաքրքիր պատմություններ է պատմում, կատակում։ Զրույցի թեման այստեղ մեկն է․ Արցախի ապագայի հարցն են քննարկում։ Մեղավորներ են փնտրում, գտնում, անիծում։ Երբեմն անճարությունից ու անհասցե հարցերից հունից դուրս են գալիս, մեկը մեկին շարունակելով հարցադրումներ են անում։ Նրանք միայն մի բան հաստատ գիտեն,-«ավելի լյավա մռնինք, քան Ադրբեջանա կազմ նի մտնինք»։ Էլյանորա տատիկը համոզված է՝ գյուղում բոլորն են այդպես մտածում։ Լուսաձորից այնկողմ իրենց կյանքը չեն պատկերացնում։
«Շտե՞ տյուս կյանք է, չէ չէ լհա մին տյուս կյանք։ Առե օզումա կյան կտորին, տյուս չնք կիլան։ Մեր ուղեղում տեղավորում չի է, վեր կարողա ստղից տյուս կյանք։ Էդ մտքի հետ համաձայն չնք։ Դեռ հույսնք պահում, վեր մեր կարգավիճակը կորոշվի»։
Մենք 3 պատերազմ ենք տեսել՝ հիշում է Նորա տատիկը։ Գենորա տատիկն ընդհատում է նրան,-«Ես 4 կռվում տսալ, հայրենականը հաշեվ չըս ըրալ»։ Տատիկները երանությամբ են հիշում «իրենց» ժամանակները․ երբ գյուղն աշխույժ էր, դպրոցում երեխաներն այնքան շատ էին, որ դասարանները կիսում էին, երբ տոննաներով բերք էին հավաքում, երազում լուսավոր ապագայի մասին։
«Էնքան ժուղովուրդն իլալ, ջահիլնեն ստղերքավ տըռած, պահ-պահ-պա՜հ։ Դե միհենգ հանց օրենքա տըռալ ջահիլ չկա։ -Դե հունց չկա, էնա կան, բայց խրեգն։ -Դե հորա է մատաղ ընիմ, էն վխտվա ջահիլներին լհա 90 %-ը կա՞»։
Մեր զրուցակիցներն իրենց կյանքի մեծ մասը Լուսաձորում են անցկացրել, միայն Սեդա տատիկն է նորեկ։ Նա Ավետարանոցից է։ Վերջին պատերազմից հետո է Լուսաձոր եկել։ Պատերազմում կորցրել է հարազատ գյուղը, մանկությունը, որ թողել է հայրենի տան բակում, հիշողությունները, որ այնքան թանկ էին իր համար։ Գյուղի կարոտով է ապրում։ Բայց արդեն հասցրել է մերվել գյուղացիների հետ։
«Շենը մոտե ա քաղաքան, ջահիլնեն տյուսն կյամ, քինում։ Մինը քինումա կարդի, ինիստուտ ընդունվե, մինը քինումա գործ անե։ Ես արդեն նկատալում լի, շատերը քինումն նորից կյամ, շատերը՝ չէ»։
Լուսաձորցիների բազմաթիվ առանձնահատկություններ թվարկեցին զրուցակիցներս․ նրանք հյուրասեր են, ընկերասեր, առատաձեռն։ Բայց ամենահետաքրքիր առանձնահատկությունը նրանց բարբառն է։ Լուսաձորցիների նախնիները Իրանի Խոյ նահանգից են եկել, գուցե սա է այդ տարբերության պատճառը՝ չգիտեն։ Նաև օրինակ են բերում․- «մինակ մունք ընք ասում՝ կյամենք, քինիմենք»։ Գենորա տատիկը հիշում է։
«Բազարումն ում իլալ, ընդեղ խառն ի խոսում, դե ես Բալուջիցում ստըղ հարս եկած։ Հրցնումն,-մայրիկ շտղացե՞յս, -ասումի՝ մեհտիշինացե, ասումին՝ տա դըղեն լյուզուն չի։ Ես էլ ասում ի՝ բալա մա՜տաղ ինիմ ես քիրդիգարըմ՝ խառնը լի»։
Գյուղի բարբառի հետ կապված շատ հետաքրքիր պատմություններ կան։ Դրանցից մեկն էլ Էլյանորա տատիկն է պատմում։
«Երբ որ հարցնում էին, թա շտղաննք, ասումինք մեհտիշինացիյնք, ասում էին,-հա՜, էդ են գյուղնա, վեր ասումն «Արաբան չափարի տակին դոդոշ է արել», իբր ծաղրում էին էլի մեր բարբառը։ Արաբան ըրբանա, երևի տուքելք ասում»։
Բայց մտահոգվում են՝ իրենց թոռներն արդեն հեռացել են Մեհտի շենի բարբառից։ Լուսաձորում՝ գյուղամիջյան ճամանապարհի ձախ մասում, մի կապույտ «բիսեդկա» կա, վրան ռուսերենով գրված՝ «Мехтишен»։ Այս տաղավարը լուսաձորի կենտրոնն է՝ համոզված են Էլյաննորա, Սեդա, Գենորա և Նորա տատիկները։ Իսկ Լուսաձորն էլ աշխարհի կենտորն է։ Նրանք միայն մի ցանկություն ունեն․
«Ցանկանում ենք, որ մի անգամ ռադիոյով հայտարարեք, որ խաղաղություն է Արցախ աշխարհում»։