Հանրապետությունում բերքահավաքից ստացված գյուղմթերքը ներքին պահանջարկը չի բավարում՝ հայտնում է գյուղնախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը։ Պարենային անվտանգության խնդիր եղել է նաև պատերազմից առաջ։
«Մենք պարենային անվտանգության խնդիր մի շարք գյուղատնտեսական մշակաբույսերի առումով ունեցել ենք նախքան 2020 թվականի պատերազմը։ Ճիշտ է, բավականին մեծ աշխատանք էինք կատարել այդ ուղղությամբ և որոշ գյուղմթերքների առումով արդեն ինքնաբավ էինք։ Պատերազմն ամեն ինչ փոխեց։ Այսօր մեր վերահսկողության տակ մնացած տարածքներում փորձում ենք 1 միավոր տարածքից հնարավորինս ապահովել ավելի բարձր բերքատվություն։Այս նպատակով գյուղնախարարությունում ծրագրեր են իրականացվում, որոնց շարքում են ջերմատների տնտությունների զարգացումը, այգեգործության զարգացումը․ արդեն ունենք ժամանակակից այգիներ, նախատեսում ենք նոր այգիներ էլ հիմնադրել»։
Ի տարբերություն այլ գյուղմթերքների, հացահատիկի ինքնաբավության խնդիր չկա։ Բավարար է նաև հանրապետությունում արադրվող կաթնամթերքն ու մսամթերքը։ Անհրաժեշտության դեպքում պակասը լրացվում է ներմուծվող ապրանքների հաշվին։ Որոշ պտղատու այգիներում ներկայում բերքահավաքը դեռ շարունակվում է։ Առաջիկայում նռան և արքայանարնջի հերթն է, իսկ խաղողի այգիներում բերքահավաքն արդեն ավարտվել է։
«Խաղողի սեղանի սորտերի բերքահավաքը մեկնարկել է օգոստոսի, իսկ տեխնիկական սորտերինը՝ սեպտեմբերի կեսերին։ Մարտակերտի շրջանում խաղողի բերքահավաքն ավարտվել է, իսկ Մարտունիում ու Ասկերանում կավարտվի մոտ օրերս»։
Գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների համար բերքահավաքի ընթացքում ծագած հիմնական խնդիրը դիզվառելիքի գնի ու մատուցվող գյուղատնտեսական ծառայությունների կտրուկ աճն է։ Հերկի, բերքահավաքի կազմակերպման աշխատանքները հիմա ավելի թանկ են։
«Հողի մշակության հետ կապված բոլոր ծառայությունների արժեքը բարձրացել է. և՛ սրսկումները, և՛ պարարտանյութերի ցրումը, և՛ հողի մակերեսային մշակությունը, ընթացիկ բոլոր ծառայությունները մինչև անգամ բերքի տեղափոխման ծախսերը թանկացել են կապված դիզվառելիքի գնի աճի հետ»:
Կառավարությունը հողագործներին աջակցելու նպատակով հացահատիկի մթերման համար բարձր գին է սահմանել․ նախորդ տարվա 105-120 դրամի փոխարեն այս տարի 175 դրամ է։ Մթերումն իրականացվել է ինչպես Գյուղի և գյուղատնտեսության աջակցության պահեստներում, այնպես էլ՝ հանրապետության տարածքում գործող խոշոր ալրաղացներում, թռչնաբուծական ֆաբրիկաներում ու անհատների կողմից, որոնք զբաղվում են համակցված կերերի արտադրությամբ: Այս տարի հողօգտագործողներին սերմի տեսքով աջակցություն չի տրվել։ Ո՞րն էր պատճառը՝ գյուղնախարարի տեղակալն է պարզաբանում։
«Հիմնական պատճառը այն է, որ նախորդ տարվա ներկրած սերմերը բարձր որակի՝ էլիտային և առաջին վերարտադրության էին և ստացված բերքից հնարավոր է նորից սերմացու ունենալ: Կարծում եմ՝ մեր տարածքում սերմացուի կամ սերմացուի համար նախատեսված հատիկի խնդիր չկա, պարզապես հողօգտագործներն են սպասում պետական աջակցության, որը այս տարի չի լինելու»:
Չնայած հացահատիկն իրացվել է բարձր գնով՝ հացի թանկացում չի կանխատեսվում՝ հայտնում է Վիլեն Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ գերատեսչությունը նոր ծրագիր է մշակում հոգօգտագործողների համար, քննարկվում է նաև նրանց՝ դիզվառելիքով աջակցելու ծրագիրը, բայց դրանցից և ոչ մեկը դեռ չի հաստատվել։