Փոքր տնակի նման մի խանութ կա Լուսաձորում, գետնից մի փոքր բարձր, շագանակագույն, թիթեղապատ: Խանութի բակում՝ պատի տակ մրգերով ու բանջարեղենով լի տուփեր են շարված: Մոտակայքում 2 կին են նստած. ջերմ-ջերմ զրուցում են: Մոտեցանք. պարզում է Հադրութից են, երկու քույր, Կարինեն ու Հասմիկը: Տիկին Կարինեն Հադրութի Արևշատից է, տիկին Հասմիկը՝ Վարդաշատից: Անցյալի մասին ընգծված սիրով են խոսում, երջանիկ էին: «Մունք մեր կյանքը Ղարաբաղընք տսնաս»,-ասում է Տիկին Հասմիկն ու անմիջապես ուղղում ինքն իրեն,-«Ոչ թե Ղարաբաղում, այլ Արցախում»:
«Ես իմ Արցախս թողել չում քինիմ: Հադրութում թողալում մարդիս գերեզմանը, մամուս պապուս գերեզմաննեն, թոռանս գերեզմանը: Թողալում 63 տարվա հիշողություննես, մանկությունս, պատանեկությունս, ծերությունս: Միհենգ թափառականում տըռալ, եկալ ընգալ ստղերք»:
Քույրերի հիշողությունները, մտածմունքներն ու զրույցի թեման մեկն է. Հադրութի չգնահատված երջանկությունը: Ցավով են տեսնում համացանցում տարածված տեսանյութերը, որտեղ ադրբեջանցիներն իրենց տներում են:
«Ասալնք քառօրյա պատերազմեն նմանա լի իննան, թորքը հյուր շոնա վեր մըզ հաղթե, թորքու հու՞վ ա, վեր եկալա մինչև Շուշի հըսալ, Հադրութ: Հադրութ թորքը կյանքում վըննը չի է տիրալ, թորքը չոբանա իլալ հադրութեցուց հըտե, միհենգ ասօր էնն մեր էն ղաշանգ Հադրութումը: Ինտերնետավը տսնումնք էնն մեր տաններում չայխանա սարքած: Հալամ միհենգել թողինու՞չ Արցախում ապրինք»:
«Գոնե միհենգ ընի, քյոհնա կնանուցը ասած, թողին հոնձ անինք, փոնջ անինք ապրինք».-ասում է տիկին Հասմիկը: Հադրութի մասին խոսելիս տիկին Կարինեի աչքերն արցունքոտվում են:
«Մեր շենը լյավ շենա իլալ: Ամեն հինչ իլալա շենումը: Հընգըրվե կընձմնձուկու, խազազ, պեքու յնք իլալ քիննիիս: Միհենգ եկալում ստղ, դաժե մին շիլորե չիլալ, քեցալնք Խնձուրստան շիլոր պերալ, բայց դըղ տի չիլալ, հընգերավ, հրիվանավ, կննուցավ, ծիծղուտելավ ամենգա մին ծիյնք նստալ քեցալ պեքի պերալ, տարալ Գորիս ծախալ: Հանցնք իլալ մին տընըցե, եր ընք կալալ կոֆեն տարալ չոլումը, սարումը սարքալ խմալ, փիրթուշ սարքալ կերալ, ասալնք ամենալյավը էսա»:
Կարինե տատիկի պատմությունները չեն ավարտվում: Հիշողությունները մեկը մեկից առաջ են ընկնում: Երանությամբ է հիշում, անգամ, բակի թոնիրը, որտեղ թխված հացն ու մեշոկներով հոնը, որ բերում էին Հադրութի «ծմակներից», ուրիշ համ ուներ:
«Վեր եկալում ստըղ, ասալում լհա մին թուրուն ինի, մըհտ թուռնավ հաց թխիմ: Շոռում եկալ ու ճարալ, էնա ստըղ թուրուն կա, ասալում պատառ տիղնավըղում ճըրըլական, էնա էն քարփուճնեն վեր ա տըռալ, շինիմ, մըհըտ թուռնավ հաց թխիմ, հետո արդեն հինչու կընի՝ կընի: Հաց թխեիս Հորջանագիծա մեր պարիկամը եկալա, նկարալա, միհենգ կռվանը ետը ինձերա ղարկալա էդ նկարը, եշալում լաց իլալ»:
Զրույցի ընթացքում մեզ միացավ նաև տիկին Սվետլանան: Ծննդով Լուսաձորից է, ապրել է Բաքվում, Երևանում, Ստեփանակերտում, վերջին տարիները Հադրութի շրջանի Տումի համայնքում: Այսօր վերադարձել է Լուսաձոր, հայրական տանն է ապրում: Նա պահում է իրենց բոլոր տների բանալիները: Բանալիները նրա հույսն են:
«Իմ տների բոլոր բանալիները էնա ծերքես: Վարոտից սկսած մինչև վերջ: Պահումում, որովհետև հույսովում, վեր կարողա պտահե նորից իմ Տումիս ինձ տան, քինիմ ընդըղ իմ տանըս կենամ»:
Կարինեն, Հասմիկն ու Սվետլանան հարմարվել են Լուսաձորին, մերվել են գյուղացիների հետ: Բայց միևնույն է կարոտում են հայրենի տունն ու հարազատ դարձած մարդկանց: Անհամբերությամբ են սպասում իրենց տներ տեղափոխվելուն: Միասին կստեղծեն գյուղի միջավայրը: