Նոյեմբերի 22, 2024

Երկարօրյա դպրոցը Թաղավարդում․ մեկ տարվա արդյունքները

By Վիկտորյա Սարգսյան Հոկտեմբերի 22, 2022

Թաղավարդ Կալերի հիմնական դպրոցի աշակերտները ոստիկանի ուղեկցությամբ շարժվում են դեպի համայնքապետարանի շենք։ Ճաշի ժամն է։ Օրվա ճաշացանկում հնդկաձավարով փլավ է ու գազարով աղցան։ Վահագնը բոլոր ուտելիքներն էլ հավանում է, բայց ամենաշատը սիրում է՝ 

«Լոբով սուպը, մեկ էլ բորշը։ Այստեղ էլ եմ ուտում, տանն էլ։ Բայց այստեղ ավելի լավ են պատրաստում»։ 

Երեխանները ուտելիքից գոհ են, խոհարարներն էլ ուրախ, որ իրենց պատրաստածը հավանում են։ Կողմնակի մարդկանց խոհանոց մտնել չի թույլատրվում. սանիտարահիգիենիկ կանոններն այստեղ խստությամբ են պահպանվում։ Ավագ խոհարար Արմինե Բադալյանի խոսքով՝ ունեն մշակված ճաշացանկ։ Յուրաքանչյուր խմբի համար սահմանված են նաև չափաբաժիններ։ 

«Երեխաների քանակին համապատասխան ամեն օր ապրանք ենք ստանում, ճաշը պատրաստում և մատուցում։ Ամեն անգամ երեխաներից հարցնում ենք՝ հավանե՞լ են,  թե ոչ, ստուգում ենք ամանները։ Ծնողներից էլ ենք հարցնում, և բոլորը միշտ գոհ են լինում»։ 

Պատերազմից հետո Թաղավարդ Կալերի հիմնական դպրոցը աշխատանքները սկսել է 2 աշակերտով։ Այսօր աշակերտների թիվը նախկինի համեմատ նույնիսկ աճել է։ Դպրոցի տնօրեն Մարգարիտա Սահակյանի խոսքով՝ 2021թ․ սեպտեմբերից այստեղ գործում է  «Երկարօրյա դպրոց» ծրագիրը։ Առաջինից չորրորդ դասարանների երեխաները ընդգրկված են փոքրերի խմբում, իսկ հինգերորդից իններորդը՝ մեծերի։ «Երկարօրյա դպրոց» ծրագիրը մի քանի խնդիր է լուծում՝ ասում է դպրոցի տնօրենը։ 

«Նախ լուծում է երեխաների առողջ սննդի հարցը։ Երկու խումբն էլ, առանց ռեժիմը խախտելու, ժամանակին գնում են ճաշարան։ Ծրագիրը օգնում է նաև աշխատող ծնողներին, քանի որ երեխաները առավոտյան ժամը 8։30-ից մինչև երեկոյան 6-ը դպրոցում են մնում»։

 Ճաշից հետո դասապատրաստման ժամն է։ Ավագ խմբում ենք։ Աշակերտները գրատախտակին գրում են հաջորդ օրվա դասացուցակը և սկսում կատարել տնային աշխատանքները։ Երկարօրյայի դաստիարակ Անահիտ Հարությունյանի խոսքով՝ այս ամենից բացի, երեխաները նաև ակտիվ հանգիստ են ունենում։ 

«Դասապատրաստման ժամանակ սովորում ենք բոլոր դասերը։ Եթե անգիր է հանձնարարված լինում, այդ աշակերտին առանձնացնում ենք ուրիշ սենյակում, որպեսզի կարողանան սովորել։ Դասապատրաստումից հետո խաղեր ենք կազմակերպում։ Եթե եղանակը տաք է լինում՝ դրսում, իսկ եթե ոչ՝ ունենք սեղանի խաղեր և խաղում ենք դասարանում։ Նաև պատի թերթեր ենք պատրաստում»։

 Մինչ ծրագրի մեկնարկը Թաղավարդ Կալերի հիմնական դպրոցի տնօրենը, դասապատրաստողներն ու խոհարարները վերապատրաստման դասընթացների են մասնակցել։ Նման դասընթացներ ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են նաև հիմա, հեռավար ձևաչափով։ Տնօրեն Մարգարիտա Սահակյանը նշում է, որ պատերազմից հետո դպրոցի հանդեպ ուշադրությունը մեծացել է։ Կարմիր խաչի ՄԿ  կողմից վարանորոգվել է դպրոցի տանիքը, ինչպես նաև նոր գույք ու տեխնիկա են ստացել։ Թաղավարդի դպրոցը նաև այն եզակիներից է, որ մասնագետների խնդիր չունի։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ