Նոյեմբերի 22, 2024

Տեղահանումից 2 ամիս անց․ որտե՞ղ են և ինչո՞վ են զբաղվում բերձորցիները

By Վիկտորյա Սարգսյան Հոկտեմբերի 24, 2022

Օգոստոսի 5-25 Բերձորից, Աղավնոյից ու Ներքին Սուսից տարհանվել է մոտ 100 ընտանիք։ Նրանց մի մասը հաստատվել է ՀՀ տարբեր մարզերում, մյուս մասն էլ շարունակում է ապրել Արցախում․ բնակիչները հիմնականում տեղավորվել են հյուրատներում։ Մինչև օգոստոսի 25-ը Բերձորում բնակվում էր 70 ընտանիք՝ շուրջ 170 անձ։ Տարհանված բնակչության հիմնական մասը հաստատվել է Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, ինչպես նաև Երևանում։ 4 ընտանիք էլ հաստատվել է Արցախում։ Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի խոսքով՝ բոլոր բնակիչների հետ կապը պահպանվում է։ 

«Բոլորից տեղյակ ենք՝ ինչ խնդիրներ ունեն, ինչով են զբաղվում։ Ժամանակ առ ժամանակ էլ, ինչ-որ հարցերի դեպքում, իրենք են մեզ հետ կապվում»։

 Մեկնարկել է նաև փոխհատուցման սերտիֆիկատների հանձնման գործընթացը։ Մոտ 150 ընտանիք արդեն ստացել է սերտիֆիկատներ։ 

«Գործընթացն արդեն սկսված է։ Այժմ ճշտվում կամ ուղղվում են որոշակի տվյալներ։ Վերջին շրջանում բնակչությունը շատ է դիմում այդ հարցով։ Պարզապես կուզեի կոչ անել շահառու հանդիսացողներին, որ  պետք է մի քիչ սպասել՝ հաշվի առնելով, որ այդ ամենը որոշակի մշակման փուլ է անցնում, ու բոլորինը միանգամից չի լինում»։

 Գյուղական վայրերում հաստատված բնակիչները սկսել են զբաղվել գյուղատնտեսությամբ։ Բնակիչների մնացած մասը, Նարեկ Ալեքսանյանի խոսքով, հիմնականում զբաղվածություն չունի։ Սկզբնական շրջանում խնդիրներ էին առաջանում նաև վարձավճարների փոխհատուցման ու, ընդհանրապես, հարմար վարձով բնակարաններ գտնելու ժամանակ։ Խնդիրները հիմնականում լուծում են ստացել՝ ասում է քաղաքապետը։ Բերձորից տեղահանված բնակիչները աջակցություններ են ստանում թե՛ Արցախի, և թե՛ Հայաստանի կառավարությունների կողմից սահմանված ծրագրերով։ 

«Այն աջակցություններից, որոնք սահմանվել են դեկտեմբերի 1-ից տեղահանված բնակչության համար։ Վերջին աջակցությունը, որ ստացել են, Արցախի կառավարության կողմից սահմանված 40 հազարականներն են՝ որպես վարձավճարի հատուցում։ Բոլորն էլ օգտվել են այդ աջակցությունից»։ 

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տեղահանվածներն օգտվում են աջակցության այն նույն ծրագրերից, ինչ մնացած օկուպացված տարածքներից տեղահանվածները՝ ասում է ՏԵԿ նախարարության խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը։ Միակ բացառությունն այն է, որ 300 հազարականների փոխարեն նրանք ստացել են 250 հազար դրամ աջակցություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատերազմի պատճառով չեն տեղահանվել։    

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ