Նոյեմբերի 22, 2024

«Վերաինտեգրում կրթության միջոցով» ծրագիրը արցախցի դիմորդներ ունի

By Անի Աբաղյան Նոյեմբերի 03, 2022

«Ես մտածում եմ, որ մասնագիտության ընտրության հիմքը պետք է լինի ոչ թե, ինչպես մեր սիրելի հայրենակիցներն են ասում, «Էս գործի մեջ փող կա»-ն, այլ ուղղակի սերը տվյալ ոլորտի նկատմամբ»:  

 17 ամյա Մելս Ավետիսյանն է՝ «Վերաինտեգրում կրթության միջոցով»  ծրագրի կրտսեր մասնակիցը: ՏՏ ոլորտի հանդեպ սերն է, որ իր անուն, ազգանունը շահառուների ցանկում ընդգրկել է տվել:

 «Դասընթացի մասին իմացել եմ «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամի «Facebook»-յան էջից, որին ակտիվորեն հետևում եմ պատերազմից հետո: Որպես ամենապատանի մասնակից դեռ դժվարության չեմ հանդիպել: Ինձ համար այս ոլորտի ուսումնասիրության նպատակը առաջին հերթին անձնական հետաքրքրասիրության բավարարումն է, դրանով հետաքրքրվում էի մինչև այս դասընթացի սկսելը»:  

Մասնակիցները սովորում են ծրագրավորման հմտություններ ֆրանսիական մեթոդով՝ «Ջենեսիս Արմենիա»-ի «Սփյուռք» ոլորտի ղեկավար, ծրագրի պատասխանատու Աննա Հեսս Սարգսյանն է մանրամասնում:  

«6-ամսյա ծրագիր է: Ամեն օր՝ 7 ժամ, մասնակիցները ծրագրավորում են սովորում, որի հետ մեկտեղ սովորում են անգլերեն: Առաջարկում ենք նաև հաղորդակցման հմտությունների դասընթացներ, որպեսզի բացի մասնագիտական գիտելիքներից նրանք ունենան նաև, այսպես ասած, «փափուկ» հմտություններ, որոնք իրենց կօգնեն մտնել աշխատանքային շուկա, հարցազրույց տալ, իրենց ներկայացնել, ինքնակենսագրություն (CV) գրել»: 

Սարգսյանի խոսքով՝ պլանավորվում է աշխատանքի տոնավաճառ կազմակերպել ու մասնակիցներին, գործատուներին մեկ վայրում հավաքելով՝ միմյանց հետ ծանոթանալու հնարավորություն տալ:  

«Այսինքն՝ տղաները տեսնեն, թե ինչ ընկերություններ կան Հայաստանում այս ոլորտում հմտացած, կարողանան փորձուսուցում անցնեն, իրենք իրենց ներկայացնեն, որ հետագայում միգուցե այդ նույն ընկերություններում աշխատանքի անցնեն: Միաժամանակ ընկերություններն էլ կտեսնեն՝ ի՞նչ մասնագետներ ենք պատրաստում: Այս փոխանակումը պետք է կազմակերպենք դասընթացի ընթացքում՝ վերջին 2 ամսում: Նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են»:  

«Վերաինտեգրում կրթության միջոցով» ծրագիրը իրականացնում են «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամը և ֆրանսահայ «Խելք» դպրոցը՝ «Ջենեսիս Արմենիա»-ի և «Ֆրանսիայի հայկական հիմնադրամ»-ի համաֆինանսավորմամբ, ինչպես նաև մի շարք անհատների նյութական օգնությամբ։ Շուրջ 9 տասնյակ դիմորդներից ընտրվել են 22-ը: Ծրագրի պատասխանատուի խոսքով՝ այսօր միայն 15-ն է ակտիվ մասնակցում: Նրանք Հայաստանի տարբեր մարզերից ու Արցախից են: Արցախցի մյուս մասնակիցը՝ Սևակ Մովսիսյանը, դասընթացի մասին նույնպես համացանցից է տեղեկացել:  

«Սովորում եմ «HTML», «CSS», «JavaScript»: Դասընթացները ընթանում են նորմալ, որի ընթացքում ծանոթացել եմ շատ լավ մարդկանց հետ: Հուսով եմ՝ կհասնենք մեր նպատակներին»:  

Դասընթացներն առցանց են կազմակերպվում: Կապի առաջացրած խնդիրները երբեմն խանգարում են՝ նշում են արցախցի մասնակիցները, փոխարենը որպես օգտակար ձեռքբերում առանձնացնում են ստացած գիտելիքները, դասընթացավարներին ու նոր ընկերներին: Չորս ամսից՝ դասընթացի վերջում, համապատասխան քննությունները հանձնելուց հետո որակավորված 15 մասնագետ մուտք կգործեն ՏՏ աշխատաշուկա՝ նշում է Աննա Հեսս Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ ծրագրից ստացած գիտելիքները կօգնեն թե՛ շահառուներին, թե՛ պետությանը:

Artsakh Public Radio
Last modified on Շաբաթ, 05 Նոյեմբերի 2022 07:56
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ