Նոյեմբերի 25, 2024

«Անվճար ավտոբուսներ» ծրագրի հասցեականությունը բարձրացնելու մեխանիզմներ են մշակվելու

By Սրբուհի Վանյան Նոյեմբերի 04, 2022

Ամիսներ շարունակ անվճար  ուղևորափոխադրումներ կատարվում էին միայն մեկ ուղղությամբ՝ Երևանից Ստեփանակերտ․ տրամադրվում էր այնքան տրանսպորտ, ինչքան պահանջարկ կար. առաջին ամիսներին օրական 6-10 ավտոբուս էր ուղևորվում Ստեփանակերտ: Հետո, քանի որ Ստեփանակերտից ավտոբուսները դատարկ էին վերադառնում, հայտարարվեց նաև Ստեփանակերտից Երևան մեկնել ցանկացողներին այդ անվճար երթևեկությունից օգտվելու հնարավորության մասին։ Ելնելով սպասարկման ընթացքում առաջացող խնդիրներից, լիազոր մարմնի կողմից որոշում կայացվեց սահմանափակումներ մտցնել ծրագրի մեջ։ Ծրագիրը սպասարկում է միայն որոշակի սոցիալական  կարգավիճակ ունեցող անձանց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի բաժնի պետ Հարութ Ալեքսանյանը պարզաբանում է, թե ովքեր։

«Ս․թ․ հուլիսի 7-ից ուղևորափոխադրումները կազմակերպվում են պատերազմում զոհվածների ընտանիքի անդամների համար, տեղահանվածների, հաշմանդամություն ունեցողների, և պետության կողմից ուղևորագրով վիրահատության մեկնողների համար; գրանցումն իրականցվում է հեռախոսակապի միջոցով»։

Դրանով բոլոր խնդիրները չլուծվեցին․ ոչ շահառու անձինք ևս հաճախ փորձում են օգտվել ծրագրից․ լինում են բողոքներ, վիճաբանություն, տհաճ խոսակցություններ՝ համակարգողների ու պոտենցիալ ուղևորների միջև։ Լիազոր մարմինը ստիպված է ավելի խիստ վերահսկողություն իրականացնել․

«Տեղահանվծների իսկությունը ստուգում ենք նախարարությունում առկա տեղահանվածների ցուցակներով, հաշմանդամությունը, ուղեգրի ստուգումը փաստաթղթի հիման վրա, իսկ պատերազմում զոհվածների հարազատներից որևէ ապացույց չենք պահանջում։ Դժգոհությունները քաղաքացիների կողմից լինում են այն մասին, որ ոչ շահառուներն էլ են օգտվում։ Բայց պետք է ասեմ, որ միայն ազատ նստատեղի առկայության դեպքում ենք թույլատրում ոչ շահառու անձանց սպասարկումը»։

«Եվ հիմա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչն ամեն օր այստեղ է՝ ստուգելու գրանցվածների ու մեկնողների համապատասխանությունը ծրագրի պայմաններին։ Ուղևորներից քչերը ցանկացան ձայնագրվել․ մեծ մասը զոհվածների հարազատներ էին, Եռաբլուրը տան ճանապարհ է դարձել՝ ասում են․ ամիսը մեկ-երկու անգամ օգտվում են այդ ավտոբուսներից։ Գոհ են ծրագրից, վարորդներից։ Իհարկե, լինում են թյուրիմացություններ, բայց տեղում հարթվում են, ասում է ուղևորներից մեկը։ Ծրագիրը գործում է 2 տարի, բայց բոլորն են հասկանում, որ այն ժամանակավոր է։ Հարութ Ալեքսանյանն ասում է, որ ընթացքում է պետք լրացուցիչ մեխանիզմներ  ստեղծել, որպեսզի խնդիրներ չառաջանան և  օժանդակությունը լինի ավելի հասցեական։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ