«Ուսումնական առաքելություն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է երկու տարի առաջ սփյուռքահայ և հայաստանաբնակ հայրենասերների կողմից։ Կազմակերպությունը պատերազմներ անցած տղաների և նրանց հարազատների համար ծրագրավորման և անգլերենի անվճար դասընթացներ է կազմակերպում։ Ծրագրին մասնակից դառնալու համար անհրաժեշտ է անցնել առցանց հայտագրում, դասընթացներն էլ են կազմակերպվում նույն ձևաչափով։ Սակայն կազմակերպության ներկայացուցիչները այս անգամ որոշել են գալ ու տեղում ծանոթանալ շահառուների հետ: ՀԿ տնօրեն Զարուհի Շահինյանն առաջին անգամն է Արցախում․ խորհրդանշական այց է՝ ասում է
«Այս ծրագիրը փայլուն հնարավորություն էր Արցախ գալու: Քանի որ մեր ծրագրին անցյալ անգամ Արցախից միացել է միայն 2 շահառու ,մենք որոշեցինք այս անգամ գալ , հավաքել բոլոր հնարավոր շահառուներին, հանդիպել նրանց հետ, ներկայացնել մեր կազմակերպության ծրագրերը, որպեսզի նրանք ավելի տեղեկացված լինեն: Նրանց համար, որոնք ուզում են անգլերեն և ծրագրավորում սովորել՝ սա լավ հնարավորություն է»:
Դասընթացների տևողությունը 8 ամիս է: Նոր հավաքագրված խմբի հետ աշխատելու է սպա, ծրագրի նախկին շրջանավարտ, մասնագիտությամբ իրավաբան Արեգ Փիլիպոսյանը: Կարևորը ցանկությունն ու շահագրգռվածությունն է՝ ասում է:
«Մենք սկսում ենք ծրագրավորման հիմքերից, որպեսզի հետագայում, եթե մեր ուսանողները որոշեն փոխել ծրագրավորման լեզուն իրենց համար հեշտ լինի: Անգլերենի ուսուցումը կարևորվում է նրանով,որ ծրագրավորման լեզուն մեծամասամբ բաղկացած է անգլերեն հապավումներից: Ուսանողներն առնվազն 3 անգամ քննություն են հանձնում: Առաջին՝ հեշտ փուլն անցնելուց հետո պարտադիր քննություն են հանձնում, որից հետո իրենք են որոշում ՝ ուզու՞մ են շարունակել ուսումը, թե՞ ՝ ոչ: Պատահում է այնպես, որ ուսանողների մի մասը կիսատ է թողնում ուսումը»:
«Ուսումնական Առաքելություն» հասարակական կազմակերպության տնօրենի խոսքով՝ ծրագրի շնորհիվ շուրջ 30 շրջանավարտ արդեն աշխատում է Հայաստանի լավագույն կազմակերպություններում։ Սևակ Մովսիսյանը մեկն է այն երիտասարդներից, որ ծրագրի մեկնարկի հենց սկզբից հայտագրվել և մասնակցել է կազմակերպված դասընթացներին: Հանդիպմանը եկել է՝ տեսնելու կազմակերպության ներկայացուցիչներին և իր օրինակով ոգևորելու ծրագրի նոր անդամներին: Մասնագիտությամբ ծրագրավորող է Սևակը, ասում է՝ հանագամանքների բերումով մինչև 44-օրյա պատերազմը չի աշխատել մասնագիտությամբ: ԱԹՍ-ի հարվածից բեկորային տարբեր վիրավորումներ է ստացել, հրաշքով ողջ մնացել ՝ պատմում է: «Ուսումնական Առաքելություն» կազմակերպության շնորհիվ կրկին զբաղվում է ծրագրավորմամբ:
«Առաջին հերթին ծանոթացա շատ լավ մարդկանց հետ: Հետո արդեն մասնագիտական լուրջ ձեռքբերումներ ունեցա: Այս պահին էլ սովորում եմ ծրագրավորող, բայց ավելի շատ կենտրոնանում եմ անգլերենի վրա»:
Սևակն այս պահին փորձուսուցում է անցնում հայաստանյան ընկերություններից մեկում՝ հեռավար աշխատելու համար: Հորդորում է չվախենալ դժվարություններից և փորձել ուժերը ծրագրավորման հետաքրքիր ոլորտում:
«Հնարավոր է սովորելու ընթացքում դժվարություններ լինեն, պետք չէ հիասթափվել, պետք է կարողանալ հաղթահարել այդ դժվարությունը: Եթե սովորելու ցանկությունդ մեծ է՝ կհասնես նպատակիդ: Կարևոր չէ՝ գիտելիքների ինչ բազա ունես, կարևորը մեծ ցանկությունն է: Այստեղ մեզ հետ աշխատում է ուժեղ թիմ, լավագույն մասնագետները»:
Դասընթացների ավարտին ուսանողները ստանում են համապատասխան հավաստագրեր: Ներկայիս խմբին միանալու համար հայտ են ներկայացրել շուրջ 40 շահառու: Հայտագրվելու համար տարիքային սահմանափակումներ չկան: